«Դիմադրություն» շարժման երթը Երեւանում
16 Հունիս 2022
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն հարող տարածքից այսօր, հունիսի 16-ին մեկնարկեց «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը։
Կոմիտասի պողոտայից երթի մասնակիցները շարժվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ Հայաստանում իրավական կամայականությունների։
«Սա այն շենքն է, որտեղ մեր բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են կարվել են՝ առանց որեւէ հիմքերի: Այս շենքի մեր գործընկերներին տեղեկացնենք, որ մեր պատգամավոր գործընկերները հանդիպել են կալանավորված քաղբանտարկյալներին, բոլորի տրամադրությունը տեղն է, մարտական, քանի որ գիտակցում են, որ սա պայքար է։ Ապօրինի կալանավորումներով, քրեական գործեր կարելով մենակ խայտառակ են լինում։ Ես, որպես իրավաբան, վատ եմ զգում, որ իմ գործընկերները կարող են նման բան անել, ամոթ է». հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Երթը շարունակեց ընթացքը։ Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։
Հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։
Դիմադրության երթի մասնակիցները կանգ առան նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ապօրինի ձերբակալությունների, ոստիկանության բռնությունների, երկրում իրավական կամայականությունների դեմ։
Արամ Վարդեւանյանը Հակակոռուպցիոն կոմիտեին կոչ արեց զերծ մնալ իշխանության հրահանգները կատարելուց և անցնել իր բուն առաքելությանը։
«Ձեր գործով զբաղվեք, ձեզանից դա է պահանջվում։ Վստահ, փաստերն էլ ունենք․ մեր նորագույն պատմության աղետի՝ 44-օրյա պատերազմի մեղավորներին ձերբակալեք, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք»,- ասաց նա։
Քայլերթը հասավ Ֆրանսիայի հրապարակ:
Ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցահայության, ԼՂ հայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով վարչապետ Փաշինյանի՝ աղմուկ հանած հերթական հայտարարության մասին։
Դրա պատասխանը, ինչպես նշեց Իշխան Սաղաթելյանը, այսօր հնչեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։
Նա հիշեցրեց նաև մեկ այլ նախազգուշացման մասին, որն իրենք հնչեցնում էին երկար ժամանակ։
«Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ այդպես չէ։ Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա եւս մեկ անգամ հիշեցրեց հունիսի 18-ին, ժամը 19:30 Ֆրանսիայի հրապարակում տեղի ունենալիք համապետական հանրահավաքի մասին:
«Միություն, Պայքար, Հաղթանակ»՝ վանկարկեցին մասնակիցները:













