«Դիմադրության» շարժման հանրահավաքը եւ երթը դեպի Գլխավոր դատախազություն
06 Հունիս 2022
Ֆրանսիայի հրապարակում այսօր, հունիսի 6-ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ելույթներ ունեցան «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյան, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ընդդիմադիր պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Հայկ Մամիջանյանը:
Ընթերցվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի այսօր տարածած հայտարարությունից մի հատված. «Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից»:
Ցուցադրվեց կարճ տեսահոլովակ՝ «Դիմադրություն» շարժման կազմակերպած նախորդ շաբաթվա կարեւոր գործողություններից:
Չնայած բազաթիվ փաստերին, ապօրինությունների, բռնությունների մասին կոնկրետ ապացույցներին, մինչև այս պահը որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, Ֆրանսիայի հրապարակում հանարահավաքի ժամանակ, անդրադառնալով հունիսի 3-ին Դեմիրճյան փողոցում ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնի գործողություններին. իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ հնչեցրեց՝ ուղղված Գլխավոր դատախազությանը։
«Դիմում եմ գլխավոր դատախազին․ կան հստակ հրապարակված փաստեր և ապացույցներ, որոնք ամբողջությամբ բավարար են՝ անմիջապես քայլեր ձեռնարկելու և ապօրինություններ գործած ոստիկաններին տանելու ձերբակալման։
Հակառակ պարագայում դուք ձեր քայլերով և գործողություններով նպաստում եք նոր բռնությունների։ Եթե ժամանակին կանխեիք այն ոստիկանների գործողությունները, որոնք հստակ բռնություն էին գործադրում քաղաքացիների նկատմամբ, հունիսի 3-ին այդ դեպքերը չէին կրկնվի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու կամ պայքարը դադարեցնելու մասին խոսակցություններին անդրադառնալով, նա հայտնեց․ «Այս վրանները ինքնանպատակ չենք տեղադրել։ Տեղադրել ենք, որովհետև նպատակ ունենք։ Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք»։
Ինչ վերաբերում է շարուժումը դադարեցնելու խոսակցություններին, Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ դադար չկա։
Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց երթ իրականացնել դեպի Դատախազություն:
«Դիմադրություն» շարժման մասնակիցները կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ եթե դատախազությունն իր գործը չանի, ժողովուրդը պետք է պաշտպանվի մարդ ծեծող ոստիկանից։
«Դատախազության անգործության հետևանքով ոստիկանը ծեծում էր սպանված հերոսի ծնողին։ Հանցագործի տեղը բանտում է»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ վաղն առավոտյան բացի բանավոր պահանջից իրենց պահանջները նաև գրավոր նամակով կհանձնեն դատախազությանը։
Վարդեւանյանը առաջարկեց միացնել հեռախոսի լույսերը:
«Այս շարժումը պայքար է եւ մենք ունենալու ենք առանց Նիկոլ Հայասատան»,- ասաց նա:
«Պայքար», «Առանց նիկոլ Հայաստան» վանկարկեցին շարժման մասնակիցները:
Երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ:
Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ հանդիպել են Արցախի մի քանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ, քննարկել հայկական երկու պետությունների առջև եղած մարտահրավերները, խոսել Դիմադրություն շարժումը նաև Արցախում ընդլայնելու մասին:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք քննարկում են «Դիմադրություն» շարժումը տարբեր ուղղություններով ավելի ընդյանելու հնարավորությունը, և այդ ուղղություններից է աշխատանքը օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ։
Վաղվա անելիքների մասին.
Վաղը՝ հունիսի 7-ին, ժամը 10-00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և գնում Հայաստանում ԵՄ գրասենյակ:
Նա տեղեկացրեց, որ երեկոյան հանրահավաք նախատեսված չէ, սակայն օրվա ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր։
https://youtu.be/XiDYYpwWhsA






















