
Երվանդ Թամարյան - Եղիշե Թոփչյան

Կարինից Կովկաս գաղթած ընտանիքի զավակ: Համալսարանաավարտ գործիչ, հրապարակագիր, բանախոս:
Երիտասարդ տարիքում ուսուցիչ եւ կուսակցական գործիչ՝ Շիրակի շրջանում: 1898-ից սկսած հաճախել է Սանկտ․ Պետերբուրգի ապա Բեռլինի համալսարանները, ոտեղ սովորում է ընկերային գիտություն (սոցիոլոգիա):
Թիֆլիսում խմբագրում է «Յառաջ» թերթը:
Մասնակցում է Վիեննայի 4-րդ Ընդհանուր Ժողովին:
Ցարական հալածանքների օրերին Կովկասից անցնում է Կարին, որտեղ հիմնում է Կարնո «Յառաջ» թերթը:
Բաբերդի մոտ սպանվում է խմբապետ Միհրանի եղբոր՝ Հաբեթի կողմից: Թոփճյանը 37 տարեկան էր:
Սարգիս Ծովանյան - Սև Քարեցի Սաքո

Ծնվել է Ղազախի (Իջևան) ՍևՔար գյուղում: Եղել է ֆիդայի, խմբապետ:
Զինատար խմբերի հետ անցել է Վան: Զբաղվել է զենքի փոխադրությամբ, Արաքս գետի ռուսական ափից, դեպի պարսկական ափ: Մասնակցել է Դերիքի վանքի կռիվներին, ինչպես նաև Խանասորի արշավանքին՝ որպես ձիավոր գնդի առաջնորդ:
Եղել է Կարսի Հ.Յ.Դ. զինվորական խորհրդի անդամ. անցել է Տարոն, որտեղ ձերբակալվել եւ բանտարկվել է Մուշում, հետո Կարինում:
Հայ-թաթարական կռիվներին ղեկավարել է Ղազախի եւ Շամշադինի ինքնապաշտպանությունը:
Մահացել է ժանտատենդից, Երևանում, 38 տարեկան հասակում:
Սեյդո Պողոս

Ծնվել է Մշոյ Ալվառինջ գյուղում: Ֆիդայի, խմբապետ:
Պատանի տարիքից չախմախլի հրացան է ձեռք բերում ու ահաբեկում է քուրդ ավազակներին, դառնում է փախստական, միանում է ֆիդայիններին: Մասնակցում է Սասնո բազմաթիվ կռիվներուն. Գևորգ Չաուշի եւ Անդրանիկի հետ անցնում է Ախթամար կղզին:
Հայ-թաթարական կռիվներին, Սեյտոնն իր խմբով ստոյգ ջարդից փրկում է Հին Նախիջեւանի Խանխլար շրջանը, ժողովուրդի պաշտամունքի առարկա դառնալով: Ռուբենի պահանջով Սեյտոն վերադառնում է Մուշ: մասնակցում է Սուլուխի կռվին:
Սոյտոն եւ ֆիդայի Ջնդոն ընկերանում են Գանձակեցի Զավենի հետ, հանդիպում ունենալու «բարեկամ» քուրդ Ղասմ Բեկի հետ՝ Արտոնք գյուղում՝ խրճիթի մէջ: Քնած ժամանակ երեքն էլ դավադրաբար սպանվում են։
Սեյդոն մոտ 33 տարեկան էր:
Սպաղանաց Մակար

Սասնո ամենահին ֆիդայիններից։ Սպաղանքի իշխանների տոհմից։
Մասնակցել է Սասնո բոլոր կռիվներին ու գործել է Արաբոյի, հնչակյան Մուրադ Բոյաջյանի, Աղբյուր Սերոբի, Գուրգենի, Գևորգ Չաուշի, Անդրնաիկի, Հրայրի եւ Ռուբենի հետ:
Մակարը սպանվում է Փեթարի կռվի ժամանակ, երբ Շենիկի Մանուկին եւ Փեթարի Պետիկին հետ օգնության էին գնում Գևորգ Չաուշի այրին՝ Եղսոյին եւ 1 տարեկան զավակին՝ Վարդգեսին ազատելու ու ապահով տեղ փոխադրելու համար:
Գևորգ Ադամյան - Գևորգ Չաուշ

Ծնվել է Սասունի Բսանաց գավառի Մկթինք գյուղում: Հաճախել է Մշո Առաքելոց վանքի դպրոցը, ծանոթացել է Արաբոյի հետ:
Ֆիդայի, ահաբեկիչ ապա զինվորական ղեկավար Տարոն-Սասունի: Վարել է մոտ 40 կռիվ:
ՀՅԴ 4-րդ Ընդհանուր Ժողովի նախօրյակին, Սուլուխում պաշարվում է թուրք զորքերի կողմից ու զոհվում է անհավասար մարտի ընթացքում՝ 37 տարեկանում:
Գալե

Ծնվել է Տալվորիկի Սպաղանք գյուղում, որտեղ կար ընդամենը 24 տուն։ Գևորգ Չաուշի եւ Մակարի աջակից ու անբաժան զինակիցն է եղել 25 տարի շարունակ։ Մանուկ հասակից սովորում է դաշույն կապել եւ հրացան գործածել:
1893-ին մասնակցել է Սասնո ապստամբության կռիվներին, ապա երկրորդ ապստամբությանը՝ իբրեւ Գևորգ Չաուշի գլխավոր զինակից: Սասունը ճնշելուց հետո՝ Գալեն մերժում է հեռանալ Տարոնից եւ Մակարի հետ ապաստանում է լեռներում ու ինքն իրեն ժայռին է շղթայում՝ օրինակ դառնալու համար ժողովրդին:
Սուլուխի կռվում վիրավորվում է քունքից ու մահանում է։ Ֆիդայինները թաղում են Քուրդմետյան գյուղի մոտ։
Մարտիրոս Մարգարյան - Սաֆո

