Բանակը կառավարության ենթակա մարմին է և իրավունք ունի արտահայտելու տեսակետ իր վերադաս մարմնի գործողությունների վերաբերյալ
27 Փետրվար 2021
Մենք ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջները, նախագահը լսել է, մենք փոխանցել ենք հիմնավորումները, թե ինչո՞ւ է Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը հակասահմանադրական, հակապետական, իսկ ՀՀ նախագահը, իբրև պետության գլուխ, իր անաչառության շրջանակներում պարտավոր է առաջնորդվել համազգային շահով: Նա լսել է առաջարկություններն և ասել, որ իր որոշման մասին կտեղեկացնի: Այս մասին Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Զինված ուժերը սահմանադրության համաձայն ՀՀ անվտանգության երաշխավորն են և այդ հասկացության ներքո է ընկալվում արտաքին անվտանգության ապահովումը, երկրի ներսում հասարակական համերաշխության և բանակի նկատմամբ հարգանքի ինստիտուտի ձևավորումը:
«Մենք տեսանք՝ օրեր առաջ պաշտպանության նախարարության ապաշնորհ քաղաքականության և Կառավարության ղեկավարի աթոռը զավթածի գործողությունների արդյունքում նույնիսկ զորամասի զինվորներն էին հրաժարվում կատարել զինվորական հանձնարարականներ, ավելին փորձ է արվում հետևողականորեն ուժեղացնել հարվածները հայոց բանակի՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորի նկատմամբ, հետևաբար՝ ցանկացած քայլ, որն ուղղված է թուլացնելու դավադիր, պատերազմի ներքաշած բանակին և հրամանատարական կազմին, հակասում է համազգային շահին»,- նկատեց նա:
Մինասյանի կարծիքով՝ ԳՇ պետի պաշտոնանկության՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը կարծիքի արտահայտման խտրականության դրսևորում է. «Նիկոլ Փաշինյանը փորձեց թուլացնել բանակը, երբ հայտարարեց, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է, դրանով նսեմացրեց հայկական բանակը, Հայաստանի միջազգային հեղինակությունը հարվածի տակ դրեց, մինչդեռ զինված ուժերը կառավարությանը ենթակա մարմին են և իրավունք ունեն արտահայտելու տեսակետ վերադաս մարմնի գործողությունների վերաբերյալ: Փոխանակ քննարկեն, թե ո՞րն է պատճառը, որ ԶՈւ-ն և հրամանատարական կազմը պահանջեց կառավարության և ղեկավարի հրաժարականը, փորձ է արվում նսեմացնել թե՛ զինված ուժերը, թե՛ Հայաստանի միջազգային հեղինակությունը»:
https://youtu.be/0lK4uKpNF_4