Թույլ չենք տա՝ Փաշինյանը հրաժարվի մեր անօտարելի իրավունքներից
18 Հունվար 2022
Առանց որևէ նախապայմանների Թուրքիայի հետ բանակցությունների գնալու Հայաստանի իշխանությունների պնդումները ընդդիմադիրներին վստահություն չեն ներշնչում։
Ընդգծելով, որ այդ նախապայմանների մասին հստակ խոսել են Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց՝ չեն հանդուրժելու Հայաստանի իշխանությունների քայլերը և թույլ չեն տալու Փաշինյանին՝ հրաժարվելու «մեր անօտարելի իրավունքներից»։
«Էրդողանը առաջ է քաշել չորս նախապայման՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման արշավի դադարեցում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում և Թուրքիայի, թուրքական աշխարհի միջև ցամաքային միջանցքի տրամադրում Հայաստանի տարածքի միջով։ Դրա մասին խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը՝ Չավուշօղլուն։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության կմկմացող, ոչ հաստատակամ պնդումները, որ առանց որևէ նախապայմանների մենք գնալու ենք բանակցությունների, մեզ համար որևէ վստահություն չեն ներշնչում։
Եվ այսօր էլ մենք հայտարարում ենք, որ չենք հանդուրժելու այս քայլերը, ինչ ձեռնարկում են Հայաստանի իշխանությունները, և մենք պատրաստ ենք, հնարավոր բոլոր ռեսուրսներով, Հայաստանում և Սփյուռքում նույն շարժումը ծավալել, որպեսզի թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի մեր անօտարելի և անժամանցելի իրավունքներից», – հայտարարեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութ