Վազգեն Մանուկյանը իր կարողությամբ, հեղինակությամբ կարող է նպաստել, որ Հայաստանը դուրս գա այս իրավիճակից
03 Դեկտեմբեր 2020 Երիտասարդներն իրականացրել են Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքները, խաղաղ ակցիա են իրականացնում, իրենց կարծիքն են արտահայտում այս ազգադավ, ապիկար իշխանությունների գործողությունների վերաբերյալ, և արդար զայրույթ են հայտնում, որովհետև այն իշխանությունը, որն այս 25-30 տարվա պայքարը գրչի մեկ հարվածով գցեց ջուրը, բարոյական ու իրավական իրավունք չունի շարունակել ղեկավարել այս երկիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքացիների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ապակենտրոն ակցիաներին:
Ըստ Խաչատրյանի՝ գործող իշխանությունները երկիրը կանգնեցրին շատ ավելի ծանր մարտահրավերների առաջ, որովհետև այսօր, ըստ ՀՅԴ ԳՄ անդամի, մենք շատ ավելի ծանր վիճակում ենք, քան կանգնած էինք սեպտեմբերի 27-ի առավոտյան:
«Եթե մարդիկ այս 2.5 տարում ցույց են տվել, որ որևէ խնդիր չեն կարողանում լուծել, ինչպես են պատրաստվում լուծել էլ ավելի բարդ խնդիրներ: Տեսնում ենք, որ ակցիաները գնալով ավելի բազմամարդ են դառնում, որովհետև քաղաքացիները, թմբիրից դուրս գալով, հասկանում են, թե այս ապիկար իշխանություններն ինչ ճակատագրական հանգրվանի են հասցրել»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց՝ Ոստիկանությունը ենթարկվում է անձամբ վարչապետին, հետևաբար վերջինս անձամբ պատասխանատու է կիրառված ամբողջ բռնության համար և պետք է պատասխան տա:
Անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ Խաչատրյանն ասաց, որ նա այն մարդն է, որը կանգնած էր երրորդ հանրապետության ակունքներում: «Նա 1992-ին ծայրահեղ ծանր իրավիճակում ստանձնեց պաշտպանության նախարարի ծանր պարտականությունները և մեկ տարվա ընթացքում շրջեց պատերազմի ամբողջ ընթացքը: Վստահ եմ, որ ինքն իր կարողությամբ, հեղինակությամբ կարող է նպաստել, որ Հայաստանը դուրս գա այս իրավիճակից, և վերջապես հաստատվի հանրային համերաշխություն»,-ասաց նա:
https://youtu.be/XYIHs-Fnspo
