ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Դրօշակ»ի Առաջնորդող. Համախմբվել՝ միավորելով առավելությունները

24 Հունվար 2022

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի։ Նկատի ունենալով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու հայության կրած մարդկային, տարածքային և մշակութային ծանր կորուստները՝ Կիլիկիո կաթողիկոսը 2021 թվականը հռչակել էր Արցախի տարի։ Հաջորդող 2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելը ենթադրել է տալիս հիմնահարցի լրջության մասին։ Եվ իսկապես, կաթողիկոսական պատգամում, որը հրապարակվել է 2022 թ. հունվարի 1-ին, ասվում է. «….Հայ ժողովուրդն իր երեք թեւերով՝ Հայաստան, Ար¬ցախ եւ Սփիւռք, բազմաթիւ ու բազմազան մարտահրաւէրներ ու վտանգ¬ներ կը դիմագրաւէ, իսկ հայօրէն մաշումի ենթակայ Սփիւռ¬քը՝ աւելի՛ն։ Տեղ մը ան անորոշութեան ալիքներու մէջ կ’օրօրուի, այլ տեղ փոթորիկներու դէմ կը պայքարի. տեղ մը նոր ինքնութեան փնտռտուքի մէջ է, այլ տեղ՝ տեղայնացումի արագ ընթացքին մէջ։ Արդ, Սփիւռքի վերակազմակերպումն ու վերակենսաւորումը հրամայական անհրաժեշտութիւն է….»։ Իսկ այս նախաձեռնությունը նշանակո՞ւմ է արդյոք, թե Սփյուռքը պետք է ինքնուրույն դիմագրավի առկա մարտահրավերներին՝ ինքն իր մեջ գտնելով սեփական հիմնահարցերի պատասխաններն ու հասնելով դրանց լուծմանը։ Այս հարցադրման պատասխանը կարելի է գտնել նույն կաթողիկոսական պատգամում, մասնավորապես՝ հետևյալ տողերում. «….Սփիւռքը ինքնավախճան իրականութիւն մը չէ. ան իր տեսլականը պէտք է միշտ սեւեռած պահէ Հայաստանի ուղղութեամբ, որ ողնասիւնը կը կազմէ հայ ազգի ներկային ու երաշխիքը` անոր ապագային։ Այս խոր գիտակցութեամբ Սփիւռքը կոչուած է ինքզինք վերակազմակերպելու….»։

Կարելի է ակնկալել, որ իր իրավունքների մեջ մտած 2022 թվականին, Հայաստանի ու Արցախի գլխին կախված կենսական հիմնահարցերին զուգահեռ, շահեկան և անկեղծ խոսակցություն կծավալվի Սփյուռքի ներկայի, ներքին մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ, ինչը վաղուց տեղի չի ունեցել։ Ավելին՝ ամենուր և մշտապես հնչող դատողությունները Հայաստանի ու Արցախի բազմաթիվ հիմնահարցերի վերաբերյալ կարծես թե տասնամյակներ շարունակ շղարշել են հայության մեծամասնությունը կազմող աշխարհասփյուռ համայնքների խնդիրներն ու հոգսերը, որոնք հայրենիքի երկու հատվածների անկախացումից հետո, թվում է, ոչ թե նվազել, այլ ավելացել են։

Իրականում այս թեմայի շուրջ այսօրվա խոսակցությունները սկսվել են արցախյան վերջին պատերազմում կրած պարտության ու դրան հետևած հայրենի մռայլ իրականության ծանր տպավորությունների մթնոլորտում։ Եվ, հավանաբար, հենց նման տրամադրությունների ազդեցությունն են երբեմն կրում արվող հետևությունները։ Մասնավորապես ձեռք թափ տալով տագնապալի ու ճակատագրական իրականության նկատմամբ ոչ համարժեք կեցվածք դրսևորող հայաստանցիների վրա՝ ոմանք եզրակացնում են, թե Հայաստանի հետ հույսեր կապելն անիմաստ է, և Սփյուռքը պետք է ինքն իր գլխի ճարը տեսնի։ Մնում է երևակայել, որ եթե այսպես մտածողների ձայնին ականջալուր լինեն աշխարհասփյուռ զանգվածները, Սփյուռքը դուռը փակելու է Հայաստանի՞, ողջ աշխարհն իր մեջ ընկղմող համաշխարհային նոր իրողությունների՞, թե՞ նաև ինքն իր վրա։ Անաչառ լինելու համար պետք է խոստովանել, որ անցած մեր ավելի քան երեսնամյա ընթացքի հաշվեքննությանը մղող քառասունչորսօրյա ձախող պատերազմը և պարտության կառավարության «խրոխտ» առաջնորդությամբ շարունակվող համազգային նահանջը բնականորեն մղում են եզրահանգումների և՛ Սփյուռքին, և՛ Սփյուռքի շուրջ ու ընդհանրապես։

Հայրենիք-Սփյուռք մերձեցումն իրական ընթացք առավ դեռևս 1988 թվականի երկրաշարժից հետո։ Խորհրդային սահմանների փլուզումը, արցախյան ազատագրական պայքարն ու հայրենի երկու պետականությունների ձևավորումը լրջագույն խթան դարձան հայության երկու հատվածների միջև ամուր ու լայն կամուրջների կառուցման համար։ Դժբախտաբար, այս անգամ ոչ թե արտաքին գործոնները, այլ ներքաղաքական հաշվարկները ստեղծեցին պատնեշներ այդ մերձեցման ճանապարհին։ Անկախ Հայաստանի չորս ղեկավարներից առաջինն ու չորրորդը որդեգրեցին հայությունը սևի ու սպիտակի բաժանելու, հայաստանցու և արցախցու, Հայաստանի և Սփյուռքի միասնականացման ընթացքը պառակտելու և հատվածականությունը խորացնելու քաղաքական կուրս։ Երկրորդ և երրորդ նախագահները փորձեցին մերձեցնել ժողովրդի երեք հատվածներին՝ վերացնելով Հայաստանն ու Սփյուռքը շաղկապող կամուրջներին ի հայտ եկած խոչընդոտները։ Եթե անկախացմանը նախորդող ու հաջորդող առաջին տարիներին հայությանը միավորող գործոններ էին իր տագնապները, պայքարն ու ձեռքբերումները, ապա վերջին շրջանում միասնականացման գործոն են ծառայել պատերազմներն ու դժբախտությունները Սիրիայում, Լիբանանում, Արցախում ու Հայաստանում։

Չնայած երկրորդ ու երրորդ նախագահների օրոք հայրենիք-Սփյուռք մերձեցմանն ուղղված զանազան միջոցառումների՝ խորհրդաժողովների ու համաժողովների, փոխայցելությունների ու ծրագրերի պակաս չկար, այսօր կարծես այդ ամենը չի էլ եղել։ Երրորդ նախագահի օրոք անգամ Սփյուռքի նախարարություն ստեղծվեց, բայց կարծես թե բարի ցանկությունները ամրագրված չէին հայեցակարգերով, որոնք պետք է նախանշեին, թե ի վերջո ինչ է ուզածներս, հայրենիքն ու Սփյուռքը ինչպես են կառուցելու իրենց հարաբերությունները՝ ելնելով հստակեցված վերջնանպատակներից ու տեսլականներից։ Անաչառությամբ առաջնորդվելով՝ արձանագրենք, նաև որ այդ գործընթացին թերևս խանգարել են մի շարք կեղծ պատկերացումներ ու կանխատեսումներ։

Օրինակ՝ ի՞նչ իրական ներուժ է պարունակում Սփյուռքը, և ի՞նչ ենք ակնկալում նրանից՝ մեր ընդհանուր նպատակներին միտված գործը դերաբաշխելով։ Սրանից ավելի կարևոր հարց է, թե ինչ պարտականություններ ու հանձնառություններ է պատկերացնում իր համար ազգային պետությունը սեփական Սփյուռքի նկատմամբ՝ ելնելով նրա գոյատևման հրամայականներից և համընդհանուր գործի համար ներուժի կուտակման ու համախմբման անհրաժեշտությունից։ Փոխարենը շոուներ հիշեցնող ու կարգախոսային բնույթի զանազան հայտարարություններ են արվել, օրինակ, զանգվածային ներգաղթի կազմակերպման վերաբերյալ այն պարագայում, երբ տեղացի բնակչությունն անգամ մշտապես ունեցել է թե՛ կեցության, թե՛ աշխատանքի և թե՛ եղած աշխատանքով քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովելու խնդիր։ Զարմանալիորեն այդ անիրական պատկերացումները այն նույն իրականության վերաբերյալ, որում մեր հայրենակիցներն են ապրում, եղել են ու կան ոչ միայն հայրենիքում, այլև Սփյուռքում։ Ինքնաբա՞վ է արդյոք Սփյուռքը, որպեսզի կարողանա, օրինակ, ինքն իր մեջ վերակազմակերպվելով ապահովել սեփական հեռանկարը և ազգային երազանքների համար համարժեք պայքարի կարողականությունը։ Զանազան դատողություններ անելիս մեր մտապատկերո՞ւմ է արդյոք կացությունը Միջին ու Մերձավոր Արևելքում, հաշվվա՞ծ է արդյոք հայկական դպրոցների քանակը Եվրոպայում, Ռուսաստանում կամ այլ գաղութներում, նկատի՞ ենք ունենում արդյոք խառնամուսնությունների թիվը նույն այս երկրներում, Ամերիկայում և այլուր։

Այո՛, հայտնի են այն տագնապները, որոնք թուխպի պես ծանրացել են Սփյուռքի մթնոլորտում ողբերգական պատերազմից, մարդկային ու տարածքային կորուստներից հետո, երբ մանավանդ հայրենաբնակ ժողովուրդը չի ընդվզում ազգադավ իշխանության դեմ, կարծես անզգայության մեջ է այն կենդանու նման, որը պառկած դիտում է, թե ինչպես են իրեն հոշոտում։ Ինչու է զոհաբերությունների պատրաստ երեկվա հերոսական ժողովուրդն այսօր այս վիճակում՝ այլ խոսակցության նյութ է։ Հստակ է մի բան՝ սա մեր ժողովուրդն է, սա է մեր Սփյուռքը, և երկրորդ հայ ժողովուրդ, որով կարող ենք եղածին փոխարինել, գոյություն չունի։ Այս պայմաններում մենք պետք է մտածենք ժողովրդին հույս ու ոգի ներշնչելու, մահաքնից դուրս բերելու, համընդհանուր պայքարի գաղափարի շուրջ համախմբելու և կրկին ոտքի հանելու մասին, իսկ նահանջի, սեփական պատյանի մեջ պարփակվելու մտայնությունները վտանգավոր ցեցեր են ազգային օրգանիզմի համար։ Այդ վարակի տարածումը չպետք է թույլ տալ, մանավանդ երբ հայրենադավ ղեկավարը Հայաստանն ու Արցախը «հաջողությամբ» պառակտելուց հետո ձեռնամուխ է եղել պառակտիչ օջախների ձևավորմանը Սփյուռքում։

Չնայած Հայրենիքի և Սփյուռքի մերձեցմանը խոչընդոտող վերիվայրումներին ձևավորվել են մնայուն կապեր, որոնք լայն ցանց են կազմում, մասնավորապես՝ մարդկային հարաբերությունների ձևով։ Չնայած Հայաստանի ներկա ծանր վիճակին ու չդադարող արտահոսքին՝ կա ներգաղթ, և նորանոր ընտանիքներ են խարիսխ նետում հայրենի ափերին։ Աշխարհի տարբեր ծագերում հայ մարդիկ թերթերով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ ամենօրյա կենդանի կապ են պահում Հայաստան-Արցախի հետ՝ անկախ հեռավորությունից կիսելով հայրենիքում ապրող հայրենակիցների տագնապները, մտահոգությունները, ճակատագիրը։ Ի վերջո ազգային պայքարը, թեկուզ թուլացած, շարունակվում է մեկ ճակատով՝ նույն նպատակների համար։ Մենք այլևս պատմության այն հանգրվանում ենք, երբ չի կարող լինել սփյուռքահայության ու հայաստանցիների կամ արցախցիների պայքար առանձնաբար՝ տարբեր թիրախների և նպատակների համար։ Օրվա ապազգային իշխանություններից առաջ Հայաստանի իշխանություններն արել են քայլեր, որոնցով եթե Հայ դատի ընդհանուր պայքարի առաջնորդողն էլ չեն դարձել, ապա մաս են կազմել այդ պայքարին։

Երբ գոյություն ունի հայոց պետություն, բնականորեն հայության պայքարը պետք է տարվի պետության ակտիվ դերակատարությամբ (թեկուզ որոշ դեպքերում՝ ոչ հրապարակայնորեն)։ Ընդհանուր պայքարն ու ընդհանուր նպատակները այն հիմնական գործոններն են, որոնք միավորում են և պետք է միավորեն հայրենիքն ու Սփյուռքը։ Առանձնաբար մղվող պայքարները կամ մեկուսի գոյությունը կլինեն կործանարար առաջին հերթին սեփական երկրի կենսունակ միջավայրից կտրված զանգվածների համար։

Հայության արտագաղթն ունի երկու հազարամյակի պատմություն, սակայն ներկայիս Սփյուռքը բնորոշվում է որպես Հայոց ցեղասպանության հետևանք։ Պատճառը շատ պարզ է. դրանից առաջ ձևավորված համայնքներն այլևս գոյություն չունեն, անգամ նրանք, որոնք հարյուր տարի առաջ դեռևս կենսունակ էին։ Հայկական սփյուռքը կենսունակության և երկարակեցության մեկ աղբյուր ունի՝ հայրենիքը, իսկ հայրենիքի համար հավելյալ կենսունակության և ուժի մեկ աղբյուր գոյություն ունի՝ Սփյուռքը։ Մենք բոլորս ճակատագրի նույն նավի մեջ ենք և պարտավոր ենք համախմբվել՝ միավորելով մեր առավելությունները, այլ ոչ թե հակառակը։

«Դրօշակ» թիվ 1 (1662), հունվար 2022 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company