Առաջին թիվը, որը ցույց կտա՝ Նիկոլը պարտվել է, թե ոչ, մասնակցությունն է լինելու
28 Մարտ 2021
Այո, կա տրամաբանություն, որ եթե ռեյտինգային ընտրակարգ պահպանվի, մասնակցությունն աճելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից ու երթից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Եթե սրանից խուսափում է իշխանությունը, դա ոչ թե նրա համար է, որ ռեյտինգայինին դեմ է, նա գիտի, որ դա միշտ էլ իշխանությունների համար հարմար բազա է ստեղծել: Դա նրա համար է, որ նա վախենում է մասնակցության տոկոսից: Նա գիտի, որ ինչքան շատ մարդ մասնակցեց ընտրություններին, այնքան իր շանսերը քիչ են լինելու: Բայց նա հաշվի չի առնում, որ այս ընտրությունները կարող են այն աստիճանի քաղաքականացվել, որ Նիկոլ եւ հականիկոլ բեւեռների մեջ կուտակվելու են երկու հակադիր ձայները: Սա կոչվում է փոշեկուլի էֆեկտ:
Իսկ քաղաքական գործոնն այնքան մեծ է լինելու, իսկ համամասնականի դեպքում հենց քաղաքական գործոնն է հիմնական դերն արձնագրելու, որ սա չի խափանելու բեւեռացման առաջացումը: Այսինքն կարող է թեկնածուների առումով մասնակցությունը քչանա, բայց քաղաքականացման առումով նորից կարող է մասնակցությունը բարձր լինել»,-ասաց նա:
Ռուստամյանը հավելեց, որ եթե ռեյտինգայինը վերացավ, իսկ ՀՅԴ-ն դրան միշտ կողմ է եղել, առաջին թիվը, որը ցույց կտա՝ Նիկոլը պարտվել է, թե ոչ, մասնակցության թիվն է լինելու. «Եթե մասնակցությունը եղավ բարձր, դա նշանակում է՝ հաստատ Նիկոլը պարտվել է»,-ընդգծեց ՀՅԴ անդամը:
Ինչու մարդիկ չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որովհետեւ հրաժարական տալուց հետո, ըստ էության, գործընթացներն իր վերահսկողությունից դուրս են գալու․ նշեց Արմեն Ռուստամյանը:
«Հրաժարականից հետո սկսվելու է սահմանադրական գործընթաց Ազգային ժողովում, որը հրաժարականի պահից արդեն ունենալու է երկու լուծում. Կամ ինքը հրժարական չի տալիս եւ պետք է շարունակել ավելի հուժկու, կամ եթե հրաժարական է տալիս, պետք է խորհրդարանով ինքը հեռանա: Երկու հնարավոր զարգացումներն էլ Շարժումը պետք է պլանավորի եւ հստակ իր տեակտիկական քայլերը դրան համապատասխանեցնի:
Երկրորդ, եթե հրաժարական է տալիս, ապա սա պետք է Նիկոլին հեռացնելու ընտրություն համարվի»,-ասաց նա:
Ռուստմյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին. «Ես նրա վերընտրվելը շատ անհավանական եմ համարում: Մնում է վերարտադրվելը՝ օգտագործելով բոլոր լծակները, կեղծիքների ամբողջ մեխանիզմները: Դրանից հետո արդեն պետք է անցնել համատարած անհնազանդությանը, երբ արձանագրելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, երկիրը կանցնի հետընտրական փուլի ծանր գործընթացի, եթե Նիկոլը շարունակի ամեն գնով աթոռը պահելու այդ տրամաբանությունը»,-ասաց Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ընտրությունների ժամանակ կոնսոլիդացիա կլինի Ռոբերտ Քոչարյանի շուրջ: «Դա կատարելու է ընտրողը: Ընտրությունները ունեն այդ հատկությունը, բվեւեռացում է առաջանում: Այս պարագայում առաջանալու է Նիկոլ եւ հականիկոն բեւեռներ եւ ընտրողն իր գիտակցության մեջ որոշելու է, թե հականիկոլ բեւեռում ով է ամենավճռական պայքարողը»,- նշեց նա:
Ռուստամյանի խոսքով, վերջին օրերին ընտրողի մոտ ձեւավորվելու է իր մոտեցումը, եւ նա հաստատ ձայն է տալու այն թիմին, կամ այն ուժին, որն այդ վճռականությունը դրսեւորել է եւ այն ծրագիրը ներկայացրել է, թե ինչպես է երկիրն այս վիճակից դուրս բերելու:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նոր իշխանության մեջ Նիկոլը չլինի: Եթե Շարժումը կարողանա եւ կարող է դա անել, 2 հազար տեղամասում լուրջ վերահսկողություն իրականացնել, որ կեղծիքներ թույլ չտա եւ կանխի, մենք պետք է ունենանք զուգահեռ ձայների հաշվարկ հենց այս հրապարակում, որ արձանագրվի իրական արդյունքը: Այս ներուժը այս Շարժումն ունի»,-ասաց Ռուստամյանը:
Շարժումը չի պառակտվի այնքան ժամանակ, քանի դեռ «առանց Նիկոլ Հայաստան» նպատակը բոլորը պահպանում են․ նշեց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Շարժումը պառակտվել է՝ հաշվի առնելով, որ այսօրվա հանրահավաքին ներկա չէին Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը:
«Կարող է մարտավարական տարբեր միջոցների առումով լինեն տարաձայնություններ, բայց դա էլ բնական է, դա պառակտում չէ: Կարող է հիմա ամեն մեկն իր ուժերն է վերադասավարում, հատկապես նրանք, որոնք հայտարարել են, որ առանձին են գնալու»,-ասաց նա:
Ռուստամյանը խոսեց նաեւ ընտրություններից հետո կոալիցիների ձեւվորման հնարավորության մասին. «Ես չեմ կարծում, որ որեւէ ուժ 50 տոկոսից ավել ձայն ունենա, եւ այդտեղ հարց է առաջանալու կոալիցիաների ձեւավորման առումով: Շարժման խնդիրը պետք է լինի բացառել որեւէ մեկի կոալիցիան Նիկոլի հետ»,-ասաց նա:
Մեզ համար պարզ էր, որ սրանք եկել են թրքացնեն Հայաստանը. Այս մարդիկ մեզ տանում են թուր-քադրբեջանական տանդեմի ռազմավարության ուղղությամբ․ նշեց Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, նա նշեց. «Ճանապարհների բացվելը լուրջ սպառնալիք է առաջացնելու Հայաստանի համար: Վրաստանի օրինակը թող բոլորը տեսնեն, որ ազգային առումով Վրաստանից շատ քիչ բան է մնացել: Թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի կերել է վրացական տնտեսությունը: Բուլղարիայի օրինակը կարող են նայել, թե ինչպես է ազգային տնտեսությունը ծնկի եկել: Մեր գյուղատնտեսությունը կմեռնի, մենք պետք է պատրաստ լինենք ճանապարհների բացմանը: Բայց նրանց դա չի հետաքրքրում, իրենք դրսից ղեկավարվող ուժեր են: Այո, օտարներին ձեռք է տալիս, որ Հայաստանը կորցնի իր ինքնուրույն դերակատարությունը, Ռուսաստանը դուրս մղվի այստեղից: ԱԽ քարտուղարի հայտարարությունը հենց այդ տրամաբանության մեջ եմ տեսնում: Իրենք խնդիր ունեն Հայաստանը թուրքացնելու: Իրենց ձեռք չի տալիս ազգային ողնաշար ունեցող պետություն, որը Հայաստանն է: Դեմներս ապրիլի 24-ն է, մեծ է հավանականությունը, որ Բայդենը կարտասանի ցեղասպանություն բառը: Դուրս է գալիս, որ թուրքերը համ դրսում են աշխատում, համ ներսում»:
«Առանց Նիկոլ Հայաստան»-ի առաջին քայլը առանց Նիկոլ ընտրություններ անցկացնելն է․ ասաց Արմեն Ռուստամյանը:
«Դրա մասին բոլորն են խոսել: Իրար մեջ հազար հարց ունեցող նախկին երեք նախագահները նույն տրամաբանությամբ հայտարարություն են արել: Բոլորը հասկանում են, որ եթե Նիկոլով եղավ ընտրություն, սա նախ կվերածվի քաղաքացիական կռվի ամեն տեղամասում: Իսկ եթե, Աստված մի արասցե, այդ ամենի վրա թքած ունենալով Նիկոլը փորձի վերարտադրվել, այս երկիրը կմտնի մի երկարատեւ մղձավանջի մեջ: Նրան հեռացնելը կդառնա հետընտրական պրոցեսի գլխավոր հարցը»,-ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ Հայաստանի երեք եւ Արցախի 2 նախկին նախագահները ընտրությունները Նիկոլ Փաշինյանի միջոցով իրականացնելու վտանգն են տեսնում. «Եթե ընտրությունը սեփական իշխանությունը պահելն է, դա լինելու է կյանքի-մահու ընտրություն»,-ասաց նա:
Տեսանյութն՝ այստեղ