Փաշինյանը առերևույթ պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս․ Արծվիկ Մինասյան
25 Հունվար 2022
Մենք ներկայումս քննարկման փուլում ենք։ Մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կհայտարարենք։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկու՞մ են նախագահի թեկնածուի տարբերակներ, առաջադրման հարց։
Հարցին՝ քննարկում են առաջադրելու՞ են, թե՞ ոչ, Մինասյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Այն չափանիշները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ և ենթադրում են նախագահի կարգավիճակի՝ համազգային նպատակների հետապնդող և համախմբում ապահովող անձին բնորոշ չափանիշներ, բնականաբար թեկնածության և առաջադրման մասով կներկայացնենք մեր որոշման մասին»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ, Մինասյանն արձագանքեց, թե առաջիկայում ավելի հստակ կներկայացնեն իրենց չափանիշները։
«Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբներում էր իր իշխանությանը, և ակնհայտ էր, որ այս խոսքի մեջ չկար այն հիմնական նպատակադրումը, որն անհրաժեշտ է մեր այսօրվա վիճակից դուրս գալու համար։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի» նախագահը լինել»,-ասաց Մինասյանը։
Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում խիստ վտանգավոր հայտարարություններ է արել, ասաց Արծվիկ Մինասյանը։
«Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է։ Փաշինյանն ասում է, թե ՀՀ որևէ իշխանություն երբեք կակսածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սա կարելի է համարել չիմացության դրսևորում և անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում ենք՝ ուղղված հայ ժողովրդի դեմ, առնվազն Փաշինյանը առերևույթ պետական հանցագործության, պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,- ասաց պատգամավորը։
Մինասյանը հիշեցրեց, որ նախկինում պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպվել է։
«Երբ Փաշինյանը ցանկանում է պայքարը տեղափոխել սփյուռքի դաշտ, ուզում եմ հիշեցնել անկախության հռչակագիրը, ՍԴ համապատասխան որոշումը, և ասել, որ սա ՀՀ տեսակետն է սա հերթական հանցագործությունն է»,-ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Արծվիկ Մինասյանի խոսքով, շատ վտանգավոր ձևակերպման ներքո Նիկոլ Փաշինյանը մոռանում է Գերագույն խորհրդի ընդունած բանաձևը։
Մանրամասները՝ տեսանյութում։