Կատարւած է Չաւուշօղլուի հրահանգը…
14 Հուլիս 2022
1.Ամիսներից իվեր ադրբեջանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման…մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ’ քաղաքական,թէ’ տարածքային եւ թէ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։
2. Այդ միակողմանի զիջումներով էլ չբաւարարւելով, թուրք-ադրբեջանական տանդեմը իր հակահայկական ճնշման նշաձողը բարձրացրեց ինչպէս նախագահական, այնպէս էլ արտգործնախարարների մակարդակ…
3. եւ արդէն վերջին շաբաթներին նոյնինքն Էրդողանը, Ալիեւն ու մասնաւորապէս Չաուշօղլուն թիրախ դարձրին՝
ա-Հայաստանի ընդդիմադիրներին եւ
բ-Սփիւռքին ու տեղ-տեղ էլ՝ յականէ-յանւանէ՝ՀՅԴ-ին. թէ՝ իբր սրանք ռեւանշիստներ են ու հայ-թուրքական հաշտութեան ու խաղաղութեանը խանգարողներ։
4. Սրանով էլ չբաւարարւելով, թուրք արտգործնախարարը լկտիաբար յորդորում-հրահանգում է փաշինեանական իշխանաւորներին, որպէսզի այս վերջինները արգելք հանդիսանան հայաստանեան ու սփիւռքեան ազգային ուժերին ու հոսանքներին, որպէսզի արագացւի ցանկալի հաշտութեան գործընթացը։
5. Եւ ահա՝յուլիսի սկզբին հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորող դիւանագիտակա՜ն ներկայացուցիչների 4-րդ հանդիպումն է կայանում Վիեննայում…ու դարձեալ Չաուշօղլուն ոգեւորւած՝ պաշտօնապէս առաջարկում է՝ 5-րդ հանդիպումն կայացնել արդէն Երեւանում կամ Անկարայում…
6. սրան զուգահեռ ալենսիմոնեական խորհրդարանը որոշում է ընդունում,որ Ազգ.Ժողովի ընդդիմադիր երկու պատգամաւոր՝ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանին եւ Վահէ Յակոբեանին զրկել խորհրդարանական զբաղեցրած պաշտօններից, որին էլ յաջորդեց բնականաբար ընդդիմադիր միւս պատգամաւորների ինքնաբուխ հրաժարականը՝ զբաղեցրած պաշտօններից…
7. Եւ երեւի դրանից կատաղած(բայց աւելի հաւանական է՝ Չաուշօղլուի ցանկութիւնն իրականացնելու համար)
ալենական պատգամաւորները նոր որոշում են կայացնում՝ ընդհանրապէս զրկել ընդդիմադիր պատգամաւորներին իրենց օրէնսդրական մանդատներից, հարցը վիճարկելու համար դիմելով ՍԴ-ին…
8. Ահաւասիկ՝ հերթը այժմ Սփիւռքի խանգարիչներին ճնշելուն է հասնում…եւ առանց յապաղելու տարածւում է լուրը, թէ արգելւել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ քաղաքական գործիչ Մուրադ Փափազեանի մուտքը՝ Հայաստան…
9. Թանկագին ընթերցող, թէ սրանցով որքա՜ ն է գոհունակ դառնալու Չաուշօղլուն՝ ցոյց կըտայ ժամանակը, սակայն, ազգային իրական ուժերի ու տւեալ դէպքում ՀՅԴ-ի ու իր անդամների համար հպարտանքի առարկայ է թուրքական ու առհասարակ պանթուրանական հակահայկական պայքարում ամէն կարգի ճնշումներին յաղթականօրէն դիմակայելը եւ կարեւորը՝ որ դա ապացուցւած է պատմութեան անառարկելի ու բազմաթիւ փաստերով …, որոնք արձանագրւած են առնւազն վերջին 130 տարիներում։
Հասկացողաց շատ բարեւ…
Ալիք օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեան
