Պատմական իրողության նոր մանրամասներ
18 Հունիս 2022
1949 թ. բռնաքսորը հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության մեջ առանձնանում է մյուս բոլոր ողբերգական դրվագներից մի շարք հանգամանքներով: Մեծ եղեռնը վերապրած, դրանից կարճ ժամանակ անց անկախությունը կերտած ու վերածնվող մեր բազմաչարչար ազգին նոր փորձություններ էին սպասվում: 1921 թ. պատմական հայրենիքի սրբազան ու անբաժան հատվածը կորցնելուց ու բոլշևիկյան տեռորի ենթարկվելուց հետո սկսվեցին ստալինյան հալածանքները, այնուհետև՝ Երկրորդ աշխարհամարտը: Պատերազմն ավարտվեց ԽՍՀՄ ժողովուրդների հաղթանակով, որում անուրանալի ներդրում ունեցան հայերը` հանձինս իրենց հերոսների, զորահրամանատարների, թիկունքի աշխատողների։ Սպասվածին հակառակ՝ պատերազմից հետո էլ չլուծվեց մեր պատմական հողերի վերադարձի հարցը: Դեռ ավելին՝ վրա հասավ նոր փորձություն. հայությունը հայտնվեց անծանոթ ու իր գենետիկ-կենսական պայմանների համար խորթ Ալթայի երկրամաս աքսորվելու դառն իրողության առջև: Հաղթանակ կերտած ժողովրդի, այդ ժողովրդի մաս կազմող հայրենադարձների՝ նոր կյանք սկսելու ու երկիրը շենացնելու երազանքները զոհաբերվեցին անարդար պետական քաղաքականությանը…
Հայաստանի պատմության թանգարանում պահվող ՀԿԿ 1-ին քարտուղար Ա. Քոչինյանի արխիվի ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկավ մի փաստաթուղթ՝ քարտուղարի ստորագրությամբ, որը վերաբերում է 1949 թ. Ալթայի երկրամաս աքսորին, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին: Փաստաթուղթը ստորագրված է «06. 02. 1989 թ.»։ Փաստաթղթում կան աքսորին վերաբերող մանրամասներ, որոնք, կարծում ենք, կհետաքրքրեն ընթերցողին: Նյութի ուսումնասիրության ընթացքում պարզվեց նաև, որ մինչ այս շատ քիչ անդրադարձներ են եղել այս թեմային: Գործնականում չուսումնասիրված խոշոր բռնաքսորը, որին ենթարկվեց հայ ժողովուրդը 1949 թ., մնում է խորհրդային հալածանքների գրեթե չբացահայտված էջերից մեկը: Խորհրդային ճնշիչ մեքենայի պրակտիկայում զանգվածային տեղահանությունները կիրառվել էին դեռևս 1920-ական թթ., սակայն սա հայերի զանգվածային արտաքսման 1-ին դեպքն էր, որը չուներ էթնիկ դրդապատճառներ: Փաստաթղթերում հայ աքսորյալների կոնտինգենտը կրում էր «Դաշնակներ» հատուկ անունը և բաժանված էր 3 խմբի՝
ա) ՀՀԴ-ի հետ կապ ունեցող հայաստանցիներ,
բ) պատերազմում գերի ընկածներ կամ հայկական լեգեոնում ծառայածներ,
գ) հայրենադարձներ, զինվորականներ:
Զանգվածային աքսորին առաջին անգամ անդրադարձել է պատմաբան Ամատունի Վիրաբյանը, որի վկայությամբ՝ Հայաստանից այդ տարիներին արտաքսվել է 2754 ընտանիք՝ ավելի քան 12000 մարդ ։ Նրանցից շատերը մահացան, մյուսները մեծ դժվարություններով հաղթահարեցին բարդ փորձությունները և շարունակեցին ուժերի սահմաններում ծառայել իրենց ժողովրդին ու հայրենիքին: Մենք պարտավոր ենք հիշել մեր պատմության դառը դասերը՝ նոր ողբերգություններից խուսափելու համար: Վիրաբյանի պնդմամբ՝ այդ զանգվածային բռնագաղթի վերաբերյալ նույնիսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կամ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի համապատասխան որոշում չի ընդունվել։
Հիմնականում ՀՀ ՆԳՆ արխիվում պահպանվող 1949 թ. հունիսի 14-ին վերաբերող փաստաթղթերը, մասնավորապես՝ մեղադրական նյութերը, մեկը մյուսից գրեթե չեն տարբերվում, այդ իսկ պատճառով թանգարանային վերոհիշյալ փաստաթուղթը այս բացը նույնպես լրացնում է: Հայաստանի ազգային արխիվի 1191-րդ ֆոնդի 6-րդ ցուցակում պահպանվում են բռնադատվածների վերաբերյալ 2998 կարճված գործեր: Ընդ որում, ինչպես ընդգծում է պատմաբան Ա. Մանուկյանը, որպես աքսորավայր «դաշնակցականների» համար նախատեսված էր «Ալթայի երկրամասը, թուրքերի համար՝ Տոմսկի մարզը, իսկ հույների՝ Ղազախական ԽՍՀ Հարավ-Ղազախստանյան և Ջամբուլի շրջանները» ։
Հիշյալ փաստաթղթում Ա. Քոչինյանը գրում է այն մասին, որ Առաջին համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը ոգևորել էր սփյուռքահայությանը, բարձրացել էր ԽՍՀՄ-ի և Խորհրդային Հայաստանի հեղինակությունը: Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հետևյալն էր՝ բարձրացնել Թուրքիայի բռնազավթած հայկական տարածքները (Կարսի մարզը, Սուրմալուի գավառը) Խորհրդային Հայաստանին վերադարձնելու և սփյուռքահայերի հայրենադարձության հարցերը: Դա իրականացնելու համար մշակվեց հատուկ ծրագիր, որում դեր ուներ նաև Սփյուռքը: Հասկանալի է, որ, առանց միութենական կառավարության որոշման, Խորհրդային Հայաստանի կառավարությունը ոչինչ չէր կարող ձեռնարկել: Հիմք ընդունելով նաև արտասահմանից ստացվող հազարավոր դիմումներն ու նամակները, հաշվի առնելով տիրող իրավիճակը՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովը այս հիմնախնդիրը ներկայացնում է կենտրոնական իշխանություններին: 1946-1948 թթ. ներգաղթած հայերի թիվը կազմում էր շուրջ 90000: 1948 թ. սեպտեմբերին դադարեցվեց ներգաղթը, Ստալինը հրաժարվեց իր մտադրությունից:
Նրա վրա մեծ ազդեցություն ունեցան Սառը պատերազմը և Թուրքիային ԱՄՆ-ի հովանավորությունը: Չնայած Հայաստանը պատերազմից հետո հայտնվել էր ծանր պայմաններում, սակայն ամեն ինչ արվեց հայրենադարձներին օգնելու, կյանքի բարվոք պայմաններ ստեղծելու համար:
Բնականաբար թույլ տրվեցին նաև սխալներ, եղան բացթողումներ, որոնք էլ հետագա ներգաղթի ծավալների նվազման պատճառ դարձան: Այդ մասին մանրամասներ է հաղորդում ձեռագիր փաստաթուղթը (ՀՊԹ, նգպֆ 18816, բ/մ 3451), որում անդրադարձ կա Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի քաջագործություններին: Հայ մարշալները, ծովակալները, գեներալներն ու մյուս զորահրամանատարները հիշվում էին գլխավոր հրամանատարների հրամաններում՝ ռազմաճակատներում տարած հաղթանակների առիթով: Ոչ պակաս անձնվիրությամբ էին մարդիկ՝ կանայք ու երեխաները, աշխատում թիկունքում: Կոտայքի շրջանի Հացավան գյուղի բնակիչ Գրիգոր Թևոսյանը, որի եղբայրը զոհվել էր ռազմաճակատում օդային մարտեր մղելիս, իր խնայողություններից 100 000 ռուբլի տրամադրեց օդանավ պատրաստելու համար: Նրա օրինակին հետևեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Հայ գեղջկուհին իր զարդերն էր նվիրում, որպեսզի որդին հաղթանակած վերադառնա: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի գլխավորությամբ հայոց եկեղեցու, ինչպես նաև սփյուռքահայ մեր եղբայրների տրամադրած միջոցներով կառուցվեցին «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Հայի սրտում դեռ չէր մարել 1915 թ. ցեղասպանության դաժան արհավիրքը։ Գուցե հենց այդ պատճառով էլ ճակատում անօրինակ սխրագործություններ էին գործում՝ քաջ գիտակցելով, որ Խորհրդային Միության պարտության դեպքում թուրք դահիճը կփորձի վերջնականապես բնաջնջել հայությանը:
Հատկանշական է, որ կռվի տարիներին հայերի կողմից մեր երկրի սահմանի խախտման հիշարժան դեպքեր չեն եղել: Այս հանգամանքը շատ կարևոր է հետագա ասելիքի առումով: Երբ ավարտվեց պատերազմը, թվում էր՝ կուսակցությունն ու ղեկավարությունը պետք է արժանապատվորեն գնահատեին խորհրդային ժողովուրդների սխրանքները… Սակայն երկրի ղեկավարները, առաջին հերթին՝ Ստալինն ու Բերիան, արդեն սկսել էին ազգերից ընտրել, այսպես կոչված, «անվստահելի անձանց»՝ նրանց հետ հաշվեհարդար տեսնելու համար: Կարծես մարտի դաշտում կրած կորուստները քիչ էին…
Ինչպես գրում է Ա. Քոչինյանը, պատերազմից անմիջապես հետո հարց դրվեց կազմակերպելու սփյուռքահայերի հայրենադարձությունը: ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Հարությունովը դիմեց Խորհրդային միության կոմունիստական կուսակցության քաղբյուրոյին՝ հայրենադարձության առիթով Հայաստանին վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը, որտեղ հնարավոր կլիներ բնակեցնել մեծ թվով հայերի: Երբ այդ մասին զեկուցում են Ստալինին, նա կարգադրում է հարցնել Ադրբեջանի Կենտկոմի քարտուղար Բաղիրովի կարծիքը: Վերջինս նամակով պատասխանում է, որ ինքը կհամաձայներ, եթե Ղարաբաղի փոխարեն Հայաստանը Ադրբեջանին տար Բասարգեչարի, Կրասնոսելսկի, Վեդիի և Զանգիբասարի շրջանները: Բնական է, որ Հայաստանի ղեկավարությունը չէր կարող ընդունել Բաղիրովի ավանտյուրիստական նկրտումները: Հայաստանի ղեկավարությունը նոր առաջարկություն արեց, այն է՝ թույլատրել Հայաստանի ադրբեջանցիներին տեղափոխվել Ադրբեջան, իսկ նրանց բնակավայրերում տեղավորել հայրենադարձներին: Ադրբեջանը նշել է, որ այդ ժամանակ Մուղանի դաշտի հսկայական հողատարածքները դարձրել էին ոռոգելի, բայց մշակող չկար, այդ պատճառով էլ Բաղիրովը խիստ կարիք էր զգում և ստիպված տվեց իր համաձայնությունը: Երկու հանրապետությունների ղեկավարները սկզբունքորեն համաձայնության եկան, որի հիման վրա Խորհրդային Միության կառավարությունը թույլատրեց ադրբեջանցիներին Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան: Մեծ աշխատանք է տարվել հնարավորինս արագացնելու գործընթացը, որպեսզի դատարկվող գյուղերը նախապատրաստեին հայրենադարձների բնակության համար. «Այդ ժամանակ ես աշխատում էի, ՀՀԿ Կենտկոմի երրորդ քարտուղարն էի, որոշ չափով գիտեի ադրբեջաներեն, այդ պատճառով հաճախ էի մեկնում ադրբեջանական գյուղեր՝ տեղափոխումը կազմակերպելու նպատակով: Շատ հաճախ գալիս էին Ադրբեջանի ղեկավարները. 2 անգամ Հայաստան եկավ Բաղիրովը և ելույթ ունեցավ Զանգիբասարի շրջանի ադրբեջանցիների առջև: Նրա հանդիպումից հետո տեղափոխումը շատ արագացավ: Նշենք նաև, որ այդ առիթով մի տարուց ավելի Հայաստանում էր գտնվում Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը մի խումբ աշխատակիցների հետ: Ադրբեջանցիները տեղափոխվում էին կոլխոզներով ու սովխոզներով՝ իրենց հետ տանելով իրենց ամբողջ ունեցվածքը: Նույնիսկ քանդում էին տները, տեղափոխում շինանյութը, չնայած տների համար պետությունն արդեն վճարել էր…. Այդ տարիներին Հայաստանից Ադրբեջան տեղափոխվեցին մոտ 40 000 մարդ՝ իրենց հետ տանելով մոտ 800 000 ոչխար ու այծ, 300 