Եթե այսպես շարունակվի, քաղաքացիների կենսաթոշակային ֆոնդը մի քանի տարի հետո ուղղակի կզրոյանա. Թադևոս Ավետիսյան
27 Հուլիս 2022
Այս օրերին քաղաքացիները ստանում են տարվա երկրորդ եռամսյակի պարտադիր կենսաթոշակային հաշվի մնացորդի հաշվետվությունները, որոնք բացասական եկամտաբերություն ունեն։ Քաղաքացիներից շատերն են բողոքում՝ տարածելով իրենց հաշվիների նկարները, որտեղ պարզ երևում են գանձված գումարները։
Թեմայի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակացության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ, որը ևս բախվել է խնդրին։ Ավետիսյանի կարծիքով՝ խնդրի առաջացումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ։ «Կենսաթոշակային ֆոնդի գումարները կառավարում են նաև դոլարով և եվրոյով իրականացվող գործարքներում, ուստի կարծում եմ՝ դրամի արժևորումը հիմնական գործոնն է։ Ամեն դեպքում, խնդիրը, ըստ էության, վերաբերում է նաև պետական կարգավորմանը, քանի որ դրամն արդեն տևական ժամանակ է արժևորվում է, ուստի անհրաժեշտ է ստեղծված իրավիճակին որևէ կերպ արձագանքնել, քանի որ հակառակ պարագայում մարդիկ անընդհատ տուժելու են»,-ընդգծեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարդիկ որևէ կերպ չեն մասնակցում կենսաթոշակային ֆոնդի կառավարմանն ու դրա հետ կապված որոշումների կայացմանը, ուստի պետք է որևէ կարգավորում գտնվի, որպեսզի մարդկանց փոխհատուցեն։ «Օրինակ իմ հաշվից նվազել է ամբողջ գումարի գրեթե 10 տոկոսը։ Մի քանի տարի կատարածս պարտադիր վճարների արդյունքում գոյացել է որոշակի գումար, որից 10 տոկոսը ես կորցնում եմ, այն էլ ընդամենը 3 ամսվա ընթացում»,-նշեց Ավետիսյանը։
Պատգամավորի պնդմամբ՝ այս ամենին ոչ թե միայն ուղղակի բացատրություններ պետք է տրվեն, այլ պետք է հստակ կարգավորումներ սահմանվեն։ «Նման դեպքեր կարող են անընդհատ լինել, ուստի նմանատիպ իրավիճակների համար պետք է առնվազն այդ ամենը կարգավորող և փոխհատուցող մեխանիզմներ մշակվեն։ Մենք մեր կենսաթոշակային կուտակումներն ազգային դրամով ենք իրականացնում, ուստի անհրաժեշտ է, որ մեր գումարներն աստիճանաբար ներդրվեն դրամով արտահայտված գործիքներում, որպեսզի արժութային ռիսկից խուսափենք։ Ինչպես նաև մշակեն այնպիսի փոխահատուցող մեխանիզմներ, որոնցով կկոմպեսացնեն քաղաքացիների կորուստները»,- մատնանշեց նա։
Հարցադրմանը, եթե պետությունը որևէ մեխանիզմ չմշակի խնդրի կարգավորման համար, ապա քաղաքացիները մի քանի տարի հետո ի՞նչ խնդրիների կառերեսվեն՝ Ավետիսյանը պատասխանեց. «Նրանց կենսաթոշակային ֆոնդը մի քանի տարի հետո ուղղակի կզրոյանա։ Պետությունը և մեր ֆոնդերի կառավարիչները որևէ կորուստ չեն ունենում, միայն քաղաքացին է այս իրավիճակից կորուստներով դուրս գալիս»։
Մելինե Պետրոսյան