Գործիչ: 1885-ին անցնում է Տարոն, որտեղ ծանոթանում է Արաբոյի հետ եւ Երկրի վիճակի մասին տեղեկություններ էր բերում Թիֆլիս: Ապա նույն նպատակով Հովսեփ Արղությանի հետ «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության կողմից անցնում է Արեւմտահայաստան:
Քրիստափորի մահից հետո զայն փոխարինում է Սուլթան Համիդին մահափորձի ենթարկելու գործում, որի ձախողությունը վերագրվում է իր գործած սխալներին ու 1907-ին հեռացվում է Դաշնակցությունից։ 1919-ի Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր Ժողովին վերընդունվում է շարքերը, սակայն մերժում է։
Մահանում է Ռումինիայում։
Քրիստափոր Միքայելյան - Էլլէն, Թոփալ, Էդուարդ

Ծնվել է Գողթնի Վերին Ագուլիս գյուղում: Ավարտել է Թիֆլիսի Ուսուցչական ճեմարանը, հաճախել է Մոսկվայի համալսարանը, որտեղ ծանոթացել է Սիմոն Զավարյանին: Վերադառնալով Թիֆլիս, պարապել է բանվորական խմբակների զինամարզությամբ, գրաճանաչմամբ և հեղափոխականացմամբ:
Հիմնել է «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը, անջատ հայ խմբակները միացնելու նպատակով:
Դարձել է Հ.Յ. Դաշնակցության հիմնադիրներից և եղել է Բյուրոյի անդամ մինչեւ իր եղերական մահը: Աքսորվել է Բեսարաբիա, Ռումինիայի Կալաց քաղաքում հրապարակել է «Դրօշակ» թերթի 3-րդ համարը, ապա դարձել է «Դրօշակ»-ի երկարամյա խմբագիրը: Գլխավորել է «Փոթորիկ»-ի ձեռնարկը (բռնի դրամահավաք):
Քրիստափոր հղացել է Սուլթան Համիդին մահափորձի ենթարկելու գաղափարը:
Զոհվել է ռումբի փորձերի ժամանակ, Վիդոշ լերան վրա, Բուլղարիայում՝ 46 տարեկանում:
-«Քրիստափոր Միքայէլեան. Հայու յեղափոխական ԿԱՄՔի անսպառ ներուժին ոգեշնչող աղբիւրը»-Ն.
-«Քրիստափոր Միքայէլեան. Հայկական Յեղափոխութեան առաքելատիպ առաջնորդը»-Ն.
Արմենակ Լևոնյան - Աշոտ Երկաթ

Ծնվել է Բաղեշի Ծղակ գյուղում: Ավարտել է Բաղեշի ամերիկյան վարժարանը, եւ ուսուցչական պաշտոն վարել Սասունի մեջ:
Մեկնել է Ամերիկա, որտեղ սովորել եւ աշխատել է. այդտեղ միացել է Հ.Յ.Դ. շարքերին ու աշխատակցել է «Հայրենիք» թերթին:
Վերադարձել է Կովկաս. Ատրպատականով գնացել է Վան, Ախլաթ, ապա Սասուն, որտեղ գործակցել է Վահանի ու Հրայրի հետ: Որպես Սասունի Պատասխանատու Մարմինի ներկայացուցիչ, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է Հ.Յ.Դ. Գ. (3-րդ) Ընդհանուր Ժողովին, ապա շտապել է վերադառնալ Սասուն:
Իգդիրից ճանապարհվել է Սասուն, Քղեցի Պողոսի (Թոխմախ) ու 35 ֆեդայիների հետ, իրենց հետ վերցրած զինամթերքով ու փողով։ Արճեշի մոտ, մինչ ցերեկով թաքնված են եղել քարայրում, քուրդերի կողմից ենթարկվել են հարձակման, ու խմբի մեծ մասի հետ սպանվել է նաև Երկաթը՝ 34 տարեկան հասակում:
-«Դաշնակցական ֆետային եւ գաղափարի մարտիկը, որ Խոջալլու ձորակի կռուին զոհուեցաւ»-Ն.
Կարապետ Տողրամաճյան - Վահան Մանուելյան

Ծնվել է Մեծ Նորգյուղում՝ Իզմիրի մոտ: Պոսում Ա. Վռամյանի եւ Բաբկեն Սյունիի գործակիցն էր:
1896-ից սկսած ուսուցիչ էր Բուլղարիայում (Վառնա, Ֆիլիպե), միաժամանակ զբաղվում էր կուսակցական գործերով, թղթակցում էր «Շարժում» թերթին:
Ռոստոմի թելադրանքով անցնում է Կովկաս:
Հ.Յ.Դ. լիազորի պաշտոնով Ատրպատականով անցնում է Վան՝ Վարդգեսի մոտ, ապա՝ Սասուն: Ղեկավարում է Սասնո Բ. Ապստամբությունը․ կռիվներից հետո, վատ քայլելու պատճառով չի կարողանում գիշերով ընկերանալ ֆիդայիններին, ու երբ Տալվորիկի ձորում իր թաքնված քարայրից դուրս է գալիս ցերեկով մոտակա լեռը բարձրանալու, թուրք զինվորները նկատում են ու գնդակահարում․ իր հետ սպանվում է Դիրարբեքիրցի Հաճին: Վահանը մոտ 34 տարեկան էր։