Աշխատում ենք հակահայկական բանաձեւի ընդունման դեմ
23 Հուլիս 2020
Ակտիվ աշխատանք է տարվում « Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց իրավիճակի մասին» ձեւակերպումն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի բանաձեւից հեռացնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:
Ըստ նրա՝ խորհրդարանականների հետ աշխատանք կիրականացվի բոլոր փուլերում՝ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներում քննարկումներից մինչեւ Սենատում բանաձեւի հնարավոր հայտնվելը կամ նույնիսկ ընդունվելը։
«Բանաձեւը Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ պատժամիջոցների տարրեր չի պարունակում եւ չի ունենա նույնիսկ ուղիղ քաղաքական հետեւանքներ, սակայն դրա ընդունումն ամեն դեպքում անընդունելի է: Անընդունելի է նաեւ այն, որ ԱՄՆ օրենսդիր մարմինները դեռ չեն անդրադարձել Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վայրագությունների խնդրին»,- հավելեց մամուլի քարտուղարը: