Բարեփոխումները պետք է լինեն Սահմանադրության եւ գործող օրենքների շրջանակներում
25 Հուլիս 2019 Քաղաքական 7 ուժեր՝ «Ազատություն» կուսակցությունը, «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հ. Յ. Դաշնակցությունը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որի մեջ նշվում է, թե ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության և կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում առկա և տարիների ընթացքում կուտակված խնդիրներն ու արատավոր երևույթները, ըստ էության, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության յուրացմանը։
Թերևս, բոլորիս հայտնի է, որ դատական իշխանությունը յուրացվել է վերջին 25 տարիների ընթացքում նախորդ իշխանությունների կողմից, իսկ ժամանակին այդ իշխանության մաս է կազմել նաև ՀՅԴ-ն։ Այն ժամանակ ինչո՞ւ ՀՅԴ-ն անհանգստություն չէր հայտնում և հայտարարություններով հանդես չէր գալիս «Առաջին լրատվական»-ի հարցին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Բացարձակապես դա այդպես չի։ Այո, անցած 20 տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ մենք եղել ենք կոալիցիայի անդամ, բայց մենք չենք ունեցել ամբողջական պատասխանատվություն և հավասարապես չենք կիսել պատասխանատվությունը, և չէինք կարող ամբողջական ազդեցություն ունենալ երկրի զարգացման փիլիսոփայության, կառավարման որակների և այլնի վրա։
Սա չի նշանակում, որ ես ամբողջությամբ պատասխանատվության դաշտից դուրս եմ գալիս։ Ոչ, մենք այն քաղաքական ուժն ենք, որն ունի քաղաքական քաջություն՝ ոչ միայն տեսնել այդ սխալները, այլ նաև բարձրաձայնել։ Կոալիցիայի մաս կազմելով՝ մենք միշտ առանձնացրել ենք իշխանության ճյուղերի միջև տարանջատման և փոխադարձ վերահսկելիության ոսկե կանոնը»։
«Այն, որ դատական համակարգը խոր վերափոխման անհրաժեշտություն ուներ, դեռ այն ժամանակ էր հասկացվում և գիտակցվում։ Այնուամենայնիվ, նախորդ իշխանությունների օրոք, եվրոպական ընտանիքի աջակցությամբ, դատական բարեփոխումների որոշակի ընթացք Հայաստանում կատարվել է։ Ասել, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանում դատական համակարգն առաջընթաց չի ապրել, դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։
Հեղինակ՝ Էլեն Հոխիկյան
Մանրամասները՝ տեսանյութում։