Մեր պայքարը վճռական է, աննահանջ է
25 Դեկտեմբեր 2020
Խոսքը վերաբերում էր ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթին, որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ քաղաքական ելույթները, սա հայրենիքի փրկության պայքար է, և նման ձևերով մեզ որևէ մեկը ո՛չ կարող է լռեցնել, ո՛չ պայքարից հետ պահել: Այս մասին ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժմանամակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ Նիկոլ Փաշինյանը մինչև Ամանոր հրաժարական կներկայացնի, նա նշեց, որ դեռ Ամանորը չի եկել: «Մեր պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով, բոլոր այն տեսակետները, կարծիքները՝ պայքարը կարող է մարել, նահանջել, ճիշտ չեն, վստահեցնում եմ՝ նման բան տեղի ունենալ չի կարող, քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարը գնալով թեժանալու է, որովհետև հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքի իշխանությունը: Րոպե առաջ պետք է հեռացնենք, որ կարողանանք կառուցել նորմալ երկիր»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը հասցեագրված այն մեղադրանքներին, որ պետք է ավելի վճռական գործողությունների դիմեն, Սաղաթելյանն ասաց, որ երեկվա իրենց նախաձեռնությունը՝ շրջափակել կառավարության շենքը, վճռական գործողություն էր: «Իմ գնահատմամբ՝ շատ վճռական գործողություն էր: Նիստը անցկացվեց, բայց շուրջ 4 ժամ կառավարությունը գտնվեց շրջափակման մեջ: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր վճռական գործողությունների կոչ են անում մեզ, նման գործողությունների ժամանակ լինել շատ ակտիվ և մասնակցություն ունենալ»,- ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ իրենց պայքարի վճռականության վրա ոչ ոք չպետք է կասկածի, իրենք ամեն ինչ անելու են պայքարի, հաղթանակի համար:
Հարցին՝ երկարատև պայքարի ռեսուրս կա՞, քանի որ նա էր հայտարարել, որ երկու ամիս հետո չի լինի մեկը, որը կցանկանա ստանձնել վարչապետի պաշտոնը, Սաղաթելյանը պատասխանեց. «Ես շարունակում եմ պնդել, որ այդ դավաճանի իշխանության ամեն մեկ րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրից, հայրենիքից: Շատ հստակ մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել՝ ազգային աղետին հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը, և առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու: Մենք ամեն ինչ ու ամեն օր անելու ենք, որ այս մարդը հեռանա, մեր պայքարը վճռական է, աննահանջ է, ամեն ինչ անելու ենք, որ մինչև նոր տարի լինի դա, ու 2021-ը լինի առանց Նիկոլի, եթե հանկարծ նոր տարի մտնենք Նիկոլով, այդ օրից սկսած՝ նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքարը, որևէ բան չի փոխվելու»:
Խոսելով շարժման առաջիկա քայլերի մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ հենց այսօր տեղի են ունենալու անհնազանդություն բողոքի ակցիաներ, ամեն օր շարունակվելու են այդ ակցիաները: «Հանրապետության հրապարակում մեր վրաններն ավելի են ամրացվելու, այնտեղ է տեղափոխվելու նաև մեր կենտրոնական շտաբը, ըստ էության, Հանրապետության հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը: Այս մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի նշանակմանը, Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց. «Ինչը վերաբերում է այդ տղուն, որն այս ժամանակահատվածում պարբերաբար ինչ-որ պաշտոններ է ստանձնում, նախ պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ի՞նչ անելու կամ չանելու համար է ազատվել, որից հետո նոր հասկանանք ինչու են հիմա իրեն գործուղել Քննչական։ Այսինքն՝ այդ տղան ընդամենը մի գործիք է, որին ժամանակին ուղարկել էին ՊՎԾ՝ մարդկանց գլխին բան սարքելու, հետո ուղարկեցին ԱԱԾ՝ ինչ-որ բան սարքելու, հիմա էլ ուղարկել են Քննչական։ Պատերազմի ծանր օրերին ԱԱԾ տնօրենն ազատվում է աշխատանքից, 2 ամիս հետո նշանակվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մի բացատրություն կա, այս մարդն ուզում է սրբություն չունեցող մարդկանցով շրջապատել իրեն, ուժեղացնի իրավապահ համակարգը, ուժայինները, որ երկրում ռեպրեսիաների միջոցով հաստատի դիկտատուրա,բայց չի հասկանում, որ իր ժամանակը ավարտվել է: Ինքը սպառված, ոչնչացված, այս երկիրը ծախած, դավաճանած մարդ է, ու բոլոր նրանք, ովքեր այս օրերին պաշտպանում են իրեն, կանգնում են իր կողքին, հավասար կիսում են ամբողջական պատասխանատվությունը: Այսինքն՝ իրենք արդարացնում են Արցախի հանձնումը, իրենք արդարացնում են մեր պետականության կործանման այս ընթացքը և ամբողջական Նիկոլի հետ պատասխանատվություն են կրելու: Պետք է հասկանան, գիտակցեն, րոպե առաջ հրաժարվեն այս դավաճանի կողքին լինելուց և իրեն աջակցելուց, որովհետև ինքն այդ ճանապարհով է գնում ու փորձում է երկիրը նաև տանել այդ ճանապարհով»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/2A5qvEX-if8
