Գտնվում ենք մեր պայքարի ամենավճռական փուլում․ նահանջ չի լինելու
04 Մարտ 2021
Բաղրամյան պողոտայում, խարույկի շուրջ տեղի է ունեցել քննարկում․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երիտասարդ դաշնակցականների հետ զրուցել է ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների մասին:
Սաղաթելյանն անդրադարձավ փողոցային պայքարի ու հանրահավաքների վերաբերյալ քննադատություններին և մասնավորապես այն հանգամանքին, որ Հայրենիքի փրկության շարժումը կտրուկ գործողությունների չի գնում. «Մենք ունենք մի քանի սկզբունք. մենք չպետք է տրվենք սադրանքների, չպիտի երկիրը տանենք նոր ցնցումների, մեզ համար երկրի կայունությունը շատ կարևոր է: Երբ այս մասին ասում ենք, մարդիկ դա դիտում են որպես նահանջի դրսևորում, բայց վստահեցնում եմ, որ գնալու ենք մինչև վերջ, մեր հաջողությունները ակնհայտ են, Նիկոլը մնացել է մենակ՝ բացառությամբ որոշ ուժային կառույցների, երկրի պետական կառավարման համակարգ գոյություն չունի, նա այսպես չի կարող երկար շարունակել»:
Սաղաթելյանը նշեց, որ արդեն 3 ամիս է, ինչ շարունակվում է հայրենիքի փրկության պայքարը. «Այսօրվա իրավիճակն արդեն իսկ մեր պայքարի արդյունքն է, օրեցօր Նիկոլը կորցնում է իշխանությունը, դա ՀՀ քաղաքացիների հետևողական պայքարի արդյունքն է: Հիմա մենք գտնվում ենք մեր պայքարի ամենավճռական փուլում: Նահանջ չի լինելու»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհային քարտեզը կա:
Սաղաթելյանը նշեց նաև, որ Բաղրամյանում չեն հավաքվում մարդիկ, որոնք սատարում են այս կամ այն ուժին. «Շատերը գալիս են, որովհետև հասկանում են, որ երկիրը վտանգի մեջ է, գալիս են կանգնելու բանակի, եկեղեցու կողքին: Այս փուլում մեր խնդիրը հայրենիքը փրկելն է, որի առաջին քայլը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է»:
Մանրամասները տեսանյութում