Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառավարությունն ի վիճակի է ՌԴ-ի հետ արժանապատիվ բանակցությունների սեղանի շուրջ նստել
03 Դեկտեմբեր 2020
Մենք համոզված ենք, որ այս իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել, հետևաբար իմ հորդորն է, հատկապես իրավական մարմինների ներկայացուցիչներին գործել Սահմանադրության և օրենքի շրջանակներում, ընդդիմությունը որևէ քայլ չի կատարել Սահմանադրությունից և օրենքներից դուրս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
«Ազգադավ իշխանությունը փորձում է վերջին ջանքերը գործադրել լռեցնելու համար ընդդիմությանը, բայց չի գիտակցում, որ ընդդիմությունը այլևս ողջ ժողովուրդն է»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ որքան այս իշխանությունը մնա, այդքան այն սպառնալիք է մեր պետականությանը: «ՌԴ-ի հետ Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառավարությունն ի վիճակի է ոչ միայն արժանապատիվ բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլ նաև Ռուսաստանի և Հայաստանի շահերի համընկնումը բերելու է մեր անվտանգության բարձրացմանը, խաղաղության հաստատմանը և քայքայված տնտեսական, սոցիալական, առողջապահական համակարգերի վերականգնմանը»,- ասաց նա և նշեց, որ պետք է խրախուսել, որ Վազգեն Մանուկյանը վերցնում է այդ բեռը և դրա համար համարձակությունն ունի:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա պատմական շրջափուլ է և բոլոր նրանք, ովքեր կշարունակեն Նիկոլ Փաշինյանի ազգադավ քաղաքականությունը և կմերժեն Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ նոր անցումային հակաճգնաժամային կառավարության ձևավորումը, այդ մարդիկ կհայտնվեն պատմության համապատասխան տեղը` արկղի մեջ:
«Շատ կարևոր է, որ միասնական թեկնածուի ընտրության հարցում չի եղել որևէ անձնական, նեղ խմբային կամ կուսակցական ձգտում, պարզ ճակատով ասում ենք»,-ասաց նա:
