«Թավշյա» իշխանությունն ու Արցախյան հարցը
29 Նոյեմբեր 2019 Միաձույլ հայկական 42 հազ. քառ կմ տարածքն ու երկու հայկական պետականություններն այն ամրոցն են, որտեղ կերտվում է Հայաստանի ներկան և ապագան, երաշխավարվում 7 միլիոն սփյուռքահայության ինքնության և վերադարձի պայքարը: Հայկական ցանկացած իշխանություն և ուժ չի կարող հավակնել որևէ հաջողության՝ առանց Արցախի հարցի մասին իր դիրքորոշումը հստակեցնելու: Այս առումով գործող իշխանության տրամաբանությունը գրեթե չի տարբերվում նախկին իշխանական մեծամասնության տրամաբանությունից: Ավելին, գործող վարչապետը՝ նախորդ 3 նախագահների փոխզիջումային քաղաքականությունը իջեցրեց նոր որակի՝ հայտարարելով, որ Արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Հաջորդ տարօրինակ հետքայլը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից հրաժարումն էր. Դուշանբեում, «վերելակային զրույցի» ժամանակ, Փաշինյանը, հավանաբար, ժամանակ է հայցել Ալիևից՝ սահմանային լարվածությունը թուլացնելու դիմաց խոստանալով՝ չխոսել Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից: Փաշինյանի այս քայլերը, փաստացի, դուռ են բացում հետագա զիջումների համար, քանզի Ադրբեջանը երկու նպատակ ունի՝ վերադարձնել տարածքներն ու փախստականներին: Ըստ էության, «թավշյա» վարչապետը, իշխանությունը ստանձնելուց հետո, միանգամից 2 հետքայլ կատարեց, արդյունքում ստանալով սահմանային լարվածության թուլացման ժամանակավոր էֆեկտ:
Ադրբեջանի կողմից, ապրիլյան ռազմական ավանտյուրայի արդյունքում, հայկական կողմը դիրքային մեծ առավելություն ստացավ, որը ամրագրվեց միջազգային համաձայնություններով. այն է՝ ներդնել մշտադիտարկման, սահմանային միջադեպերն արձանագրելու համակարգ և մեծացնել միջազգային դիտորդների թվաքանակը: Դա փաստացի նշանակում է՝ առավել ամրացնել եւ արձանագրել գոյություն ունեցող սահմանը, թուլացնել սահմանային լարվածությունը և զսպել Ադրբեջանին: Փաշինյանը այն փոխարինեց Ալիևի՝ հեղհեղուկ և անհամարժեք խոստմամբ:
Հաջորդ սխալն այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը շարունակում է խոսել փոխզիջումներից: Ըստ էության, հայ և ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն որևէ զիջողականության, և կառավարությունները չեն կարող անտեսել իրենց ժողովուրդներին: Ալիևն այս խնդիրը լուծում է՝ որևէ փոխզիջման մասին չխոսելով: Ավելին, նա հավակնություններ է հայտնում Հայաստանի տարածքների, մասնավորապես Սյունիքի նկատմամբ, իսկ սաֆարովները դառնում են ազգային հերոսներ: Հայաստանում իրադրությունը այլ է. ոմանք մեզ մոտ ցանկանում են փամփուշտներից զարդեր կռել, իսկ Արցախյան պատերազմի հերոսները հայտնվում են բանտերում, լավագույն դեպքում՝ «սևերի» ցանկում:
Եթե Սերժ Սարգսյանի համար ընդունելի էին Մադրիդյան սկզբունքներն ու «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը, Փաշինյանի համար դրանք ևս ընդունելի են, սակայն սեփական բառապաշարով. վարչապետը, «մերժելով Սերժին», չի կարող խոսել նույն բառամթերքով, և Արցախի հարցում նոր մեկնակետից սկսելու թեզը փաստացի նշանակում է չխոսել Մադրիդյան սկզբունքներից: Սակայն իրերի բուն էությունը դրանից ամենևին չի փոխվում: Նիկոլ Փաշինյանը, ինչպես Սերժ Սարգսյանը, չի հավատում, որ կարող ենք զարգանալ՝ չզիջելով, որն ամենևին չի նշանակում՝ վերջակետ դնել բանակցություններին:
Այս առումով պետք է կատարել մի շարք հաստատումներ.
1. Արցախի հարցը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն Հայաստանի ու Արցախի զարգացման համար, և ազգային ռեսուրսներն ու զարգացման քաղաքականությունը պետք է կառուցել փաստացի իրողություններից ելնելով:
2. Բանակցային գործընթացը պետք է կառուցել Արցախի ինքնորոշման փաստի, տարածքային ամբողջականության վերականգնման և հայ փախստականների վերադարձը երաշխավորող դրույթների վրա՝ դրանք դիտելով առաջնային:
3. Հայաստանի և Արցախի միջև պետք է կնքել ռազմաքաղաքական դաշինք՝ ջանքերը կենտրոնացնելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վրա:
4. Որևէ հայ, առավել ևս որևէ հայ իշխանավոր չպետք է խոսի որևէ փոխզիջումից, քանի դեռ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը չեն խոսում Արցախի Հանրապետության ճանաչման մասին և Հայաստանն ու Արցախը գտնվում են թուրք-ադրբեջանական շրջափակման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո:
Արցախյան հարցում որևէ զիջողականություն՝ և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում կարող են հանգեցնել իշխանափոխության, և Հայաստանի նախորդ 2 նախագահները, ըստ էության, խնդիր էին դրել առնվազն պահպանել խաղաղությունն ու ստատուս քվոն: Հայաստանի ներկա իշխանություններն այս հարցում դեռ չեն կողմնորոշվել՝ շարունակե՞լ այս քաղաքականությունը, թե՞ պատրաստվել հանգուցալուծման: Բայց նրանք ևս գիտակցում են, որ ազգային անվտանգության և շահերին դեմ ցանկացած քայլ կմերժվի ժողովրդի կողմից և ժողովրդային ալիքը կսրբի-կտանի իրենց՝ թողնելով անփառունակ «թավշյա» հետք: Արցախյան հարցը լակմուսի թուղթ է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար, և հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Փաշինյանը հայ հանրությանը փորձում է հավաստիացնել, որ ինքը հող տվող չէ: Միաժամանակ, նա առաջարկում է՝ լուծման ընդունելի տարբերակ գտնելու պարագայում դնել հանրաքվեի՝ չբացատրելով, թե այն որտե՞ղ պետք է կայանա՝ Հայաստանու՞մ, Արցախու՞մ, թե երկուսում էլ, և ինչպե՞ս պետք է ճշտել Արցախից հեռացած ադրբեջանցիները պետք է արդյոք՞ քվեարկեն եւ նրանց որ հատվածը պետք է քվեարկի իրադարձություններից ավելի քան 25 տարի անց: Բայց արի ու տես՝ միջազգային ամբիոններից հնչող թեզերը բոլորովին այլ են. վարչապետը պատրաստ է գնալ փոխզիջման՝ այդպես էլ Ալիևից չլսելով համանման որևէ սպասված բառ: Իսկ Մեհրիբան Ալիևան երազում է «Ղարաբաղում մուղամ լսել»…Ավելի թույլ դիրքերից շարունակելով՝ նալին և մեխին խփելու նախորդների քաղաքականությունը, Փաշինյանը, այն կոմպենսացնելու համար, հանդես եկավ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջով: Դրանով նա ցանկանում է մեկ գնդակով 3 նապաստակ խփել. նախ՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին հիշեցնում է, որ բանակցային ֆորմատը շեղվել է նախնական ձևաչափից և իրական բանակցություններ չեն կարող ընթանալ՝ առանց բուն շահառուի. երկրորդ, այս թեզով հարված է հասցվում Հայաստանի նախորդ իշխանավորներին, որոնց ժամանակ Արցախը փաստացի հեռացվեց բանակցային սեղանից և երրորդ, Փաշինյանը Արցախում և Արցախյան պատերազմի վետերանների շրջանում յուրային չէ և իր քաղաքականության նկատմամբ վստահությունը փորձում է ապահովել՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու՝ ակնհայտ ճիշտ պահանջով:
Իրականում Արցախյան հարցում առկա է պատային վիճակ.
Ադրբեջանի իշխանությունները չեն կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի կամ կարող է ճանաչվել, որպես անկախ պետություն կամ Հայաստանի մաս: Դա չեն կարող անել, նույնիսկ Արցախը շրջապատող ազատագրված տարածքների մի մասը հետ ստանալու պարագայում, քանզի Ադրբեջանի հանրությունը դա չի ընդունի՝ կատարելով նոր իշխանափոխություն:
Հայաստանի իշխանությունները, նույն պատճառով, չեն կարող ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ կխոսվի ազատագրված տարածքների վերադարձի մասին՝ նույնիսկ Արցախի հնարավոր կամ փաստացի ճանաչման դիմաց:
Միջազգային դերակատար ուժերը շահագռգռված չեն հարցի կարգավորմամբ, քանզի Արցախյան հարցի միջոցով նրանք էական ազդեցություն են ապահովում տարածաշրջանում. հարցի ապասառեցմամբ կարելի է «պայթեցնել» տարածաշրջանը, որը ներկա աշխարհաքաղաքական իրողություններում դեռևս ոչ մեկին ձեռնտու չէ:
Այս պայմաններում մնում է ամրապնդել ուժի չկիրառման դրույթն ու ակտիվացնել հումանիտար շփումները՝ ստեղծելով բանակցությունների իմիտացիա:
Ամեն դեպքերում ակնհայտ է՝ զիջողկան որևէ առարկայական քայլի դեպքում Հայաստանի նոր իշխանությունները ստիպված են լինելու առերեսվել Դաշնակցության «Զարգանալ՝ չզիջելով» պահանջին և համայն հայության հուժկու դիմադրությանը, ինչպես Սերժ Սարգսյանը՝ հայ-թուքական Ցյուրիխյան արձանագրությունների պարագայում:
Արտակ Սարգսյան