Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում
03 Մարտ 2021
Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը: Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, հայտնում են իրենց լիակատար աջակցությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբին։
Նշենք, որ հանրահավաքին զուգահեռ Ազգային ժողովում տեղի է ունենում Կառավարության հետ հարց ու պատասխանը:
Իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Մինչ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների ԱԺ ժամանելը, բազմաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին ԱԺ շենքի ներսում, այնուհետև Բաղրամյան պողոտայի կողմից զոդեցին խորհրդարանի դարպասները, իսկ շենքի վերևի հատվածներում տեղակայեցին բազմաթիվ դիպուկահարների։
Այսօր վճռական օր է․ իր ելույթում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու մասին մերժվեց նախագահի կողմից և ետ ուղարկվեց:
«Կառավարությունից նորից նույն միջնորդությունը եկավ և մուտքագրվել էր միայն մարտի 1-ին: Այսօր մինչև երեկո ՀՀ նախագահը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, կա՛մ այդ միջնորդությունն ուղարկում է ՍԴ, կա՛մ թողնում է անպատասխան, որը, ըստ Կառավարության իրավաբանների, բավարար է, որ Օնիկ Գասպարյանին հեռացնեն պաշտոնից, բայց ՀՀ իրավաբանների մեծ մասը հակառակն է ասում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա շեշտեց, որ մարտի 1-ի հանրահավաքին, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների մասնակցությամբ հավաքվել էին մեկ կարևոր նպատակով:
«Որ մեր ներկայությամբ ամեն ինչ անենք, որպեսզի երկրորդ անգամ իր մռթին ստանա վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, երկրորդ անգամ մերժվի հայոց Զինված ուժերը գլխատելու իր ծրագրի մեջ: Այն ծրագիրը, որը ձեռնտու է միայն մեր թշնամիներին»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով, մինչև երեկո, պարզ կլինի, թե ինչ վերջնական դիրքորոշում կարտահայտի Հայաստանի նախագահը և ըստ այդմ էլ կլինեն հստակ գործողություններ:
«Երեկ նախագահը մի հայտարարությամբ մեկ ուրիշ օրենք ուղարկեց ՍԴ, բայց դա բոլոր դռները չեն փակում: «Հայրենիքի փրկության շարժումը» շատ արագ, հայտարարությամբ ցավ հայտնելով տեղի ունեցածի համար, շտապ հանդիպում պահանջեց նախագահից, որն այսօր կայացել է: Այս հանդիպման մանրամասները կներկայացնի Արծվիկ Մինասյանը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին հայտարարեց․ ՀՀ նախագահը պետք է հետեւողական լինի, հետ քայլ չանի եւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ հարցով դիմի ՍԴ, հակառակ դեպքում թե բանակը, թե ժողովուրդը թույլ չի տալու ոչ միայն կառավարության, ոչ միայն նախագահի, այլ բոլորի գործունեությունը:
«Կսահմանափակի նրանց գործունեությունը, որովհետեւ նրանց գործունեությունը հակապետական եւ հակաազգային կլինեն: Սա սկզբունքային հարց է, ժողովուրդը ոտքի է կանգնել իր զինված ուժերի հետ միասին եւ պետականությունն է պաշտպանում: Սա միայն Օնիկ գասպարյանի հարցը չէ, սա մեր ողջ բանակի, բարձրագույն հրամանատարական կազմից մինչեւ վերջին զինվորի տված երդումը պահելու հարց է:
Երկրորդ, զուտ իրավական առումով ՀՀ նախագահը չի կարող անգործություն դրսեւորել առանց հիմնավորման: Օրենքը սահմանում է՝ կամ ստորագրում ես, կամ դիմում ես ՍԴ, երրորդ տարբերակ չկա: Երրորդ տարբերակն անգործությունն է»,-ասաց նա:
Եթե զինվորականներն ասում են, որ հրաժարականի կարիք կա, ուրեմն անվտանգության խնդիր կա։ Դրան էլ կանխատեսելիորեն հաջորդում է այն, որ վարչապետն առաջարկում է ազատել Օնիկ Գասպարյանին՝ իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա պնդեց, որ Սահմանադրության 155-րդ հոդվածով է երաշխավորվում Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը։ Փաստաբանը նաեւ հորդորեց Օնիկ Գասպարյանին, որպեսզի նա ևս ֆիքսի այս հանգամանքը՝ կա Սահմանադրական դատարանի որոշում, որը երաշխավորում է ԳՇ պետի պաշտոնավարումը։

Ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը․ «Օրեր առաջ մենք խոստացանք, որ Բաղրամյան պողոտան դառնալու է մեր պայքարի հրապարակ, և մենք լինելու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի հաղթական ավարտի չենք հասցրել մեր արդար գործը»։ Ապա խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց, որ այնտեղ են, քանի որ հաշտ չեն հայրենիքի կորստի հետ։
«Որովհետև դուք համոզված եք, որ մի օր հետ ենք բերելու Հադրութն ու Շուշին, որովհետև դուք չեք կարող մոռանալ այն պարտքը, որ ունենք մեր 5000 անմեղ զոհված նահատակների առջև»,- նշեց Լիլիթ Գալստյանը։
Դուք ձեզ հռչակել եք՝ որպես ժողովրդի իշխանություն, պարբերաբար խոսում եք, որ ժողովրդի կամարտահայտությունը գերակա է, իջե՛ք և ժողովրդի հարցերին պատասխանեք․ ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ շարունակելով,- Ե՞րբ են լուծվելու գերիների հարցը, զոհված ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերը, ե՞րբ են լուծվելու փախստականների հարցերը։ Կորսված հայրենիքի համար պատասխան տվեք»։
Կոչ եմ անում բոլոր արժանապատիվ հայերին միանալ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց․ իր ելույթում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Նրա խոսքով՝ բանակը կանգնած է ժողորդի կողքին, իսկ ժողովուրդը՝ բանակի կողքին, հաղթանակը անխուսափելի է լինելու:
Հանրահավաքն ընդմիջվեց, սպասում են ԳՇ պետի հարցով նախագահի որոշմանը։
Ինչպես նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, իրենք սպասում են լուրի ՀՀ նախագահի նստավայրից, տեսնեն արդյոք նախագահը դիմելու է ՍԴ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության հետ կապված, թե ոչ։
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին նախագահականում հավաստիացրել են, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել առնվազն մինչև մարտի 8-ը․ հանրահավաքի ավարտին հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
«Մինչ այդ որոշվելու է նախագահի Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Օնիկ Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակելու է մնալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»։
Նա ժողովրդին կոչ արեց դիմանալ համբերատար լինել. «Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի, դրա համար պետք է կամք, համառություն, հավատք: Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Պետք է կարողանանք մեր ասելիքը հասցնենք մարզերին: Շաբաթ օրը, 15:00-ին մեծ հանրահավաք կանենք, որ ցույց տանք՝ ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ»։
https://youtu.be/ILHCAzirsAk















