Մենք այսօր ամեն վայրկյան Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում
28 Դեկտեմբեր 2020Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ հարկավոր է արտահերթ ընտրություններ անցկացնել, այն պարագայում, երբ մենք քաղաքական օրակարգում ունենք մեկ հարց՝ դա դավաճանի հեռացումն է: Վարչապետը, ով դավաճանության համար պետք է դեռ պատասխան տա դատարանում, նա բարոյական իրավական որևէ հիմք չունի Հայաստանում իրականացնել արտահերթ ընտրություններ: Այս մասին այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեռ մեկ ամիս առաջ հանդես եկավ՝ ասելով, որ նախ պետք է Հայաստանը փրկել խայտառակ կորուստներից և երկրում ստեղծել այնպիսի քաղաքական կլիմա հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որը բացասական լիցքավորված անհանդուրժողական մթնոլորտը կկայունանա, և մենք կկարողանանք ընտրություններ կազմակերպել: Բայց Նիկոլ Փաշինյանը, որը մեր պառակտման, մեր պարտությունների մեր հազարավոր կորուստների հիմնական մեղավորն ու պատասխանատուն է, չի կարող Հայաստանում ընտրություններ կազմակերպել»,- նշեց Գալստյանը:
Նրա խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգում առաջնային խնդիր է դրված՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ. «Նախևառաջ երկրում կասեցնել երկրի գահավիժումը և հակաճգնաժամային քայլերով փրկել Հայաստանի հեռանկարը: Մենք այսօր ամեն վայրկյան Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում»:
https://youtu.be/zXDRMmqT0tM
