Թուրքական ապրանքների արգելք, թե ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները
04 Մարտ 2021
Գործող իշխանությունները վերջին 2 տարիներին ամեն ինչ արել են, որ մեր երկրից կապիտալն ուղղակի փախչի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Որպես փաստարկ Ավետիսյանը վկայակոչում է 2020 թվականին մեր երկրում օտարերկրյա ներդրումների ցուցանիշը, որը 2019-ի համեմատ կրճատվել է մոտ 123 անգամ` 38.1 միլիարդից հասնելով 311 միլիոն դրամի։
«Գրեթե զրոյական զուտ ներհոսք ենք ունեցել օտարերկրյա ուղղակի ներդրումների, մոտ 3 անգամ էլ կրճատվել են ընդհանուր ներդրումները, այդ թվում` պորտֆելային ներդրումները։ Ներքին ներդրումները ևս նվազել են»,- ասաց նա։
Նրա խոսքով` 2019-ին ևս ներդրումներն էապես կրճատվել են։ Եվ այսպիսի իրավիճակում, երբ էկոնոմիկայի գործող նախարարը հունվարի սկզբին խոսում էր միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, հույսը դրել էր թուրքական կապիտալի և տարածքների ապաշրջափակման վրա։
Ու դրան զուգահեռ, կառավարությունը շարունակում է հակասական հայտարարություններ անել. մե՛կ որոշում են, որ թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելել, մե՛կ հայտարարում տարածքների ապաշրջափակման մասին։
«Ասում էին, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր տնտեսական սերտաճումը կբերի նաև կյանքի որակի բարելավմանն ու տնտեսության զարգացմանը, հիմա էլ խոսում են թուրքական ապրանքների արգելքը շարունակելու մասին»,- նշեց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց, որ կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը ևս մեկ անգամ կերկարաձգի` տեղի տնտեսվարողներին հնարավորություն տալով վերադասավորվել և ներդրումներ անել։
2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։
