Հայ համայնքի հրավերով Լիբանանում է ԱՀ ԱԺ պատվիրակությունը
26 Մայիս 2022
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության կազմում հայ համայնքի հրավերով Լիբանանում է: Պատվիրակության կազմում են նաև՝ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։
Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն էր, որտեղ պատվիրակությանը դիմավորեցին քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։ «Սարգիս Զեյթլյան» ժողովրդային տանը հանդիպելուց հետո պատվիրակության անդամները այցելեցին գյուղաքաղաքի պատկերասրահ, Մուսա լեռան ազգագրական թանգարան, Սուրբ Պողոս Եկեղեցի և Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։
Այնուհետև «Մովսես Տեր Գալուստյան» սրահում հանդիպել են գյուղաքաղաքի հայ բնակչության հետ։
Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առնաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։
Արթուր Թովմասյանը տպավորված է Այնճարի բնակչության նիստուկացով, ավանդույթներով, արցախյան հյուրասիրությամբ։ ԱԺ նախագահի կարծիքով՝ Այնճարում ամենակազմակերպված հայկական համայնքն է։
Նրանք բազմաթիվ ընդհանությունններ ունեն արցախցիների հետ, տեղի բարբառում առկա են արցախյան բարբառի նմուշներ։ Գյուղը կառուցել են մուսալեռցիները։ Բնակչության մեծամասնությունը մարտնչող դաշնակցականներ են։ Չնայած բազմաթիվ կենցաղային հոգսերի՝ այնճարցիները մտահոգված են Արցախի ապագայով։
Արցախյան ազատամարտին անմասն չէր Այնճարը։ Այնճարցի Գևորգ Հաջիյանը անմահացել է Արցախյան 3-րդ պատերազմում։
Այցելելով Մուսա Լեռան ազգագրական թանգարան՝ ԱԺ նախագահը տպավորություններով կիսվել է գյուղաքաղաքի հուշամատյանում, որտեղ վերջին գրառումը կատարել էր ԱՀ ԱԽ քարտուղար Վ․ Բալասանյանը։
Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում
Մայիսի 25-ին Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում։ Հանդիպումը կայացել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության Միջին Արևելքի ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանի, ԼՕԽ (Լիբանանահայ Օգնության Խաչը )-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Սապունճյանի, վարչության անդամների և կենտրոնի տնօրեն Նազելի Ավագյանի մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյյանը և Էլի Թաշճյանը։
Ներկայացրել են լիբանանահայ համայնքում ԼՕԽ-ի շրջանային վարչության բարեգործական և «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնի մարդասիրական գործունեությունը։
ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։
Վերջիններս անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։
ԼՕԽ-ի շրջանային վարչության ատենապետը հավաստիացրել է, որ շարունակելու են սատարել Հայաստանի և Արցախի ժողովրդին,որպեսի շրջանցեն առկա տագնապալի իրավիճակը և թևակոխեն նոր ու խաղաղ ժամանակաշրջան։
Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։ Այնուհետև պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում իրականացվող աշխատանքներին։






