Ապագայի աշխատանքները նախագծման փուլում են
12 Հոկտեմբեր 2019 Հոկտեմբերի 12-ին գումարված «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում ամփոփել է համաժողովի արդյունքները.
«Համաժողովը կառուցվածքով եւ արդյունքով յուրահատուկ էր եւ բացառիկ: Մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք Արցախի Արտաքին գործերի նախարարությանը եւ ՀՅ Դաշնակցության կառույցներին, որոնք նախաձեռնեցին եւ իրագործեցին այդ հսկայական աշխատանքը: Համաժողովն Արցախ այցելելու առիթ է ստեղծել 150 պատվիրակ-բարեկամների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին զորակցություն հայտնելու նպատակով: Պատվիրակներից յուրաքանչյուրն իր երկրում ազդեցիկ եւ լուրջ ներկայացուցիչ է: Հենց դրանում է կայանում համաժողովի բացառիկ երեւույթը»,- ասել է Մարիո Նալբանդյանը:
Անդրադառնալով Արցախի բարեկամների համաժողովի արդյունքներին՝ Մարիո Նալբանդյանը նշել է, որ ապագայի աշխատանքները նախագծման փուլում են:
«Մեկնելով մեր երկրներ՝ շարունակելու ենք աշխատանքներ ծավալել համաժողովի աշխատանքներին նոր թափ տալու ուղղությամբ: Համաժողովի արդյունքները Արցախի հարցը մեկ անգամ եւս միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնելու առիթ են»,- ասել է Նալբանդյանը: