Պետք է բացառվի Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում
21 Մարտ 2022
Պետք է բացառվի Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Երբ նախորդ տարի քննարկում էինք Արցախի հետ կապված արտգործնախարարության անելիքները, մենք փոխնախարարի հետ խոսեցինք այն հարցի շուրջ, որ մեր առջև կա շատ հստակ մարտահրավեր, այն է՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն է, որի նպատակն է Արցախի հայաթափումը։ Հայաթափման հետ կապված երեք պայման ենք մենք ներկայացրել, որ եթե դրանցից որևէ մեկն էլ տեղի ունենա, հայաթափումն անխուսափելի է։ Առաջինը, պետք է բացառվի Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Երկրորդ՝ պետք է բացառվի նաև Արցախի անկլավային վիճակը։ Երրորդը կապված է անվտանգության միասնական համակարգի հետ, որն ուղղակի արձանագրում էր, որ Հայաստանը պետք է իր երաշխավորի կարգավիճակն իրականացնի լիարժեք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորի մասին է խոսքը»,- ասաց Ռուստամյանը։
Նա հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Դուք կարո՞ղ եք հստակ հայտարարել, որ մենք բանակցությունների մեջ մտել ենք՝ բացառելու Արցախի կարգավիճակը Արդբեջանի կազմում։ Երկրորդ, բացառելու Արցախի անկլավային վիճակը, և երրորդ՝ վերականգնելու Հայաստանի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող»։
Արմեն Ռուստամյանը հավելեց․ «Դուք տեղյա՞կ չեք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը, դա կատարել է Անկախության մասին հռչակագրով, այնուհետև եղել է հանրաքվե։ Ձեր կառավարությունը հրաժարվո՞ւմ է Արցախի Սահմանադրության 175 հոդվածով նախատեսված Արցախի ժողովրդի կամքի իրացումից, թե՞ ոչ»։
https://youtu.be/KSnWEmMiN9k