Զբոսաշրջիկներին շքեղ տոնածառով չես գրավի, ոլորտային փոփոխություններ են պետք
12 Դեկտեմբեր 2019 Մենք բյուջեն արդյունավետ ծախսելու խնդիր ունենք, իսկ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը գումարներն ծախսում են սխալ ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Երևանում ամանորյա տոնակատարությունների համար շուրջ 700 հազար դոլարի տրամադրմանն ու հայտարարություններին, թե դա ներդրում է:
«Երբ 2019թ.-ի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ԱՄՆ՝ Լոս Անջելես, հայկական համայնքին կոչ արեց Ամանորը դիմավորել Հայաստանում: Կարծում եմ՝ նաև դրանով են պայմանավորված այսքան մեծ ծախսերը: Իշխանությունները ցանկանում են, որ մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ գան Հայաստան, և այս ընթացքում մեծ քանակությամբ զբոսաշրջային փաթեթներ վաճառվեն»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, թե նմանատիպ կոչեր հնչել են նաև այլ հայկական համայնքներում, բայց իրականում պետք էր հաշվի առնել, որ այն մարդկանց երկրներում, որոնք, հնարավոր է, գան Հայաստան, շատ ավելի շքեղ տոնական միջոցառումներ, զարդարանքներ կան, այսինքն՝ մեր մրցակցային առավելությունը չեն կարող հանդիսանալ շքեղությունը, տոնածառը և այլն:
«Մեր խնդիրը մատչելի և որակյալ զբոսաշրջային փաթեթներ առաջարկելն է: Մարդիկ որպես զբոսաշրջիկ չեն գալիս Հայաստան ոչ թե այն պատճառով, որ տոնական միջոցառումներ չկան, այլ ուղղակի զբոսաշրջային փաթեթներն են թանկ: Մենք ոլորտը վերափոխելու խնդիր ունենք, ոչ թե ճոխության վրա շեշտադրումով՝ զբոսաշրջիկներ ներգրավելու. ամբողջ զբոսաշրջային դաշտն է պետք վերափոխել»,-նշեց Պարսյանը՝ ընդգծելով, թե մեր զբոսաշրջային կոռաւցվածքները թանկ են և անորակ:
«Երբ պնդում են, թե մեծ քանակությամբ զբոսաշրջիկների հոսք են նկատում, պարզապես պետք է հասարակ հարցում կատարեն հանգստյան տներում, հյուրանոցներում՝ պարզելու համար՝ որքան ամրագրումներ կան այդ օրերի համար: Վստահեցնում եմ, որ ոլորտում կտրուկ տատանումներ չկան: Մարդիկ, ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ այս տարի նույն պահանջարկն ունեն»,-ասաց տնտեսագետը:
Վերջինս նշեց, թե նմանատիպ շքեղ միջոցառումների կազմակերպումը ևս իշխանությունների քաղաքական գործելաոճի արդյունք է՝ հանրությանն ապահովել հետաքրքիր ժամանցով՝ «կտրելով» առկա խնդիրներից, բայց դա ունենալու է կարճաժամկետ էֆեկտ:
«Մարդիկ տեսնում են, որ լուրջ խնդիրներ կան քաղաքում՝ տրանսպորտ, շրջակա միջավայր, չվերանորոգված ենթակառուցվածքներ, վերելակներ: Սրանք առաջնային խնդիրներ են, որ պետք է լուծվեն, հետո միայն մտածենք նմանատիպ ծախսերի մասին»,-նշեց տնտեսագետը:
Նա նաև հիշեցրեց՝ 2017-2022 թթ.-երին Հայաստանում տարեկան պետք է գրանցվեր զբոսաշրջիկների թվի 19% աճ: «Աս տարի ունենք ընդամենը 14 % աճ: Այսինքն՝ նույնիսկ պլանավորված ցուցանիշները չենք կարողանում ապահովել, բայց խոսում ենք աննախադեպ աճի, բեկումների մասին»,-ամփոփեց նա:
