Ֆինանսների նախարարության կանխատեսումները պետք է վերանայվեն
10 Հուլիս 2020 ՊԵԿ-ի հրապարակած ցուցանիշները կանխատեսելի էին՝ այսօրվա ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչպես նաև մեր ընդհանուր տնտեսական միտումները հաշվի առնելով։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի հրապարակմանը, թե այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.3 տոկոսով։ «Պետք է գրանցենք, որ այսօր մենք գտնվում ենք ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ ու այդ ճգնաժամն ավելի ու ավելի է խորանալու։ Իսկ խորանում է այն պատճառով, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողված է, ձախողվել է ոչ միայն 2020 թ ընթացքում, այլև 2019 թ-ի ընթացքում, քանի որ չեն դրվել այն հիմքերը, որ տնտեսական աճ ապահովվի այս տարվա համար»։
Պարսյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ը այս հայտարարության մեջ կանխամտածված փորձել է ներկայացնել իրավիճակը հօգուտ իրենց կամ իրենց տեսանկյունից՝ մոռանալով, որ մեզ ոչ այդքան հետաքրքրում է, թե 2019 թ-ի նկատմամբ որքան քիչ է հավաքվել, այլ 2020 թ-ին որքան պետք է հավաքվեր։ Այսինքն, որքան էինք պլանավորել 2020 թ-ին հավաքել և որքան ենք փաստացի հավաքել։ «Իսկ պլանավորել էինք հավաքել 818 մլրդ դրամ, մինչդեռ հավաքել ենք 712 մլրդ դրամ, մոտ 13 տոկոսով։ Սա աննախադեպ վատ ցուցանիշ է։ Նման վատ ցուցանիշ հազվադեպ ենք ունեցել մեր պատմության ընթացքում, երբ ոչ միայն ձախողված է տնտեսական քաղաքականությունը, այլև հարկային քաղաքականությունը և կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, քանի որ մարդկանց սպառումը նվազեց՝ իհաշիվ սպառման, իրենք չկարողացան համալրել եկամտային հարկի սպառումները»։
Նա նաև ընդգծեց, որ երբ ՊԵԿ-ը համեմատում է նախորդ տարվա հետ և ասում է 2,3 տոկոսով է նվազում եղել՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ ՊԵԿ-ը բազմիցս հայտարարում էր, որ նրանք նաև մարել են տարբեր ժամանակաշրջաններից եկող գերավճարները։ Այսինքն, այն գումարները, որ նախորդ տարիներին վճարվել էին՝ 2019 թ-ին առաջին կիասամյակի ընթացքում այդ գումարները զրոյացվել էին։ Եթե այդ գերավճարներն էլ հաշվի առնվի՝ հնարավոր է, որ մինչև 70-80 մլրդ դրամի հասնի տարբերությունը նախորդ տարվա համեմատ»։
Պարսյանը նաև հիշեցրեց, որ ֆինանսների նախարարությունը դեռ ապրիլին հայտարարել էր, որ մինչև տարեվերջ պլանավորածից 169 մլրդ դրամով քիչ են հավաքագրելու այս տարվա ընթացքում, բայց արդեն ակնհայտ է, որ իրական թերհավաքագրումներն ավելի մեծ են լինելու, քանի որ միայն առաջին կիսամյակի ընթացքում արդեն 106 մլրդ-ով պակաս է եղել հավաքագրումները։ «Նախատեսվածի համար մնացել է 63 մլրդ, մինչդեռ ես կարծում եմ, որ ավելի շատ է լինելու և շուրջ 200 մլրդ դրամով ավելի քիչ են հավաքագրվելու։ Հետևաբար, կարծում եմ, ֆինանսների նախարարության կանխատեսումները պետք է վերանայվեն։ Սա նշանակում է, որ մենք նաև լրացուցիչ պարտք պետք է ավելացնենք, որ այս բացերը փակեն։ Ստացվում է, որ կառավարությունը նախատեսել է 2020 թ-ին մոտ 13 տոկոսով ավելացնել ծախսերը, դրանց համապատասխան պետք էր եկամուտներն ավելացնել, այդ ծախսերը պետք է իրականացվի այլ աղբյուրներից պարտքի ձևով միջոցներ ներգրավելու համար»։
Նա ընդգծեց, որ մենք ունենք արտաքին պարտք սպասարկելու պարտավորություն, ինչպես նաև սոցիալական վճարումներ՝ թոշակներ, աշխատավարձեր վճարելու պարտավորություն։ «Երբ նույն կառավարությունը ապրիլ-մայիս ամիսներին ուղղակի փոշիացրեց 210 մլն դոլար՝ տարբեր հակաճգնաժամային փաթեթների շրջանակներում՝ պետք է հասկանար, որ այդ ճգնաժամը 1-2 ամիս չի տեւելու և մենք բազմիցս կոչ էինք արել՝ խնայողաբար օգտագործել միջոցները՝ հաշվի առնելով, որ 1 տարի է տևելու ճգնաժամը, ոչ թե 1-2 ամիս, մինչդեռ մենք սև օրվա գումարի մի մեծ մասը անարդյունավետ ծախսեցինք այդ ամիսների ընթացքում։ Նրանք իրավիճակից ելնելով պոպուլիստական քայլեր էին անում, օրինակ, աշխատող մարդուն 136 հազար դրամ գումար ինչի համար էին տալիս, եթե խնդիրը պարենային ապահովումն էր՝ պետք էր տալ 68 հազար դրամ, որպեսզի նվազագույն զամբյուղը բավարարի»։
Նա նաև կանխատեսեց, որ այս տարի հնարավոր է երկնիշ տնտեսական անկում ունենանք։ «Եթե 5 ամսվա կտրվածքով ունենք 4 տոկոս տնտեսական անկում, ակնհայտ է, որ հունիսն էլ է անկումային եղել՝ ամռան մյուս ամիսները ևս անկումային կլինեն՝ հաշվի առնելով նաև որոշակի ֆինանսական խնդիրներ, որ կառաջանան նաև հետագայում՝ հետևաբար, կարծում եմ, 10 տոկոս տնտեսական անկման ցուցանիշը կարող ենք ունենալ»։
Անդրադառնալով հարցին, թե այս տարեսկզբից որքան ընկերություն է փակվել, նա նշեց, որ ապրիլ- մայիս ամիսներին մոտ 6000 ընկերություն դադարեցրել է գործունեությունը։ «Նախորդ տարվա համեմատ փակվել է 40 տոկոսով ավելի ընկերություն։ Կարծում եմ՝ այս միտումը այժմ էլ շարունակվում է, բազմաթիվ ընկերություններ դադարեցնում են իրենց գործունեությունը, պատճառաբանելով, որ դրա գոյությունը առավել շատ ծախսեր է առաջացնում, նրանք ուղղակի այս իրավիճակում գերադասում են դադարեցնել իրենց գործունեությունը»։ Պարսյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր 1 տոկոս տնտեսական աճը բյուջեն ավելացնում է 10-12 մլրդ դրամով, նույնն էլ անկումը նպաստում է, որ 10-12 մլրդ քիչ հավաքագրմանը։
