Չի բացառվում, որ ունենանք առաջին անհրաժեշտության սննդամթերքների դեֆիցիտ
17 Մարտ 2020 Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ— Պարոն Ավետիսյան, օրեցօր համաշխարհային պանդեմիայի պատճառ դարձած կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ավելի ու ավելի են զգացնել տալիս և ակնհայտ է, որ այն կարող է համաշխարհային տնտեսական հերթական ճգնաժամի պատճառ դառնալ: Այդ մասին պարբերաբար ահազանգում են մասնագետները և փորձում ճգնաժամը մեղմելու ելքեր գտնել: Ամեն դեպքում ճգնաժամն անխուսափելի կլինի: Ճգնաժամի դրսևորման ինչպիսի՞ կանխատեսումներ կան:
— Կորոնավիրուսն արդեն ցնցում է համաշխարհային տնտեսությունը: Մտահոգողն այն է, որ հիվանդության հետևանքներն էապես բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության պահանջարկի վրա տարբեր շուկաներում, իսկ հիմնական շուկաներում պահանջարկի նվազումը կապված է նաև պանդեմիայի հետևանքով աշխարհի առաջատար երկրների կողմից իրականացված սահմանափակումների հետ: Դրանք շարունակաբար մուլտիպլիկատիվ էֆեկտով տարածվում են նաև համաշխարհային շուկայի անդամ մյուս երկրների վրա:
Սահմանափակումներն առաջնահերթ վերաբերում են մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին, ինչի հետևանքով ուղղակիորեն տուժում է զբոսաշրջությունը: Սանիտարահիգիենիկ սահմանափակումներն ազդում են ապրանքատեսակների, այդ թվում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրման վրա: Հետաձգվում, չեղարկվում են հանրային միջոցառումները, այդ թվում մարզական, իսկ այս սահմանափակումներն ազդում են սպասարկման ոլորտի վրա՝ այդտեղ կրճատելով ապրանքների և ծառայությունների պահանջարկը: Նման պայմաններում որևէ տնտեսություն չի կարող դիմակայել, այդ թվում Հայաստանի տնտեսությունը, որը միջազգային գնահատմամբ բաց է համարվում: Այսինքն՝ միջազգային առևտրում ներգրավված երկիր ենք: Միանշանակ է, որ գլոբալ պահանջարկի կրճատումն ու թվարկված սահմանափակումները կվերաբերեն նաև տեղական արտահանողներին: Չմոռանանք, որ ամիսներ հետո գյուղատնտեսական մթերքների արտահանման սեզոն է և նշած սահմանափակումները շատ առարկայական տեսանելի խոչընդոտներ են ստեղծելու նաև այդ ոլորտում: Ինչ չափով հնարավոր կլինի հաղթահարել սպասվելիք վիճակը, այս պահին անորոշ է:
Խոսեցինք զբոսաշրջության վրա հնարավոր բացասական ազդեցության մասին: Նախորդ տարի այդ ոլորտում աճ էինք գրանցել, ցուցանիշները դրական էին, սակայն առաջիկայում այդ թվերն էականորեն կկրճատվեն՝ դրանից բխող տնտեսական այլ հետևանքներով:
Որքան էլ մեզ համար կարևոր են ներդրումները, համաճարակի հետևանքով այդպիսի նախագծերը նույնպես հնարավոր է կասեցվեն ու հետաձգվեն։ Իսկ դա տնտեսության կայուն զարգացման համար տխուր հետևանքներ կունենա:
Հաջորդ հնարավոր ազդեցությունը բնակչության բացասական սպասումներն են, որոնք էլ ներքին պահանջարկի վրա կանդրադառնան. մարդիկ իրենց նախատեսած գնումները, ծախսերն ակնհայտորեն կվերանայեն, ինչը նաև ներքին պահանջարկի կրճատմամբ կարտացոլվի:
Կորոնավիրուսի վարակման վերջին դեպքերից մեկը հայտնաբերվել է արտադրական ձեռնարկությունում՝ աշխատողների շրջանում, ինչը մտածելու տեղիք տվեց, որ միջին և խոշոր կոլեկտիվներում հատկապես այլընտրանքային աշխատանքի միջոցներ կազմակերպելու խնդիրներ են առաջանում, լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն, առանձին դեպքերում հնարավոր է աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն, ռեժիմները փոխվեն: Իսկ այդ բոլոր լրացուցիչ միջոցառումները ծախսեր և որոշակի ռիսկեր են ենթադրում տնտեսվարող սուբյեկտների համար՝ ռիսկեր շահույթների կրճատման առումով նաև:
— Այսօր բնակչության շրջանում որոշակի պասիվ խուճապ է նկատվում առանձին անհրաժեշտության ապրանքների շուկայում դեֆիցիտի գոյացման առումով: Աշխարհի որոշ երկրներում այդ խուճապը մարդկանց ստիպում է աննախադեպ մեծ քանակությամբ գնումներ անել, Հայաստանում ևս որոշ ապրանքներ մեծ պահանջարկ ունեն՝ պայմանավորված հենց այդ խուճապով: Հնարավոր համարո՞ւմ եք դեֆիցիտի վտանգը:
— Իմ օրինակով կարող եմ փաստել, որ այսօր հատկապես առողջապահական ոլորտի առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների, դեղամիջոցների դեֆիցիտ է նկատվում: Օրինակ, ինքս Երևանի բազմաթիվ դեղատների ցանցերում չկարողացա առաջին անհրաժեշտության դեղամիջոց համարվող պարացետամոլ գնել: Տևական ժամանակ է՝ այդ դեղամիջոցները չկան: Չեմ խոսում դիմակների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի մասին: Նման պայմաններում չի կարելի շուկան թողնել շուկայական մեխանիզմների հույսին և հարկավոր է ոլորտը համակարգել: Եվ եթե նման ձևով շարունակվի, չի բացառվում, որ մենք ունենանք նաև առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների դեֆիցիտ: Այսօր արդեն խանութներում հատկապես սննդամթերքի առևտրի աշխուժություն է զգացվում, մարդիկ մեծ չափաբաժիններով մթերք են գնում: Դա բնական է, քանի որ հատկապես պետական մարմինների կողմից երևույթներին ճիշտ գնահատականներ չեն տրվում և նպատակային քայլեր չեն իրականացվում: Այդ առումով մենք վաղուց հապաղում ենք: Պետությունը երկրում, աշխարհում ստեղծված իրավիճակին համարժեք քայլեր չի իրականացրել, և պետք է արձանագրենք, որ դրա հետևանքով մենք բավականին մեծ ներուժ ենք կորցրել՝ կանխարգելման ներուժ: Ամեն անցնող ժամ, օր այսպիսի դանդաղկոտ քայլերի պայմաններում ավելի են մեծացնում այն ներուժի կորուստը, որը պետք է ծառայեր ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանը: Իսկ մենք այդպիսի ներուժ ունենք, և դրա արդյունավետ կիրառումը պահանջոմ է բազմակողմանի մոտեցումներ, ոչ ստանդարտ լուծումներ: Այդպիսիք պետք է առաջարկեն պետական պատկան մարմինները՝ սկսած բնակչությանը սոցիալական և առողջապահական ծառայություններ մատուցող կառույցներից, վերջացրած տնտեսական կարգավորումներ ապահովողներից:
— Իսկ պետությունը ինչպիսի՞ հակաճգնաժամային քայլերով կարող է հակազդել նման հնարավոր ազդեցություններին:
— Ես վաղուց Կառավարության ուշադրությունը հրավիրել էի մի քանի կարևոր անհրաժեշտությունների վրա՝ նշելով, որ հարկային ֆեշինգի փոփոխություն պետք է դիտարկվի՝ ըստ ճյուղերի: Պատրաստի լուծում, մոդել չկա, որ վերցնեն ու կիրառեն, և պետք է դիտարկումներ արվեն: Օրինակ որոշ ճյուղեր այս ընթացքում ընդհանրապես պետք է ազատվեն հարկումից: Այդպիսին է զբոսաշրջության ոլորտը: Պետք է հարկային արձակուրդներ տրամադրվեն: Որոշ ոլորտներում պետք է ժամանակավոր կարգավորումներով էապես նվազեցվի հարկային բեռը, դրույքաչափերը՝ սկսած շահութահարկից, վերջացրած եկամտային հարկով:
Այս պահին ցանկացած երկիր պարտադրված է իր իրավիճակից բխող լուծումներ իրականացնել, և այդ լուծումները չեն կարող ստանդարտ լինել, քանի որ իրավիճակն է շեղված ստանդարտից: Մեզանում մտահոգությամբ արձանագրում ենք դանդաղկոտություն և իրավիճակին ոչ համարժեք մոտեցումների կիրառում: Այսինքն՝ երևույթները տեղի են ունենում նոր սկսում են պաշտոնապես մտածել դրանց վերացման համար մեխանիզմներ մշակելու մասին: Այնինչ՝ հակառակը պետք է լինի. Միչև երևույթի ի հայտ գալը մենք պետք է կանխարգելիչ հստակ գործողություններ ունենան և կանխենք հետևանքները: Պետությունը պետք է իր հնարավոր ինստիտուտներով և գործիքներով՝ սկսած դիվանագիտական խողովակներից, վերջացրած պետական մարմիններով, պետք է հստակ ուսումնասիրեն առաջնային այն շուկաները, որտեղ արտահանվում է մեր տեղական արտադրանքը, գյուղմթերքը, տեսնեն ինչպիսի սահմանափակումներ կան այսպիսի պայմաններում և պատրաստեն արտահանողներին ու անհրաժեշտության դեպքում նեցուկ լինեն նրանց ոչ միայն տեղեկատվություն տրամադրելով, այլև բանակցելով տվյալ երկրների պետական մարմինների հետ: Հակառակ դեպքում գյուղմթերք արտահանողները առաջիկայում տխուր փաստի առաջ կկանգնեն:
— Վերջին օրերին նաև մասնագիտական կարծիք է հնչում, թե նման իրավիճակի հնարավոր ազդեցությունը կարող է նաև որոշ պարենային մթերքների շուկայում և ոչ միայն պարենային, գնաճի հանգեցնել: Որքանո՞վ են այս կանխատեսումներն իրատեսական:
— Նման ռիսկ կա, այս պահին առաջին անհրաժեշտության ապրանքների պահանջարկը մեծացել է, դա ակնհայտ է, և այդ ապրանքատեսակների մասով հնարավոր է մենք գնաճային ճնշումներ ունենանք: Չմոռանանք, որ այդ ապրանքների հիմնական մասը ներկրվող են և ներկրման սահմանափակումներ ու դժվարություններ կան այսօր: Բայց դա կարելի է զսպել համապատասխան միջոցառումներով: Օրինակ՝ պետությունը կարող է որոշակի սահմանափակումներ կիրառել իրացման վրա, նաև պետական աջակցություն ցուցաբերել ներկրումների կազմակերպման հարցում՝ ներկրող կազմակերպությունների վնասների որոշակի փոխհատուցումներով, սուբսիդավորումներով: Պետությունը պետք է պատասխանատվություն և պարտավորություն ստանձնի և հանրությանը, տնտեսվարող սուբյեկտներին նախապես ներկայացնի այն սցենարները, որոնց պատրաստ է: Տնտեսվարողները պետք է տեղյակ լինեն դրանցից, որպեսզի հասկանան պետության աջակցությունը և ըստ այդմ իրենց հետագա քայլերն իրականացնեն:
— Պարոն Ավետիսյան, շարունակենք մեր զրույցը կորոնավիրուսի դեմ պայքարելու համատեքստում հայտարարված համաշխարհային պանդեմիայի տնտեսական հետևանքների մասին: Այսօր արդեն վարակի տարածման հետ ոչ միայն առողջապահական խնդիրներով պայմանավորված խուճապ ենք տեսնում, այլև տնտեսական: Խուճապն ավելի՞ վտանգավոր է, քան իրական տնտեսական ազդեցությունները:
— Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ տնտեսական խուճապը մեզ նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար կարող է այդ համակարգի վրա անդառնալի հետևանքներ ունենալ: Այս պահին հարկավոր է նաև տնտեսվարողներին, քաղաքացիներին աջակցելու քաղաքականություն իրականացնել: Նախորդ հարցազրույցում խոսեցինք վարկային քաղաքականության մեղմացման մասին՝ որոշ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին այս շրջանում հարկերից ազատելու, հարկերի մուծումները հետաձգելու և այլ միջոցառումների անհրաժեշտությունից: Նման միջոցառումներ պետք է իրականացվեն նաև վարկային ոլորտում: Տարբեր բանկեր արդեն հայտարարել են նման քայլերի, քաղաքացիներին, տնտեսվարողներին ընդառաջ գնալու մասին, և դա ողջունելի է, ի վերջո օբյեկտիվ անհրաժեշտություն է:
Բայց բացի եղած վարկավորման տոկոսների հետաձգումից, արձակուրդներից, նաև բիզնես վարկերի համար ընթացիկ միջոցներ ներգրավելու տեսանկյունից տնտեսվարող սուբյեկտների համար, հատկապես այն ոլորտների, որոնք ամենաշատն են տուժելու այս իրավիճակից, ԿԲ-ի միջամտությամբ և պետության աջակցությամբ տոկոսադրույքների սուբսիդավորման ռեսուրսներ պետք է ապահովվեն: Տնտեսվարողները լրացուցիչ դժվարությունների պարագայում կրում են կորուստներ, եկամուտները նվազում են, և եթե չկարողանան այդ ամենը փոխատվական միջոցներով հատուցել, տնտեսական գործունեության ծավալների, հասույթի ծավալների կրճատման հետևանքով նաև աշխատատեղեր կկրճատվեն: Ուստի չպետք է այս դեպքում էլ սպասենք, որ այդ ծավալները կրճատվեն, տնտեսվարող սուբյեկտերը կորցնեն դրսի շուկաները և ստիպված լինեն աշխատատեղեր կրճատել, հետո նոր փորձենք ինչ-որ քայլեր ձեռնարկել իրավիճակը փրկելու նպատակով: Օգնությունը պետք է կանխարգելիչ լինի և բոլոր ուղղություններով, մասնավոր հատվածի համար հասկանալի լինի, թե պետությունն ինչ է պատրաստվում իրականացնել, ինչ աջակցություն իրենք կարող են ակնկալել: Տնտեսական որոշումների հիմքում ճշգրիտ հաշվարկներ են դրված, և պետության պարտավորությունն է նախապես տեղեկացնել իր նախատեսած, ստանձնած նախաձեռնությունների մասին՝ սկսած ոլորտներից, թե որ ոլորտում ինչ է նախաձեռնվելու որպես աջակցություն, վերջացրած գործիքների կիրառմամբ՝ արտոնյալ վարկի տրամադրում, վարկային տոկոսի սուբսիդավորում, հարկային տարբեր արտոնյալ ռեժիմների կիրառում և այլն:
Ես հետևում եմ ամբողջ լրահոսին և չեմ տեսնում, որ չափելի պարտավորութունների մասին խոսեն՝ տնտեսությունը չափելի երևույթ է, հորդորներով, բարի կամքվ, կենացներով հնարավոր չէ տնտեսության մեջ վարքագիծ փոխել դրական իմաստով: Եթե միջամտելու ցանկութուն կա, պետության ներխուժումները պետք է տեսանելի ու հստակ լինեն, որպեսզի որոշում կայացնողը, սկսած զբոսաշրջության ոլորտից մինչև մթերքների արտադրության, մշակման ոլորտ, շինարարություն, հասկանան, թե ինչպիսի հստակ գործիքներ կան ու պետությունն ինչպիսի չափելի աջակցություն է իրենց երաշխավորում: Սա պետք է երևա և դրանք պետք է լինեն հավաքական ու օր առաջ: Երևույթներն այնքան արագ են զարգանում և դրանց բացասական հետևանքներն այնքան անկանխատեսելի են, լայնածավալ, որ հապաղելն անթույլատրելի է և իրավիճակին համարժեք գործողություները հրատապ են: Միայն բառախաղերով ու հորդորներով չես կարող իրավիճակ փոխել դրական իմաստով, բացասական իմաստով կարող ես: Պետք է դա արտահայտվի կառավարության որոշումներով, տարբեր օրենքներում փոփոխութուններով, ժամանակավոր կարգաբերումներով: Պետության վարքագիծը պետք է երևա:
— Այսօր արդեն ձեր նշած տնտեսական բացասական հետևանքները չափելի՞ են մեր երկրի համար:
— Դեռ վաղ է այդ մասին խոսել, բայց զարգացման տարբեր սցենարներ կան: Եթե վատատեսական սցենարով դիտարկենք, շատ բարդ իրավիճակ կարող է ստեղծվել, և այդպիսի սցենարներն առաջին հերթին պետության վերլուծության և նախագծման տիրույթում պետք է լինեն: Եվ այդ նախագծերով իրավիճակները պետք է կանխատեսվեն, գնահատվեն ու կանխարգելվեն լուծման ճանապարհներով: Եվ երբ հստակ դառնա, թե զարգացման որ սցենարով են գործընթացները զարգանում, պետությունն արդեն պատրաստի գործիքակազմ կունենա և դրանով ու ամբողջական լուծումներով կկարողանա քայլեր իրականացնել: Ոչ թե պետք է երևույթների հետևից ընկած գործել: Երևույթը կարող է մեզ անորոշության առաջ կանգնեցնել և վտանգավոր զարգացումների հանգեցնել, ինչն արդեն երևում է: Իմ նշած մեխանիզմները կիրառվում են միջազգային պրակտիկայում նաև այս օրերին, դրանց մասին տարբեր տեսություններ կան, և մեր քաղաքական որոշումներ կայացնողները պետք է ծանոթ լինեն դրանց ու արդեն դրական փորձ ունեցող պետությունների ճանապարհով գնան:
Ես կարող եմ նշել Չինաստանի փորձը, որտեղ մեծ վնասներն ակնհայտ են, բայց արդեն երևում է նաև տնտեսության վերականգնման վեկտորը: Մի քանի օրում Չինաստանում հիվանդանոց կառուցվեց, ու ոչ ստանդարտ բազմաթիվ լուծումներ եղան վարակի հետագա տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու ուղղությամբ: Եթե դրանք չլինեին, շատ ավելի անկանխատեսելի կլիներ այսօրվա վիճակը համաշխարհային մակարդակով: Արդեն նաև տեսանելի են այդ պետության կողմից տնտեսական խնդիրների հաղթահարման քայլերը: Համոզված եմ, որ չինական տնտեսությունը շատ արագ կվերականգնվի: Շատ ավելի ռիսկային ու վտանգավոր է զարգացող երկրների վիճակը, որոնք ունեն փոքր տնտեսություն: Հայաստանի տնտեսական համակարգը զգայուն է, խոցելի այդ առումով: Ի վերջո, մենք բացի առողջապահական խնդիրներից, որոնք տնտեսական համակարգից դուրս ավելի ակնհայտ դարձան այս օրերին, ունենք նաև պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկեր, դրանց վրա ավելացավ այս մեկը՝ տնտեսականը, ու մեր ջանքերը շատ ավելի ինտենսիվ պետք է լինեն:
Զրուցեց Թագուհի Ասլանյանը
livenews.am
