Կանայք պետք է ոտքի կանգնեն և պայքարեն պետություն ունենալու, պետականությունը պահպանելու համար
08 Մարտ 2021
Հասարակությունը պետք է այսօր ոտքի կանգնի և այս կառավարությունից պահանջի պատասխանել` ինչու այս կառավարությունը չարեց ամեն ինչ, որպեսզի կանխի պատերազմը, ինչու չարեց ամեն ինչ, որ շուտ կանգնեցնի պատերազմը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
«Հասարակությունը պետք է ոտքի կանգնի և այս կառավարությունից պահանջի պատասխանել՝ ինչու կապիտուլացիայի ստորագրումից հետո էլ մենք օր օրի սահմանների կորուստներ ենք ունենում, հազար ու մի այլ կորուստներ ենք ունենում և այս ամենից հետո հայտարարել, որ գերիների և անհայտ կորածների թիվը պետական գաղտնիք է, դա ընդամենը անբարոյականություն է սեփական ժողովրդի առաջ»,–ասած նա։
Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ կանայք պետք է ոտքի կանգնեն և պայքարեն պետություն ունենալու, պետականությունը պահպանելու համար։ Նա տանը նստած մայրերին ու քույրերին, ովքեր հասկանում են, որ ազգն աղետի առաջ է, կոչ արեց դուրս գալ և միանալ հանրության պայքարին։ «Մնալով տանը՝ նրանք նպաստում են, որ մեր ողջ մնացած տղաները արտագաղթեն, նպաստելու են, որ մեր աղջիկներն ամուսնանան օտարազգիների հետ, և իրենք ունենալու են միայնակ ծերություն, նրանք, մնալով տանը, նպաստելու են, որ փոքրանալու է հացի խնդիրը լուծելու հնարավորությունը»,–ասաց նա և նշեց, որ վաղուց արդեն ժամանակն է, որ կանայք, երիտասարդ աղջիկները ոտքի կանգնեն և պայքարեն։
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ արտահերթ ընտրությունների գնալը նույնն է, թե լեգիտմիացնել այս ընթացքում կատարած բոլոր քայլերը, դառնալ նրա ստորագրած կապիտուլուցիոն համաձայնագրերի իրավահաջորդն ու տերը։ Բոլորս տեսանք, թե ինչ վարչական ռեսուրս կիրառեց հանրահավաքին»,–ասաց նա։
https://youtu.be/Y9MTSNBcqjY