000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Հետագայում, երբ Գ. Հարությունովին փոխարինեց Ս. Թովմասյանը, նախկին ղեկավարությանը մեղադրեցին նացիոնալիզմի, ազգային քաղաքականության լենինյան սկզբունքների խախտման մեջ, կոչ արվեց ադրբեջանցիներին վերադառնալու Հայաստան և վերահաստատվելու իրենց բնակավայրերում: Ադրբեջանցիները գրեթե բոլորը վերադարձան, այս անգամ՝ առանց ունեցվածքի՝ հանրապետության համար մեծ դժվարություն ստեղծելով: Նախկին բնակավայրերի մեծ մասը զբաղեցված էր, մյուսները վերածվել էին ավերակների: Վերաբնակները համառորեն պահանջում էին վարկ, անասուն և անասնագոմեր, դպրոցներ և մշակութային այլ օջախներ»:
Ըստ փաստաթղթի հետագա շարադրանքի՝ այնուհանդերձ արվում էր ամեն ինչ, որ պայմաններ ստեղծվեին հայրենադարձների համար, սակայն ստացվեց հակառակը:
Հայ բնակչությունը զանգվածաբար ցուցակագրվում էր հայրենիք վերադառնալու համար: Այդպիսի ցանկություն էր հայտնել ավելի քան 800 000 մարդ տարբեր երկրներից՝ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Հունաստան, Ամերիկա ու Ֆրանսիա: Հետպատերազմյան քայքայված երկիրն ինքն էր տառապում սովի ու աղքատության ճիրաններում, ուր մնաց թե կարողանար հոգալ արտասահմանից ներգաղթածների հոգսերը: Այնուամենայնիվ, այն ժամանակվա ղեկավարությունը՝ Գրիգոր Հարությունովի գլխավորությամբ, աներևակայելի ռիսկի դիմեց՝ խնդրելով թույլ տալ հայրենադարձությունը: Հարությունովը քաջ գիտակցում էր, որ պատերազմում մեծաթիվ զոհեր տալու փաստը խիստ բացասաբար կանդրադառնար բնակչության վերարտադրության վրա: Խորհրդային կառավարության որոշման համաձայն՝ 1946 թ. սկսվեց հայրենադարձությունը գրեթե աշխարհի բոլոր երկրներից: Չնայած դժվարություններին՝ հայրենիքն ընդունեց շուրջ 100 000 հայրենադարձների: Թողնելով տուն ու տեղը, անհամեմատ բարեկեցիկ կյանքը՝ մարդիկ գալիս էին հայրենիք՝ այդպես նաև դրսևորելով իրենց դրական վերաբերմունքը խորհրդային կարգերի հանդեպ. հայերը միավորվում էին խորհրդային դրոշի ներքո: Քաղաքական այսպիսի նվիրվածության պայմաններում դահիճ Բերիայի և Բաղիրովի կարգադրությամբ սկսվեցին ստուգումներն ու ցուցակագրումը՝ հայ «անվստահելի» անձանց աքսորելու նպատակով:
Այդ ժամանակ պետանվտանգության նախարարը Ն. Կրեմյանն (Քրիմյան) էր, որը դրեց այդ սև գործի հիմքը: Հետագայում նա դատապարտվեց գնդակահարության: Աքսորման և առհասարակ «քննության գործի» մեծ մասը կատարվեց Սերգեյ Կորխմազյանի օրոք, որն իր կատարած հանցագործությունների համար հետագայում բանտարկվեց: Ցավալին այն է, որ ստուգողների մեծ մասը այլազգի էր և Արևմտյան Հայաստանում ծնվածներին համարում էր արտասահմանում ծնվածներ ու նրանց շատ ավելի խիստ էր մոտենում, քան մյուսներին: Այդ առումով վիճակն ահավոր էր Լենինականում, որի բնակչության մեծ մասը Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից էր, հատկապես՝ Ղարսից, որին ավելի խիստ էին մոտենում: Դաժանաբար էին վարվում այն ընտանիքների հետ, որոնց անդամներից որևէ մեկը երեսնական թվականներին բանտարկվել էր:
Քոչինյանը գրում է. «Հիշում եմ հունիսի 11-ին՝ կիրակի օրը, Կենտկոմից մեքենան ուղարկեցին իմ ետևից՝ շտապ ներկայանալու կարգադրությամբ (նույնիսկ դեռ չէի սափրվել): Վարորդի հետ եկած Կենտկոմի աշխատողը ասաց, որ խորհրդակցություն է սկսվում, պետք է շտապել: Այդ ժամանակ ես աշխատում էի Կենտկոմի կադրերի գծով քարտուղար: Արագ հագնվեցի և ներկայացա Կենտկոմի բյուրոյի նիստերի դահլիճ, որտեղ հավաքված էին չեկիստի համազգեստով անծանոթ մարդիկ և հանրապետության ակտիվը՝ քաղկոմ շրջկոմների առաջին քարտուղարների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անցավ հույժ գաղտնի պայմաններում»: Խորհրդակցությանը ելույթ է ունեցել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գ. Հարությունովը: Նա նշել է, այսպես կոչված, «մաքրման» միջոցառման քաղաքական և պետական նշանակության մասին: Ելույթ է ունեցել նաև պետանվտանգության նախարար Ս. Կորխմազյանը, որը մանրամասն բացատրել է, որ արդեն հանրապետություն են ժամանել հատուկ զորամասերի ստորաբաժանումներ, որոնք մեկ գիշերվա ընթացքում կուսակցության ակտիվի օժանդակությամբ պետք է ավարտեին իրենց աշխատանքները։ Նախօրոք պատրաստվել էին ցուցակները, թե ակտիվից ով որ շրջանը, քաղաքը պետք է մեկներ. «Ինձ ամրացրել էին Լենինականին: Խորհրդակցությունը վերջանալուց հետո խնդրեցի տուն գնալ, հագնվել համապատասխան, քանի որ եկել էի անպատրաստ: Կտրականապես արգելեցին: Մեկնեցի 2 զինվորական ջոկատների ղեկավարների հետ, որոնք կցված էին Լենինականին: Նրանց հանձնարարվել էր՝ մինչև լուսաբաց ավարտվի այդ «օպերացիան»: Ամեն ինչ կատարվում էր խիստ գաղտնի, մեկնեցինք հունիսի 12-ին, Լենինականում քաղկոմի քարտուղարն էր Արմո Հարենցը» :
Հունիսի 14-ի առավոտյան քաղկոմի 1-ին քարտուղար Հարենցի հետ Քոչինյանը որոշել է տեսնել աքսորավայր ուղարկվողներին: Տեսարանն աննկարագրելի էր. ամենուր՝ լաց ու կոծ, երեխաների ճիչ, զարմանք ու զայրույթ, թե ինչու են իրենց աքսորում: Երբ անցել են վագոնների կողքով, մեկը բարձրաձայնել է Քոչինյան ազգանունը: Քոչինյանը տեսել է մի դեռահաս աղջկա, որը փորձել է մոտենալ իրեն, սակայն զինվորականն արգելել է: Նա ինքն է մոտեցել և հարցրել, թե ինչ է պատահել: Աղջիկը հուզված ասել է, որ իր եղբայրը Մանասն է, և նա իրեն տեսել է իրենց տանը դեռևս կոմերիտական աշխատանքների շրջանում. «Մանասին լավ էի հիշում: Պարզվեց նրանց ընտանիքը աքսորում էին, իսկ Մանասը 1 տարի առաջ զոհվել էր ավտովթարից»: Աղջիկը հուզված պատմել է, որ հայրը չի թողել որևէ իր վերցնեն, որովհետև վստահ էր, որ թյուրիմացություն է եղել. ինչպե՞ս կարող են անմեղ մարդուն աքսորել: Այդ օրը Քոչինյանին դիմել են շատ շատերը, սակայն Քոչինյանը ոչնչով չի կարողացել օգնել նրանց: Այնուամենայնիվ, 3 ընտանիքների ազգանուններն ու տվյալները վերցրել է: Կուսակցության Լենինականի քաղկոմում Պետանվտանգության ներկայացուցիչն ու Լենինականի բաժանմունքի պետը՝ Մ. Կարապետյանը, կտրականապես մերժել են այդ 3 ընտանիքներին ազատելու խնդրանքը. «Ստիպված հեռախոսով դիմեցի Կենտկոմի 1-ին քարտուղար Գ. Հարությունովին: Նա շատ զայրացավ, թե ինչու եմ գնացել կայարան և խոսել աքսորականների հետ: Ապա ասաց, որ ինքը ոչինչ անել չի կարող. «Դու ես ամրացված Լենինականին, ինքդ էլ հարցերը լուծիր՝ քաղաքի ղեկավարների հետ խորհրդակցելով»»: Նորից ստուգել են տվել այդ 3 ընտանիքի տվյալները: Նախկին քարտուղարը խոստովանել է, որ, ցավոք, արդեն մոռացել էր ազգանունները: Իսկ ստուգումները պարզել են, որ նրանք միանգամայն անմեղ, աշխատավոր մարդիկ էին: «Իմ (Քոչինյանի – Ս. Գ.) պատասխանատվությամբ կարգադրվեց երեքին էլ վերադարձնել իրենց տները»: Հետաքրքիր մի դիպված էր եղել, որը զարմացրել էր նրան. «Երբ ստուգողները զեկուցեցին, որ նրանք լիովին անմեղ են, բաժանմունքի պետը՝ Մ. Կարապետյանը, զայրացած ասաց. «Երևում է՝ լավ չեն ստուգել, չէ՞ որ նրանք ծնվել են արտասահմանում»: Պարզվեց, որ ընտանիքի տարեց անդամներից մեկը ծնունդով սարիղամիշցի է, մյուս երկուսը՝ ղարսեցիներ են: Միայն այդ պահին իմացա, որ Արևմտյան Հայաստանում ծնվածների նկատմամբ առանձնակի խիստ վերաբերմունք է դրսևորվել: Իմ ինքնագլուխ որոշումը էժան չնստեց: Ղեկավարությունը լրջորեն կշտամբեց իմ արարքը՝ այն որակելով օպորտունիստական»:
Փաստաթղթի հեղինակը անդրադառնում է այն տխուր իրողությանը, որ հիսնական թվականների սկզբներին հայրենադարձ հայերից եղան այնպիսիք, որոնք, չդիմանալով ստեղծված ծանր պայմաններին, խախտելով պետական սահմանը, անցան արտասահման, վերադարձան իրենց նախկին բնակավայրերը: Այս փաստը շատ մեծ աղմուկ բարձրացրեց հանրապետության աշխատավորության շրջանում. նրանք դատապարտում, անարգանքի սյունին էին գամում փախստականներին: Պարզ է, որ այս երևույթի վերաբերյալ իրենց խոսքը պետք է ասեին կուսակցության ղեկավար մարմինները. «1953-ի սկզբներին ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն քննության առավ սահմանախախտման դեպքերը: Հրավիրել էին կուսակցության կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունովին և ինձ (այդ ժամանակ Մինիստրների խորհրդի նախագահն էի): Քաղբյուրոյի նիստը ղեկավարում էր Բերիան, իսկ Ստալինը, կողքի սեղանի մոտ կանգնած, զբաղված էր իր ծխամորճով: Բերիան կարդաց որոշման նախագիծը, որտեղ նախատեսվում էր խիստ նկատողություն հայտարարել Հարությունովին և ինձ` համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար: Նախագիծը կարդալուց հետո մի քանի րոպե տիրեց քար լռություն, քաղբյուրոյի անդամներից ոչ ոք ձայն չհանեց: Բոլորը սպասում էին Ստալինի խոսքին: Հանկարծ նա մոտեցավ Բերիային, ապա՝ Հարությունովին և հարցրեց (Հարությունովին), թե որքա՞ն մարդ է ընդունել: Հարությունովը պատասխանեց. «Շուրջ 100 000, ընկե՛ր Ստալին», Ստալինը նորից մոտեցավ իր սեղանին, լցրեց ծխամորճը, վառեց ու մոտեցավ Մոլոտովին՝ դիմելով. «Եթե դժոխքից 100 000 մարդ է տեղափոխվել դրախտ, կգտնվե՞ն այնպիսիք, ովքեր կցանկանան ապրել դժոխքում»: Ստալինի այս արտահայտությունից անմիջապես հետո Բերիան առաջարկեց հարցը հանել քննարկումից, բավարարվել առաջնորդի դիտողություններով: Մենք ազատվեցինք պատժից»: Վերադառնալով Երևան՝ ՀՀԿ Կենտկոմը լուրջ միջոցառումներ մշակեց հայրենադարձների շրջանում «քաղաքական-մասսայական» աշխատանքներն ուժեղացնելու նպատակով:
1953 թ.՝ Ստալինի մահից հետո, Հայաստանի ղեկավարությունը հարց հարուցեց 1949 թ. աքսորվածներին արդարացնելու մասին: Բռնադատվածների արդարացման գործերը քննությունն ավելի արագացվեցին Բերիային գնդակահարելուց հետո: 1955 թ. սկսվեց նրանց վերադարձը հայրենիք: Աքսորվածներից շատերն արդեն ողջ չէին: Կլիմայական դաժան պայմաններին չդիմանալով՝ նրանք բախտ չունեցան նորից տեսնելու իրենց արևային հայրենիքը:
Գրության վերջում 1-ին քարտուղարի ստորագրությունն է՝ «Ա. Քոչինյան 6/02/ 1989թ. Երևան»:
Սեդա Գալստյան
Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ


