ԲՀԿ, ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին
30 Հունիս 2020
Այսօր, հունիսի 30-ին Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
Լիազոր ներկայացուցիչները համատեղ հաղորդումը ներկայացնելուց հետո հանդես եկան ճեպազրույցով։
Հայրենիք կուսակցության անդամ Արսեն Բաբայանը լարգրողների հետ զրույցում ասաց, որ հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը ներառում է այս երկու տարիների ընթացքում նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացը. «Քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ չի կարող ներկայացվել։ Բացի այդ հետագայում Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու այսպես ասած ապօրինի կաշառքի օրենքը, դրանից առաջ հարուցված քրեական գործերը թե՛ ՍԴ նախագահի, թե՛ նրա սանիկների հանդեպ»,-ասաց Արսեն Բաբայանը։
Ուզում ենք ապավինել Գլխավոր դատախազության ողջախոհությանը։ Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր, անբեկանելի են և ուզում ենք ակնկալել, որ իրավական համակարգը կառաջնորդվի բացառապես օրենքով։ Lրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Շարունակում եմ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Գլխավոր դատախազության ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռնպահ մնանք։ Դիմել ենք դատախազություն՝ ակնկալելով, որ դատախազության համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը և արդարադատությունը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
«Անցնող մեկուկես տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականներն են տվել այն իրականությանը, երևույթներին, ես կասեի՝ զավթողական վերաբերմունքին, որ կա ՀՀ-ում դատական իշխանության նկատմամբ՝ սկսած Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների արգելափակման կոչից», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Քաղաքական գնահատականները տրվել են, բայց մեր տված քաղաքական գնահատականներն ունեն նաև իրավական արժեք, նկարագրություն, և շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան հանցանք երեք դրվագով՝ իշխանության զավթումը, լիազորությունների անցումը և սահմանադրական կարգի տապալումը: Քաղաքական գնահատականներին հաջորդում են իրավական գնահատականները, և մենք լիահույս ենք, որ դատախազությունը և իրավապահ մարմինները օբյեկտիվության և իրենց լիազորությունների սահմանում կտան անաչառ գնահատական»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում