Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ
26 Հուլիս 2022
Այսօր ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան և իր թիմը դեսպանատանը հյուրընկալեցին Արգենտինայի և Հայաստանի միջև խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը:
Պատգամավորն իր շնորհավորանքները հղեց Արգենտինայի Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև վերահաստատեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման համար նորացված օրակարգ մշակելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները կարևորեցին Արգենտինայում հայկական սփյուռքի նշանակալի դերը՝ վերահաստատելով երկկողմ համագործակցության ակտիվացման համար սփյուռքի մեծ ներուժի օգտագործման կարևորությունը:
Կողմերը նաև քննարկեցին երկու երկրներում առկա խնդիրներն ու տարածաշրջանային ու միջազգային քաղաքական գործընթացները։ Սաղաթելյանն իր դիրքորոշումը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մարտահրավերների և լուծման վերաբերյալ։ Դեսպան Վերգարան, իր հերթին, ներկայացրեց Մալվինյան կղզիների նկատմամբ Արգենտինայի ինքնիշխան պահանջների վերաբերյալ մեր երկրի հիմնական մոտեցումները։ Այս նույն համատեքստում դեսպան Վերգարան Իշխան Սաղաթելյանին հրավիրել է միանալու Մալվինյան կղզիների հարցով համերաշխության ազգային խմբին։