Վկան` Մայիսի 28-ը
28 Մայիս 2020 Արտաշես ՇահբազյանԱնվիճարկելի պետք է համարել փաստը, որ 1918 թվականի մայիսի 30-ին Հայաստանի անկախության հայտարարության ընդունումը նախ եւ առաջ ուղղակի արդյունքն է մայիսյան հերոսամարտերի: Այսինքն եթե չլինեին այդ հաղթանակները, Թիֆլիսի Հայոց ազգային կենտրոնական խորհրդի որեւէ հայտարարություն ավելին չէր արժենա քան այն թուղթը, որի վրա տվյալ հայտարարությունը գրվել էր: Մյուս կողմից, ըստ արժանվույն չգնահատել գերագույն ճիգով ձեռք բերված հաղթանակների դերը կնշանակի հավատալ, թե թուրքերը շահագրգիռ էին մայիսի 28-ին հայկական պատվիրակության մեկնումով Բաթումի՝ ոչ թե պատերազմական պայմաններում իրենց կամքը պարտադրելու համար, այլ անկեղծորեն ձգտում էին հայոց պետականության վերականգնմանը: Իրականում ցեղասպանության ոճրագործի նպատակն էր անկախացման ճանապարհով հայության բեկորներին լիարժեքորեն կտրել հնարավոր դաշնակիցներից, վերջնականորեն հոշոտելու համար:
Ինչո՞ւ պետք է թուրքերը շահագրգիռ լինեին Հայաստանի արեւելյան մնացյալ հատվածը բաժան-բաժան անելով եւ հայության վերջնական կործանմամբ: Նախ նրանց համար ավելի քան ակնհայտ էր, որ չնայած աշխարհագրական սահմանները բաժանել էին հայ ժողովրդին, սակայն վերջինս միշտ ապրել էր մեկ ժողովուրդ՝ մեկ պայքար ճշմարտությամբ: Իհարկե թուրքերը բոլորից լավ էին տեղյակ, որ արեւմտահայաստանի ազատագրական պայքարի համազգային կուսակցությունը ստեղծվել էր Կովկասում, արեւելահայերի կողմից, եւ արեւելահայ հեղափոխական երիտասարդությունը նետվել էր արեւմտահայոց ապստամբությունների բոցերի մեջ ուս-ուսի կազմակերպելու եւ կռվելու համար, որ 1905 թվականին արեւմտահայ մարտական գործիչներ շտապեցին Կովկաս մասնակցելու հայ-թաթարական ընդհարումներին, 1914 թվականին արեւելահայությունը, կամավորական գնդեր կազմելով, մեկնեց արեւմտահայ արյունակիցներին փրկելու, իսկ ցեղասպանությունից հետո արեւմտահայ ֆիդայության մնացորդացը, գաղթելով Արեւելահայաստան, մասնակցեց Արեւելահայաստանի մաքրագործմանը, պետականության համար մղվող հերոսամարտերին ու թուրք եւ բոլշեւիկ զավթիչներից նորելուկ հանրապետության սահմանների եւ գոյության պաշտպանությանը: Հայության համար հայրենիքը, պայքարն ու ճակատագիրը նույնական էին եւ դարավոր թշնամին չէր կարող համոզված չլինել, որ քանի դեռ որեւէ տեղ կշարունակի գոյությունը հայ հավաքականության որեւէ հատված՝ պայքարը շարունակվելու է եւ հայկական հարցը չի մեռնելու:
Մյուս կողմից թեկուզ փոքր, թեկուզ նվազ Հայաստանը բաժանարար պատնեշ էր լինելու համաթուրանականության հավակնությունների ճանապարհին:
Ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետրի վրա ստեղծվող երկրի առաջնորդները, պատմական խիստ աննպաստ իրողությունների պայմաններում հռչակելով պետության ծնունդը, նրա ֆիզիկական սահմանների հարցը թողնելով անորոշ, իրենց հայտարարում էին. «հայկական գավառների գերագույն ու միակ իշխանություն» : 1918 թվականի օգոստոսի 1-ին Երեւանում, հայոց պառլամենտի՝ Հայաստանի խորհրդի նիստը բացելով, Ազգային խորհրդի կողմից իր ելույթի ժամանակ Ավետիք Սահակյանը, ի լուր բոլոր ներկաների, այդ թվում թուրքական պատվիրակության հայտարարեց.<<Այո՝, մեր հանրապետությունը փոքր է եւ նեղ իր սահմաններով, նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակությունը եւ, կարծես թե, պայմաններ չունի անկախ գոյության համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով...>> (<<Զանգակ>>, 4-ը օգոստոսի 1918թ., <<Հորիզոն>>,9 օգոստոսի, 1918թ.):
Որ այս հայտարարության ետեւում կանգնած ազգային առաջնորդները անիրատես երազողներ չէին վկայում է 1919 թվականի մայիսի 28-ին ՀՀ կառավարության, իսկ աշնանը կառավարող կուսակցության կողմից Անկախ եւ Միացյալ Հայաստանի նպատակի հռչակումը, երկու եւ կես տարիների ընթացքում երկրի փաստացի տարածքը 70.000 քառակուսի կիլոմետրի հասցնելը, իսկ 20 թվականի ամռանը եւ աշնանը սկզբում Սեւրի պայմանագրով, այնուհետեւ ԱՄՆ-ի կողմից իրավարար վճռի ստորագրմամբ, հասնելու Արեւմտահայաստանի տարածքի 90.000 քառակուսի կիլոմետրի վրա հայկական պետություն ստեղծելու իրավունքին:
Այս նյութի ամենասկզբում նշվեց, որ Հայաստանի անկախ պետականության ստեղծումը նախ եւ առաջ պայմանավորված էր մայիսյան հաղթանակներով, իսկ ընդհանրապես ոչ միայն դրանցով: 19-րդ դարի վերջից Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի բանակցություններով հայկական հարցը լուծում չէր ստացել, սակայն ընդգրկվել էր միջազգային օրակարգեր: 20-րդ դարասկզբում մեծ տերությունների ուշադրության ավելացումը, արեւմտահայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը, որի վերահսկողության նպատակով էլ առաջին աշխարհամարտի նախօրյակին այստեղ էին գալիս եւրոպացի երկու կառավարիչները, վկայում են հայության դարավոր իղձերի իրականացմանը տանող գործընթացների մասին: Իսկ այս իղձերի հոգեւոր ու ֆիզիկական բյուրեղացման գործնական ընթացքը սկսվել էր, սրանից էլ առաջ, 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ազգային սահմանադրության որդեգրման օրերից, հայության արեւելյան ու արեւմտյան հատվածների ազգային, հոգեւոր ու մշակութային կյանքի վերազարթոնքի ընթացքի հետ:
Մարդկության անցած ճանապարհին նայելով տեսնում ենք, որ ինչ որ անգուշակելի նախախնամությամբ, որոշակի պատմական պահերի տեղի են ունենում ժողովուրդների ոգեղեն պոռթկումները, հրապարակ են իջնում մտավոր, զինվորական, քաղաքական ու հասարակական վառ ընդունակություններով օժտված հայրենանվեր սերունդներ, որոնք պատմություն են կերտում ծնելով ազգերի, ստեղծելով ու վերստեղծելով պետություններ, վերածնության ու լուսավորության դարաշրջաններ, որդեգրելով հոգեւոր վարդապետություններ, ձեւավորելով ազգային, հոգեւոր ու քաղաքական ինքնուրույնության կռվաններ: 19-րդ դարի երկրորդ կեսից ասպարեզ իջան իրարահաջորդ սերունդներ, որոնք պետք է նախապատրաստեին հայոց նոր պետականության ձեւավորման անհրաժեշտ նախադրյալները: Բանահավաքները, պատմագիրները, բանաստեղծները, երգահանները, ճարտարապետները, ազգային-հասարակական ու քաղաքական գործիչները, մտավորականն ու մարտիկը փշուր-փշուր հավաքում էին հոգեւոր ու ֆիզիկական Հայաստանը՝ նախապատրաստելով նոր վերածնունդը: Վերածնության այդ ալիքն այնքան հզոր էր, որ անգամ թռիչքի պահին թեւերը կտրելուց հետո էլ պատմության բեմի վրա պիտի մնար հայոց անկախությանը ձգտող ժողովուրդը:
Գերտերությունների մեծ առեւտրի հետեւանքը դարձավ տրամաբանական սահմանների մեջ հզոր Հայաստանի գաղափարի վիժեցումը, բայց հայ ժողովուրդը երբեք չհաշտվեց իրեն պարտադրված ճակատագրի հետ: Անգամ խորհրդային դաժան ռեժիմի ժամանակներում, առաջին իսկ հնարավորության դեպքում, ժողովուրդը պոռթկում էր, պահանջելով հայությունից խլված իրավունքները իր պատմական բնօրրանի նկատմամբ: Այդ նպատակի շուրջ հնարավոր դարձավ որպես մեկ հավաքականություն ձեւավորել Հայոց դատի պայքարի ունակ սփյուռքահայությունը: Պատահականություն չպետք է համարել, այլ տրամաբանական օրինաչափություն, որ Խորհրդային կայսրության թուլացմանը զուգահեռ հայ ժողովուրդը առաջինը դուրս եկավ միաժամանակ Արցախի ազատագրության եւ Հայաստանի անկախացման պայքարի:
Այսօր էլ ակնառու են փորձերը հայությանը շեղելու իր պատմական շահերի հետապնդումից, հարվածելով ինքնությունը պայմանավորող հոգեկերտվածքին եւ արժեքներին, բայց եթե հայ ազգը երբեւէ չհեռանա իր ինքնությունից՝ ազգային պահանջատիրական ձգտումները մնալու են նրա ընթացիկ կյանքի եւ առաջընթացի հիմնական բաղկացուցիչները: Իրարահաջորդ հայ սերունդները դրա մեջ են գտնելու իրենց արժանապատիվ եսի կայացումը եւ ապրելու նպատակը: Պատահական չէ, որ Արցախ նահատակության մեկնեց մի սերունդ, որից թաքցվել էր Արցախի պատմությունը, որի շատ ներկայացուցիչներ նախապես գրեթե ոչինչ չգիտեր հայոց հայրենիքի այս հատվածի մասին:
Ցեղասպանությունը հայոց կենսագրության մեջ երբեւե տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձությունն էր, բայց հայությունն իր պատմությունը շարունակեց ոչ թե 15, այլ 18 թվականի ճամփաբաժանից: Եւ որքան էլ, որ ներսից ու դրսից փորձեն շեղել, դանդաղեցնել կամ կասեցնել բնականոն զարգացման ընթացքը, ուժերի կուտակման շրջանից հետո, հայությունը պետք է իրականացնի իր նոր վերածննդի առաքելությունը: Վկան՝ մայիսի 28ը:
