Փաշինյանը վախենում է սեփական ժողովրդից
10 Դեկտեմբեր 2020
Ոստիկանությունը ենթարկվում է անմիջապես Նիկոլ Փաշինյանին, հետևաբար, ոստիկանության կողմից կիրառված ցանկացած անհամաչափ ուժ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառված անհամաչափ ուժ է: Այս մասին Կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկելու հարցին:
«Անթաքույց փորձ է կատարվում մարդկանց վախեցնել և լռեցնել: Երիտասարդներին հավաքում, տանում են, բաց են թողնում, բայց ցույց են տալիս, որ ուժ են կիրառում: Մարդկանց պատրաստ են ուժի միջոցով լռեցնել, բայց այլևս հնարավոր չէ, մենք կանգնած ենք երկիրը կորցնելու իրական վտանգի առաջ»,- ասաց նա:
Արթուր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է գնալ Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղեր, Ստեփանակերտ և տեսնի, թե ժողովուրդն ինչ է մտածում իր մասին:
«Թող Նիկոլ Փաշինյանը հիմա գնա Արցախ և իր աչքով տեսնի՝ ինչ է կատարվում, թե՞ այլևս Նիկոլ Փաշինյանի համար Արցախը Հայաստան չէ: Թող Լաչինի միջանցքով մի անգամ գնա Ստեփանակերտ և հետ դառնա, թող Ստեփանակերտի փողոցներում շրջի, մարդկանց հետ խոսի, տեսնի՝ ինչ կարծիք ունեն իր մասին: Թող նաև Սյունիք մտնի, շրջի գյուղերում, տեսնի, որ սահմանապահներ չկան, և համայնքի ղեկավարներն իրենք կամավորական ջոկատներով են սահման պահում, բա պետություն չկա՞, որ համայնքի ղեկավարներն են գնացել: Պարտված առաջնորդը վայրկյան առաջ պետք է հեռանա և պատասխան տա արածների համար»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամը:
Ոստիկանական ուժերը մի քանի շարքով շարունակում են մնալ Կառավարության դռների մոտ: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է սեփական ժողովրդից. «Եթե հայտարարում է, որ ժողովրդական աջակցություն ունի, այդ դեպքում ի՞նչ կարիք կա այսքան ոստիկանական զորքեր բերել և մարդկանց փորձել վախեցնել»:
Ինչ վերաբերում է նախօրեին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ խորհրդարան ժամանող Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցը զենք էր պարզել մեքենայի պատուհանից, Արթուր Խաչատրյանը նշեց. «Դա խայտառակություն է, ժողովրդի վրա զենք պահելը դեգրադացիայի ամենացածր աստիճանն է, ավելի ցածր ընկնել ես ուղղակի չեմ պատկերացնում»:
https://youtu.be/a_DeHYviRW8
