Հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուրիս պարտքն է
06 Սեպտեմբեր 2020 Պաշտպանության նախարարությունը օրեր առաջ հանրային քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր, այն ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում զինված պաշտպանությանը կամավորական սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է, որի նպատակը ՀՀ պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելն է։Նախագծի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ազտամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ, ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Մխիթարյանի հետ։
«Ես կողմ եմ այդ հայեցակարգին, որովհետև այն բխում է մեր ազգային անվտանգության ապահովման դրույթներից, ու իմ կարծիքով բոլոր հարցերի պատասխանները օրենքի նախագծում կա, ինչն էլ պետք է ավելացնել՝ նախարարի հրամանով և որոշումներով կկարգավորվի։ Վերջերս հանդիպում ենք ունեցել գլխավոր շտաբում և բոլոր հարցերը քննարկվել են, և հետագայում կկարգավորվի կա՛մ նախարարի, կա՛մ Գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ»,- նշեց նա։
Արտաշես Մխիթարյանի խոսքով՝աշխարհազորին կարող են անդամագրվել, այն պահեստազորայինները, որոնք կցագրված չեն որևէ զորամասի, ինչպես նաև համայնքներում հաշվառվածները, ովքեր պահեստազորային տարիքից արդեն դուրս են եկել․ «Բավականին մեծ թվով պահեստազորայիններ ունենք, որոնք կցագրված չեն ոչ մի զորամասի, դա կոչվում է ազատ ռեսուրս, այդ ազատ ռեսուրսի հաշվին պետք է համալրվի աշխարհազորը։ Ունենք պատերազմի գործողությունների մասնակիցներ, ինչպես նաև սահմանամերձ գյուղի բնակիչներ, որոնք կարող են իրենց տան դիմաց խրամատ փորել և պաշտպանել»։
Հարցին, եթե անձը պարտադիր զինվորական ծառայության չի մասնակցել, արդյո՞ք կարող է ընդգրկվել աշխարհազորին, Արտաշես Մխիթարյանը պարզաբանեց, որ պարտադիր զինվորական ծառայության չմասնակցածները կանցնեն որոշակի պատրաստվածություն, կծանոթանան զենքին և կանդամագրվեն․«Օրինակ՝ կան անձիք, ովքեր չեն կարող մասնակցել խաղաղ ժամանակ, բայց որոշ սահմանափակումներով կարող են ծառայել պատերազմի ժամանակ»։
Աշտաշես Մխիթարյանը տեղեկացրեց, որ աշխարհազորային միավորումների ղեկավարները լինելու են զինվորականներ, պահեստազորի սպաներ՝ բարձրագույն զինվորական կրթություն ստացած անձիք, որոնք նշանակվելու են միայն Գլխավոր շտաբի պետի առաջարկությամբ․
«Այնպես չէ, որ համայնքապետի տեղակալին բերեն, նշանակեն աշխարհազորի հրամատար, քանի որ աշխարհազորի հրամանատարը պետք է կարողանա մարդկանց ղեկավարել, մարտական գործողություններ կազմակերպել, իսկ բանակ չծառայած, դասալիք պաշտոնյան ո՞նց կարող է մարտ ղեկավարել, ո՞նց կարող է հրամաններ տալ, եթե չի հասկանում այդ ամենից։ Միանշանակ, լինելու են զինվորական կրթություն ստացած պահեստազորի սպաներ և գեներալներ»։
Հարցին, թե անդամագրվողները պետք է կամավորական սկզբունքով անդամագրվեն, արդյոք պետությունը նրանց համար չպե՞տք է շահագրգռող մեխանիզմ մշակի, Արտաշես Մխիթարյանը նշեց, որ հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուրիս պարտքն է և շահագրգռվածության մասին խոսք լինել չի կարող․ «Երբ 1990-ական թվականներին կամավորականները գնացին հայրենիք պաշտպանելու, ի՞նչ շահագրգռվածություն ունեին, իրենց տունն էին պաշտպանում։ Հայրենիքը պաշտպանելն ամեն մեկի սրբազան պարտականությունն ու առաքելությունն է»։
Դիտարկմանը, թե անդամագրումը ինչպե՞ս է իրակացվելու, քանի որ այն բավականին ծավալուն աշխատանք է պահանջում, Արտաշես Մխիթարյանը պարզաբանեց, որ բոլոր համայնքներում զինապարտները և աշխարհազորայինները 50 տարեկանից բարձր հաշվառվում են, ինչպես նաև քաղաքապետարաններում և մարզպետարաններում կան զորահավաքային բաժիններ և այդ բաժինները ենթարկվելու են համայնքապետարանի տեղակալին՝ աշխարհազորի հրամանատարին, բացի այդ, նրա փոխանցմամբ, լինելու են Գլխավոր շտաբի վարչությունների օպերատիվ խմբեր, որոնք համակարգելու են այդ ամբողջ աշխատանքը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հնարավո՞ր է աշխարհազորը քաղաքական նպատակներով կառավարվի, պահեստազորի գնդապետն ընդգծեց, որ «Պաշտպանության մասին» օրենքում գրված է, որ զինված ուժերը ապաքաղաքական կառույց է, իսկ աշխարհազորը՝ զինված ուժերի ապաքաղաքական կառույցի մի մասն է կազմելու․ «Եթե օրենքում առաջ գրված էր, որ կա պարտադիր ժամկետային զինծառայություն, պահեստազորային պայմանագրային ծառայություն հիմա էլ գրված է լինելու, որ կա աշխարհազորային ծառայություն։ Ակտիվ գործողությունների ժամանակ, երբ կանչվում են հավաքների, երբ գործողություններ են իրականացնում, իրենց կարգավիճակը հավասարեցվում է զինծառայողների՝նրանք նույն զինվորականն են։ Աբսուրդ է, որ աշխարհազորը քաղաքական նպատակներով օգտագործվի, քանի որ նախևառաջ աշխարհազորի հրամանատարները զինվորականներ՝ ապաքաղաքականացված մադիկ են»։
Հերմինե Միքայելյան
