Գաղափարազրկության «կրթական» արշավը
06 Նոյեմբեր 2019 Հայկական ԲՈՒՀ-երում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր դասավանդումը չի կարող հակացուցվել բարձրակարգ մասնագետների պատրաստմանը. դա չի կարող ավելորդ ծանրաբեռնվածություն լինել հայ մաթեմատիկոսի, ֆիզիկոսի, քիմիկոսի և որևէ այլ մասնագետի համար, որոնց խնդիրը հայության և Հայաստանի զարգացումն է: Բարձրակարգ մասնագետներ պատրաստելու խոչընդոտները բոլորովին այլ են. իսկ ազգային արժեհամակարգի ներառումն այդ մասնագետիների և, ընդհանրապես, հայ մարդու կերտման գործում ոչ թե կարևոր, այլ պարտադիր է: Իհարկէ, անհրաժեշտ է հասնել Օքսֆորդի, Քեմբրիջի և Հարվարդի մակարդակին, սակայն արդյո՞ք հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունն են խոչընդոտ, որ ունենք այլ իրավիճակ:Մեր կրթության և գիտության մրցունակությունն ուղղակի կախված են յուրահատուկ լինելուց, իսկ այդ յուրահատկությունը ազգային մշակույթն է՝ բառիս լայն իմաստով: Օքսֆորդը, Քեմբրիջն ու Հարվարդը արևմտյան մշակույթի արդյունք են, որը նոր հիմքերի վրա դրեցին Դիդրոն, Մոնտեսքյոն, Վոլտերն ու մնացյալ Էնցիկլոպեդիստները՝ հիմնվելով անտիկ մշակույթային ժառանգության վրա: Ժամանակակից Եվրոպան արդյունք է նոր մտածողության, որը ծնվեց մշակույթի խորքից և ոչ թե անմշակույթ նյութից:

Հարց է՝ մեզ պետք են բարձրակարգ մասնագետնե՞ր, թե՞ բարձրակարգ հայ մասնագետներ: Մենք խնդիր ունենք հայկականությա՞մբ նպաստել համաշխարհային առաջընթացին, թե՞ անմշակույթ կոսմոպոիլիտիզմով: Մենք ուզում ենք Արագածի փեշերի՞ց դիտել աստղերը, թե՞ Ուրալյան լեռներից կամ Տեխասի տափաստաններից….
Արևմտյան քաղաքակրթության կարևոր բաղադրիչը կայսերականությունն է, հիմնված նաև մշակույթների կլանման վրա: Եվ Օքսֆորդները, Քեմբրիջներն ու Հարվարդները սպասարկում են այդ քաղաքակրթության շահերը: Այս պատերազմում մեր կռիվն այլ է: Մենք նախ խնդիր ունենք Հայստանում հայկականությամբ կերտելու հայ մարդուն՝ գիտնականին, ռազմիկին ու մշակին՝ թույլ չտալով մարդուժի, ուղեղների արտահոսք և ձուլում: Մենք խնդիր ունենք հայկականությամբ կայանալու, մրցելու և ազդելու այլոց վրա՝ այնքանով, որքանով կների մեր ներուժը: Եվ հայոց գիտությունը պետք է շողա այնպես, ինչպես Սարյանի կտավներում Հայաստանն ու նրա գույներն են, և ոչ թե անապատներն ու ուղտերի հետքերը, Տեխասի տափաստաններն ու կովբոյների լայնեզր գլխարկները, Իտալիայի կուրտիզանուհիներն ու Ճապոնիայի սամուրայները: Հայ գիտնականը չպետք է իր գյուտը հղանա աննպատակ ու անհայրենիք տարածքներում: Ունենալով համաշխարհային սփռում՝ մեր ուղեղները առավել քան պարտավոր են աշխատել հայկականությամբ և հայության փառքի համար, այլապես կմարենք ոչ մի երազված տեղ չտանող օտար-ամայի ճամփեքի վրա: Սա է հայկական համալսարանների առաքելության տարբերությունն Օքսֆորդներից: Գիտությունն ունիկալ ու բարձրակարգ է այն կերտողների ինքնությամբ. հայ գիտնականը չի կարող չմտածել և չաղոթել հայերեն: Սա է կրթության և գիտության մրցունակության հայկական բանաձևը: Այս տեսանկյունից էական տարբերություն կա անչափահասների և չափահասների կրթության միջև. դեռևս կրթական համակարգի մեջ գտնվող չափահաս անձանց՝ մեր պոտենցիալ զինվորներին ու մայրերին զրկել ազգային արժեհամակարգից սնվելուց, ուղղակի հարված է մեր ազգային անվտանգությանը, հարված է սահմանին կանգնած մեր զինվորի հայրենասիրական ոգուն և գիտակցությանը:
Օրվա իշխանության կողմից ազգային արժեհամակարգի վրա հարձակումն այլևս մեղադրանք չէ, այլ՝ փաստ, իսկ գաղափարազուրկ և ազգային որևէ հեռանկար չունեցող ուժի պարագայում՝ նաև օրինաչափություն:
Արտակ Սարգսյան