Եթե ներդրումներ չլինեն՝ կառավարությունը պետական բյուջեի եկամտային մասն ապահովելու խնդիր կունենա
28 Նոյեմբեր 2019 Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։Anlitik.am–ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ներկայացրեց Հայաստանի միջազգային պահուստների աճի գաղտնիքը:
Ըստ տնտեսագետի, 2019 թվականին Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենա է ներկրվել և արտահանվել։ Ռեէքսպորտ է տեղի ունեցել, և մաքսազերծման ու հարակից գումարները մնացել են երկրում: Նաև Կենտրոնական բանկն արժևորել է դրամը․ «Կա նաև երրորդ բաղադրիչը՝ կառավարությունում չեն կարողանում այդ գումարները ծախսել։ Կարճ ասած, մենեջմենթի բացակայության արդյունք է նաև, որ Հայաստանի միազգային պահուստներն աճել են: Կառավարությունը պետք է կարողանար ոռոգման, շինարարության ծրագրեր իրականացնել, սակայն չեն կարողացել, պարզ անձեռնահասություն է»:

Պարսյանը նշեց նաև, որ 2018-2019 թվականներին ՀՀ կառավարությունը ձախողել է պետական բյուջետային քաղաքականությունը՝ չկատարելով բազմաթիվ կապիտալ շինարարական ծրագրեր. «Դրա փոխարեն, կառավարությունն այդ գումարները որպես ավանդ ուղղել է Կենտրոնական բանկ, և այդ գումարների մի մասը դարձել է արտարժույթ»:
Տնտեսագետի խոսքերով, պահուստների աճը պետք է դրական համարել, սակայն ոչ այս գնով՝ ի հաշիվ այս գործոնների, քանի որ նույն դրամի արժևորման հետևանքով մեր արտահանողները տուժեցին, կապիտալ շինարարության ձախողման արդյունքում տուժեց մեր տնտեսությունը:
Պարսյանը նաև նկատեց, որ Հայաստանի միջազգային պահուստների ցուցանիշները պետք է դիտարկել ընդհանուր տնտեսության և ֆինանսական ցուցանիշների համատեքստում. «Այս իրավիճակում, երբ մենք ունենք բավականին մեծ խնայված գումարներ՝ 300 մլրդ դրամի չափով, 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար լրացուցիչ 50 մլն եվրո վարկ ենք վերցնում»:
Նա վստահ է, որ կառավարությունն այսպես է վարվում միայն իր գովազդի համար, այսինքն՝ նպատակ ունի տարբեր միջազգային կառույցների, դոնորների կողմից գովեստի արժանանալ, որն էլ հենց ներկա կառավարության հիմնական շարժառիթն է:
Տնտեսագետի համար զարմանալի չէր, որ վարկային պայմանագրերի հաստատումից հետո Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարեց Հայաստանի աննախադեպ տնտեսական աճի մասին և սա այն դեպքում, երբ ՀՀ-ի ցուցանիշները չէին փոխվել մի քանի ամիսների ընթացքում՝ հակառակը ավելացել էր պարտքային բեռը:
«Սա միջզգային հարթակում մեր կառավարության գործունեությանն աջակցող գործընթաց է։ Կառավարությունը փորձում է դրսից աջակցություն ստանալ, որը տնտեսական պետական կառավարման տեսանկյունից կարևոր է, բայց ոչ պարտքի կուտակման գնով»,-ասաց Պարսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է կառավարությունն այդ գումարները պահում ԿԲ-ում, տնտեսագետը նշեց, որ կառավարությունն այդ գումաները պահում է սև օրվա համար. 2020 թվականին բյուջեի ֆինանսական հոսքերը նվազելու են:
Պարսյանը օրինակ բերեց ավտոմեքենաների ռեէքսպորտը, որն այս տարի երկրին ապահովեց 50 մլրդ դրամ, իսկ 2020 թվականին երկիր ավտոմեքենաներից նման հոսքեր չի սպասվում։ Եվ, եթե ներդրումներ չլինեն՝ կառավարությունը պետական բյուջեի եկամտային մասն ապահովելու խնդիր կունենա․ «Պահուստային գումարները ներկա կառավարության անվտանգության երաշխիքն է 2020 թվականի համար»,-ասաց նա: