Հերթական անգամ ժողովրդի թիկունքում պատրաստում են նոր դավադրություն. Իշխան Սաղաթելյան
24 Մարտ 2022
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այսօր, մարտի 24-ին ամփոփել է խորհրդարանական շաբաթը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպմանը այդ հարցի մասին քննարկվե՞լ է։
«Փակ հանդիպումները նրա համար են, որ բաց հարթակներում չխոսենք։ Բայց կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում տեղի չի ունեցել, այդ մասին չի խոսվել։ Մենք այդ մտահոգությունն ունենք, որ նաև Թուրքիայի հետ քննարկվում է ու գոյություն ունի փաստաթուղթ, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում, ինչի՞ց են խոսում», – ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ եթե խոսքը պարզ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, դա ընդամենը մեկ նոտայով կարելի է անել։
«Բայց եթե շարունակ կան բանակցություններ, ենթադրվում է, որ արդեն կա փաստաթուղթ, որը քննարկվում կամ համաձայնեցվում է երկու կողմերի միջև», – ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, թե Ադրբեջանի կողմից հնչեցված կետերի և Թուրքիայի կողմից արված հայտարարությունների պայմաներում ցանկացած փաստաթուղթ լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է քառօրյայի ընթացքում ընդդիմության երկու կարևոր նախաձեռնություններին, որոնք հերթական անգամ տապալեց քաղաքական մեծամասնությունը։
Մեկը առաջարկն էր Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, որպեսզի Հայաստանի ինքնիշխանության և անձեռնմխելիության հարցը կասկածի տակ դնողները ենթարկվեին քրեական պատասխանատվության, որը քաղաքական մեծամասնությունը, Սաղաթելյանի գնահատմամբ, անհիմն և ծիծաղելի պատճառաբանություններով մերժեց՝ այն ներկայացնելով քաղաքացու շահերից չբխող նախաձեռնություն։
«Նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել այն, որ այս ժամանակահատվածում և՛ կառավարության, և՛ խորհրդարանի որոշ ներկայացուցիչներ հրապարակային կերպով հարցականի տակ էին դրել ՀՀ տարածաքային ամբողջականությունը»,-ասաց նա։
Երկրորդ նախաձեռնությունը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի շարունակական ագրեսիայի թեմայով ԱԺ հայտարարության տարածման անհրաժեշտությունն էր։ Ընդդիմությունը հրատապ նիստ էր պահանջել, փակ քննարկումից հետո, ցավոք, սա ևս տապալվեց։
«Ընդամենը ցանկանում էինք արձանագրել այն ագրեսիան, որը գոյություն ունի Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների հանդեպ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, որը ևս մերժվեց օրվա իշխանության կողմից»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն այս նախաձեռնություններին անդրադարձավ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ավելի խորությամբ գիտակցեն, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին և ուր են տանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները։
Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվալ Արցախի հարցից, հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի իր պարտականությունի. շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
«Այս իմաստով, մտահոգությունը շատ խիստ է։ Եթե մեր երկու հանրապետության անվտանգության խնդիրներին վերաբերող նախաձեռնություններն են հետևողականորեն մերժվում այս իշխանությունների կողմից, սա արդեն ինշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա արդեն ուրիշ բան է ենթադրում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ ընդդիմությունն ասում է՝ ապագա չկա զիջելով, իշխանությունն ասում է՝ ապագա կա զիջելով։
«Այսինքն, մեր բախման գլխավոր պատճառը և հարցի էությունը Հայաստանի վաղվա օրվա մասին մեր պատկերացումների հակադրությունն է․ իրենք վաղվա օրը տեսնում են զիջելով, և իրենց պարտվողական քաղաքականության հետևանքով մեր երկիրը հասել է այս օրին»,-ասաց Սաղաթելյանը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունը դիմադրության շարժում կազմակերպելն է․ ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Այն ունենալու է երկու ճակատ՝ դիմադրություն արտաքին թշնամիներին և դիմադրություն օրվա իշխանություններին, որոնք սպասարկում են արտաքին ուժերի շահերը և չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը, և չեն կատարում Սահմանադրությամբ իրենց վերապահված գլխավոր խնդիրը՝ ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։
Տարբեր ուժերի և անհատների այս գաղափարը ներկայացրել են․ այն ամբողջովին ընկալվում է, բայց խնդիրը մարտավարական քայլերի մեջ է։
Իշխանությունը հերթական անգամ ժողովրդի թիկունքում նոր դավադրություն է պատրաստում՝ վստահ է Սաղաթելյանը:
«Այն հայտարարությունները, որ հնչել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից՝ այս համատեքստում ցանկացած փաստաթուղթ լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ, և դժբախտությունն այն է, որ օրվա իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու լոզունգի տակ մեր ժողովրդի և երկրի համար բացելու է նոր քաոսի ու դժոխքի, կորուստների դարաշրջան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա վերահաստատեց, որ դեմ չեն խաղաղությանը, բոլորի նպատակն է՝ հասնել խաղաղության, բայց եթե այդ խաղաղությունը լինելու է հայրենազրկման գնով, դա այլևս խաղաղություն չէ, դա նոր ու վերջնական կապիտուլյացիա կլինի մեզ համար:
Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում
