«Ազգ, բանակ, հաղթանակ». հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում
01 Մարտ 2021
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, հայտնում են իրենց լիակատար աջակցությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբին։
Մեր շատ հայրենակիցներ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից տարբեր պատճառներով դժվարություն ունեին անցնող օրերին մասնակցել մեր հանրահավաքներին, այսօր գտել են շատ հարմար լուծում․ Նրանք պետական փողերով իշխանության փողերով անվճար հասել են Երեւան, եւ հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցել հողատուի հանրահավաքին, քիչ-քիչ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը, որովհետեւ հասկանում են, որ չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ ընդդեմ բանակի բարձրագույն հրամանտարության․ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա հավելեց, որ հանրահավաքը 15 րոպե ուշացնում են, որ մարդիկ կարողանան հասցնել գալ:
Նա նաեւ հայտարարեց, որ տարբեր համայնքներ, աշխատանքային խմբեր մացել են «Հայրենիքի փրկության շարժմանը», ինչի մասին կհայտարարվի հանրահավաքի ժամանակ: Ի դեպ, Բաղրամյան պողոտայում իրականացվում է ստորագրահավաք`ի աջակցություն «ֆեյքի» գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի:
Հանրահավաքն անցկացվում է «Հայաստանն առանց Նիկոլի», «Նիկոլը դավաճան է», «Ազգ, բանակ, հաղթանակ» կարգախոսների ներքո:

«Մարտի 1-ին տեղի է ունենում երկու հանրահավաք, որից մեկը տեղի է ունենում այստեղ՝ նպատակը Հայոց ազգային բանակի կողքին կանգնել է։ Արտառոցն այս պատմության մեջ այն է, որ հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքել է հանրահավաք՝ ի պաշտպանություն թուրքական բանակի։ Անամո՜թ․․․»,-իր ելույթում ասաց Թևանյանը՝ հավելելով․
«2008 թ-ի մարտի 1-ին Փաշինյանի հրահրմամբ տեղի ունեցավ ոճրագործություն և ողբերգություն, որի արդյունքում 10 հայորդի մահացավ։ Դա նրա հայի արյան առաջին համտեսումն էր ։ Հետո այդ թիվը տասնապատկվեց, հարյուրապատկվեց, հազարապատկվեց և նա արդեն մոտ 10 000 հայորդու համար պատասխանատու է»։
Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը հանրահավաքի ընթացքում ընթերցեց Փաշինանին ուղղված նամակը ՝ ակնկալելով ներկաների համաձայնությունը ՝ հրապարակել ՀՀ քաղաքացիների անունից։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով ՝ Փաշինյանն այլ տարբերակ չունի, պետք է հեռանա։ Նա իր նամակում նաև անդրադարձել է «Մարտի 1-ի» դեպքին , որում տեսնում է նաև Փաշինյանի մեղքը․ «Այսօր մարտի մեկն է՝ քո բազմաթիվ հանցանքներից մեկի օրը։ Հիշո՞ւմ ես ոնց 2008 թ․ մարտի մեկին ժողովրդին թշնամացրիր, հանեցիր իրար դեմ ու թռար, ոնց որ միշտ ու էլի զոհեր տվեցիր», – նշեց նա։
ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ԶՈՒ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին Բաղրամյան պողոտայի հարթակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազար քաղաքացիներ ողջունեցին բարձր ու երկարատև ծափահարություններով։

Դիմելով ԶՈւ սպաներին, նա հիշեցրեց, որ ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության ներքո ստորագրել են ոչ միայն գեներալները, այլև բանակը, իսկ դա նշանակում է, որ հրամանատարը չէր կարող միանալ այն հայտարարությանը, որին համաձայն չեն իր անձնակազմը, եթե նա միացել է, ուրեմն խոսել է զինվորների, պայմանագրայինների հետ։
«Ոչինչ հենց այնպես չի լինում։ Այդ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը։ Եվ սա վերջն է։ Հասկանո՞ւմ եք, նույնիսկ Էրդողանն ու Ալիևն են անհանգստանում անթաքույց։ Ինչո՞ւ են անհանգստանում նրանք, որովհետև հասկանում են, հայկական բանակը նրանց միշտ ջարդել է ու կջարդի, մենք անպայման այդ ամենը վերադարձնելու ենք։ Ես հարգանքով դիմում եմ բոլոր զինվորականներին, սերժանտներին, պայմանագրայիններին, բոլոր-բոլորին, իմացեք, ժողովուրդը ձեզ հետ է, նա ձեզ մենակ չի թողնի։ Եվ վերջում՝ Ազգ, բանակ, հաղթանակ»,-ասաց նա։
«Մենք այսօր հավաքվել ենք բանակին սատարելու, բանակը մենք բոլորս ենք ու այսօր կանգնած ենք հայկական բանակի շարքում»,- իր ելույթում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Իրավապահ համակարգին Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց, որ քիթները չխոթեն բանակի գործերի մեջ, որովհետեւ այնտեղ շատ դժվար փորձությամբ նրանք կարող են անցնել:
Սեյրան Օհանյանը ժողովրդին կոչ արեց սատար կանգնել բանակին, որպեսզի մոլորության մեջ չլինեն։
Կոչով դիմելով հավաքվածներին` Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ այս հրապարակում հավաքված է ազգի սերուցքը։

«Մեջքներդ ուղիղ պահեք, ձեռքերդ վերև պահեք, չորս ամիս բոլորիս համար ամեն օր նոյեմբերի 9-ն է։ Նոյեմբերի 9-ը շարունակվում է ամեն առավոտ, ամեն գիշեր ու որպեսզի մենք կարողանանք շրջել այդ էջը, որպեսզի նոր օր բացվի հայոց աշխարհի վրա մի բան է պետք՝ առանց Նիկոլ Հայաստան»,– դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց նա։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում նշեց, որ պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը, քանի որ Փաշինյանը թքած ունի հասարակության, տնտեսության և սոցիալական խնդիրների վրա:
«Այսօր, ստի և կեղծիքի վրա հորջորջված տնտեսական հեղափոխության արդյունքում 2020 թվականին 11 անգամ իջել են օտարերկրյա ներդրումները: Այսպիսի բան դեռ չի եղել: Արտահանման, ներմուծման, առևտրաշրջանառության մեջ ունենք երկնիշ անկումներ: Ո՞ւր ենք գնում այսպես՝ թուրքի կողմից հովանավորվող կառավարությանը հանդուժելով: Մեզ մնացել է վերջին ճիգերը, բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը: Եվս մի քանի օր, և մենք միասին այստեղ տոնելու ենք հաղթանակը»,-ասաց նա:
Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը, ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Հանրահավաքի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց երթով գնալ ՀՀ նախագահի նստավար եւ իրենց աջակցությունն ու սատարումը հայտնել ՀՀ նախագահին։
Նա նշեց, որ այսօր իրենք ավանդական դարձած երթ չեն անի, որպեսզի խուսափեն Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցների հետ բախումներից։
Չորեքշաբթի այս շենքում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան: Ըստ օրենքի վարչապետը պետք է ներկայանա խորհրդարան: Այդ օրը 16. 00-ին հավաքվում ենք այստեղ: Վաղը շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
https://youtu.be/r3J1GEljeio











