Մենք բանակի կողքին ենք և թույլ չենք տալու սանկցիաներ կիրառել, ձերբակալել գեներալներին
25 Փետրվար 2021
Մեզ տեղեկություններ են հայտնել, որ Դատախազությունը ցանկանում է սանկցիաներ կիրառել և պատրաստվում է ձերբակալել հայկական բանակի գեներալներին: Երևանի Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք գիտենք, որ Նիկոլի հրամանով Դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի սանկցիա կիրառեն և մտնեն Պաշտպանության նախարարություն և ձերբակալեն հայկական բանակի գեներալներին, և մենք այսօր կանգնած ենք հայկական բանակի կողքին և նման բան թույլ չենք տալու»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը հորդորեց չտրվել սադրանքներին և ակցիան իրականացնել կազմակերպված և համակարգված:
«Այս պահին մեր երկիրը գտնվում է խիստ ճակատագրական և վճռորոշ փուլում և ուրեմն՝ եկեք պայմանավորվենք մի քանի կարևոր բան, որպեսզի պայքարը լինի արդյունավետ: Առաջինը մենք չենք գնում սադրանքների, աշխատում ենք կազմակերպված, համախմբված, ինքնագործունեություն չի լինելու, սադրանքների չենք գնալու, պետք է պատրաստ լինենք պայքարի և համակարգված կազմակերպենք մեր բոլոր գործողություները»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և ԱԳՆ-ին կոչ արեց միանալ բանակին, միասնական հայտարարություն անել և լինել ժողովրդի կողքին:
«Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ԱԳՆ-ին, միանալ շարժմանը կանգնել ժողովրդի կողքին, ոչ թե մի մարդու, ով քաղաքացիական պատերազմ է հրահրում: Կանգնեք ժողովրդի կողքին և մի ենթարկվեք այդ խելագարի հրամաններին, հակառակ դեպքում դուք այդ խելագարի հետ միասին մեր երկիրը կտանեք նոր ցնցման»,- հորդորեց Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք՝ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում էր՝ ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը ԳՇ հայտարարությունից քիչ անց հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:
Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի՝ արագ, անցնցում հեռացման պահանջով՝ մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպել, քննարկել արագ հեռացման հարցը, մենք այդ միջանցքը և հնարավորությունը թողնում ենք․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ մեր մայրաքաղաքում քաղաքացիական բախում չպետք է տեղի ունենա։
«Հանրապետության հրապարակում ևս զուգահեռ ցույց է տեղի ունենում։ Մենք, ի տարբերություն այս խելագարի, մեր ժողովրդին սև ու սպիտակի չենք բաժանելու՝ այնտեղ ևս մեր հայրենակիցներն են, որոնց մի մասը մոլորության մեջ է, և կոչ ենք անում բոլորին բաց թողել այդ խելագարին և գալ՝ միանալ ժողովրդին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա բոլորի անունից կոչ ուղղեց վարչապետի աթոռին կառչած անձին․ «Դու ունես մի ճանապարհ՝ արագ, անցնցում, հենց հիմա կարդաս քո հրաժարականը և նետվես պատմության աղբանոցը»։
https://youtu.be/wtDRTRzDv_o
