«Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ բազմամարդ երթը
03 Հունիս 2022
Ֆրանսիայի հրապարակում այսօր, հունիսի 3-ին մեկնարկեց «Դիմադրության» շարժման հանրհավաքը:
Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը, Ֆրանսիայի հրապարակում, ԱԺ արտահերթ նիստի չկայանալուց հետո, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է, և 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իրենք խելքի գան և գան խորհրդարան, որ տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը», – ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր պատգամավորները շուտով կգան Ֆրանսիայի հրապարակ, միասին կորոշեն հետագա անելիքները, իսկ մինչ այդ ելույթ կունենան ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը («Աշոտ երկաթ»)։
«Այստեղ հրապարակում հավաքված են հայրենասերներ, մարդիկ, որ սիրում են մեր հայրենիքը, մեր հավատը, որոնք մեր եկեղեցու, ավանդույթների պատրիոտ են»,-իր ելույթում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Նա ասաց՝ ցուցարարների շրջանում մի փոքր վատատեսություն է նկատում։
«Պետք է այն հեռացնել, որևէ մեկի մոտ վատատեսություն չպետք է լինի։ Մենք մեծ գործ ենք անում, իսկ մեծ գործերը շտապել չեն սիրում, պետք է համբերություն, հանգստություն։ Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել»,-ասաց Խաչատուրովը։
Խլուրդները, խավարասերները, ովքեր գետնի տակ թափառում են, այսօր խաբում են մեր ժողովրդին, թե մենք տիեզերք ենք թռել, իսկ ո՞վ է այդ տիեզերագնացը, ձեր չկայացած առաջնո՞րդը. իր խոսքում ասաց«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Կոչ եմ անում բոլորին և ուզում եմ այն ընդունելի լինի այն մարդկանց համար, ովքեր 100-ամյակ շարունակ ծափահարել են իրենց հերոսներին և կոչ եմ անում նրանց, ովքեր այդ հերոսապատումը կերտել են: Հաջորդը՝ իմ ժողովորդի ծոցից դուրս եկած այն բոլոր սպորտսմենները, ովքեր աշխարհի տարբեր հարթակներում կերտել են հաղթանակ և իրենց ուսերին են տարել մեր պետության դրոշը, ես ուզում եմ, որ այսօր, վաղը նրանք լինեն այս հարթակում՝ իրենց դրոշներով հանդերձ: Վաղը, եթե իրենք չեկան, ապա ում դրոշն են բարձրացնելու իրենս ուսերին, Ադրբեջա՞նի, Թուրքիա՞յի, թե՞ Թուրանի: Խոսքս ուղղում եմ իմ ազգի գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին, որոնք այսօր տարբեր կրթօջախներում դասավանդում են լեզու, գրականություն, պատմություն, ինչ պատմության մասին է խոսքը, երբ վաղը ձեզ պարտադրելու են թուրքերեն»:
Եկեք բոլորս բռունցքներս բարձրացնենք ու գոռանք՝ ռեւանշ լինելու է»,- ասաց նա:
Ազգային ժողով ներկայացված հայտարարության 7 կետերը բխում են Հայաստանի անկախության հռչակագրից, Սահմանադրությունից, մեր պատվից ու թասիբից. հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Մենք այդ նախագիծը ներկայացրել էինք Ազհային ժողով, բայց պատկերացրեք՝ ԱԺ-ում ներկա էին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ու վերջ»,- ասաց պատգամավորը:
Հապարակում հավաքվածները վանկարկեցին՝ «ամոթ», «ամոթ»։
Իշխան Սաղաթելյանը առաջարկեց քայլերթ կատարել դեպի ՀՀ կառավարություն. այնտեղ կներկայացնենք մեր պահանջներն ու անելիքները։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով երթը Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցներով շարժվեց դեպի ՀՀ կառավարություն։
«Մենք շրջափակում ենք կառավարության բոլոր 6 մուտքերը։ Որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի, ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չեք մտնում: Այս պահին մեր առջև դրված խնդիրը դա է»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան», «դավաճան հեռացիր»՝ վանկարկեցին քաղաքացիները եւ փակեցին Կառավարության բոլոր 6 մուտքերը։
Նշենք, որ Կառավարության շենքի մոտ կենտրոնացած էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։
Պայքարի ելքն այն է, որ իրենք պետք է հեռանան՝ ուրիշ ելք չկա․ շրջափակված Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր իրենք փաստել են, որ ժողովրդի հետ որևէ առնչություն չունեն։ Պահանջում ենք կա՛մ կառավարության նիստը, կա՛մ գա և այս հարցերին պատասխան տա: Փաշինյանը իշխանություն չունի՝ փախչում է Կառավարության, ԱԺ շենքերից: Դեռ 2,5 ժամ հնարավորություն կա ԱԺ նիստը գումարելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու»,-ասաց նա։
Կառավարության դիմաց Արցախյան երեք պատերազմների մասնակից, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը կոչով դիմեց ոստիկանությանը. «Հորդորում եմ ձեզ՝ չգնալ բախման, հանկարծ չփորձեք ուժ կիրառել, կդառնաք համայն հայ ժողովրդի թշնամին:
Մենք դառը պարտություն ենք կրել, բայց հնարավորություն ունենք մեր մեջքը շտկելու: Դրա համար պարտություն կրած հրամանատարը չի կարող զորքն առաջնորդել: Մեկ վայրկյան առաջ պետք է ազատվենք Նիկոլից: Այս պայքարը ավարտվելու է միայն մեկ դեպքում, երբ կարողանանք ձեւավորել հայրենանվեր իշխանություն, պրոֆեսիոնալների իշխանություն»,-ասաց նա:
Դիմադրություն շարժման անդամները, մի քանի ժամ ՀՀ Կառավարության բոլոր մուտքերը շրջափակելուց հետո, երթով շարժվեցին դեպի Կառավարական ամառանոց. «Տեղեկություններ ունեմ, որ գլխավոր դավաճանը այժմ գտնվում է Կառավարական ամառանոցում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա առաջարկով բացվեցին շրջափակված մուտքերը եւ երթը շարժվեց առաջ:
Կառավարական ամառանոցի առջեւ մեծաթիվ ոստիկաններ՝ վահաններով եւ սաղավարտներով զինված շղթա էին կազմել:
Երթի մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ»։
Տես քանի հազար վարչապետ է եկել հետևիցդ: ժողովուրդը չի մաշվում, մաշվում են դավաճանները, սրիկաները. կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- ասաց նա:
Իշխանական որոշ պատգամավորները համացանցում նկարներ են հրապարակել ու գրում են, թե ԱԺ-ում են չեն փախել. «Դե որ այդտեղ եք, գալիս ենք Խորհրդրան։ Ոստիկաններ ճանապարհը բացեք, գնում ենք Խորհրդարան»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Սակայն ոստիկանականները տեղից չշարժվեցին, քաղաքացիները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը։ Արդյունքում՝ ոստիկանները սկսեցին հարվածել նրանց: Քաղաքացիները ձեռքերը վեր պարզեցին, սակայն ոստիականները շարունակեցին բռնի գործողությունները։ Վիճակը ծայրահեղ լարվեց:
Ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ՝ ծխարձակող նռնակներ կիրառեցին։
Կան բազմաթիվ տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Դեմիրճյան փողոցում կատարվեց այն, ինչ Նիկոլը վաղուց երազում էր՝ հատուկ միջոցներ կիրառվեցին․ ոստիկանությունը իրեն պահում էր սանձարձակ՝ ծեծելով քաղաքացիներին և բռնություններ կիրառելով այն դեպքում, որ նախօրոք հայտարարել էինք, որ որևէ շենք չենք մտնելու. ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա փաստեց, որ ոստիկանությունը դիմեց սադրանքների՝ կան բերման ենթարկվածներ, տուժածներ։
«Շարժվում ենք դեպի Ֆրանսիայի հրապարակ, բոլորին հրավիրում ենք հանրահավաքի»,- ասաց նա:
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց;
Ելույթներ ունեցան ԱԺ «Հայաստան» խմբակցությամբ Գեղամ Նազարյանը, Արցախյան երեք պատերազմների մասնակից, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը․ Մենք փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք:
«Այո, այսօր ջրբաժան էր նրանց համար, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, ուզում են ունենալ պետականություն, ուզում են ունենալ հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ: Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, դա հերթական անգամ փաստեցին այսօր տեղի ունեցած իրադարձությունները, ԱԺ-ում հայկական օրակարգը իշխող խմբակցության կողմից չպաշտպանելը», -ասաց նա:
«Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին։ Ուրեմն լսիր, արա՛․ մենք ընդունում ենք քո մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու, մեր հայրենիքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը եւ շեշտեց՝ պայքարը շարունակվելու է։
Նա շարժման մասնակիցներն հրավիրեց վաղը՝ ժամը 19.00, ներկա գտնվելու Ֆրանսիայի հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, որի ժամանակ կամփոփեն անելիքները եւ գնահատական կտան ոստիկանների գործողություններին։
«Միություն, պայքար, հաղթանակ»՝ վանկարկեց հանրությունը:
https://youtu.be/JSC9BGSjqlo















































