Կեղծ են ձեր այն թեզերը, թե բաց եք աշխատելու համար, դուք փակ եք. Արծվիկ Մինասյան
01 Մարտ 2022«Մենք այսօր առավոտից ականատես ենք լինում ընդդիմության բերած նախագծերին քաղաքական մեծամասնության ակտիվ և տեղ-տեղ ագրեսիվ հակադարձումներին»,- դիմելով ՔՊ-ական իշխող ուժին՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ 6 նախագիծ, որոնք իրենց բնույթով, էությամբ սոցիալական, տնտեսական, ազգային ուղղվածություն ունեին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չցանկացավ լիագումար նիստի օրակարգ ներառել ապագայում քննարկելու համար։
«Սա, կարծում եմ, լավ ցուցիչ է այն բանի, որ մենք ասում էինք, հիմա հաստատում է ՔՊ-ն, որ դուք որևէ առնչություն չունեք ժողովրդավարության և ներկայացուցչական ժողովրդավարության հետ առնվազն գոնե օրենսդիր մակարդակում, օրենսդրական նախաձեռնությունների առումով։ Կեղծ են ձեր այն թեզերը, թե բերեք, քննարկենք, խոսենք, բաց ենք աշխատելու համար։ Դուք փակ եք և շարունակում եք փակ մնալ։ Որևէ բան չէր խանգարում, որպեսզի բերված նախագծերը քննարկման առարկա դառնային լիագումար նիստում»,- ասաց Ա. Մինասյանը՝ ընդգծելով, որ որևէ ձևով ընդդիմության խոսքը չեն ուզում լսեն, քննարկեն։
