Դաշնակցության դեմ սկսված արշավը վերածվել է դրա առանձին անդամների դեմ պայքարի
01 Օգոստոս 2022
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է ներքաղաքական հարցերին, ինչպես նաև խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր զարգացումներից։
«Բաքվի եւ Անկարայի հիստերիկ նոպաները ցույց են տալիս, որ Դիմադրություն շարժումը չի ձախողել»,- ասել է Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն անկեղծորեն կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը ամեն կերպ փորձում է հետաձգել այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» հաստատման գործընթացը։ Քաղաքական գործիչը «խաղաղության դարաշրջանը» համեմատեց Հայաստանի տոտալ կապիտուլյացիայի հետ։
«Թուրքերն իրենց հերթին սպառնալիքներ են հնչեցնում Հայաստանի ընդդիմության եւ Դաշնակցության հասցեին, ինչը նշանակում է, որ իրական վտանգ են տեսնում։ Նրանք տեսնում են, որ Դիմադրություն շարժումը՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, վտանգ է ներկայացնում վերը նշված գործընթացների համար։ Մենք արդեն ասել ենք, որ մեզ համար կարեւորը ոչ թե իշխանությունն է, այլ երկիրը»,-ընդգծել է նա:
1992 թ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրից արտահանձնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մանուկյանին։ Բայց ես չեմ հիշում, որ սահմանը փակված լիներ եւ ոչ ոքի ներս չթողնեին. ասել է Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Նիդեռլանդներում բնակվող ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Սյունե Աբրահամյանի՝ երկիր մուտքի արգելքը:
Արթուր Խաչատրյանն իշխանությունների բացատրություններն անհասկանալի եւ անտրամաբանական անվանեց: Ավելին, ըստ պատգամավորի, մուտքի արգելքը զուտ քաղաքական դրդապատճառներ ուներ:
«Այս փուլում, երբ թուրքերն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրախաղով են զբաղված եւ միասին դեպի այսպես կոչված «խաղաղության դարաշրջան» են շարժվում, Դաշնակցությունն իր հայտարարություններով, ըստ էության, նրանց հիմնական հակառակորդն ու թշնամին է դառնում։ Չէ որ Դաշնակցությունն ուղղակիորեն նշում է, որ իշխանությունների ընտրած ճանապարհը ոչ թե դեպի «խաղաղության դարաշրջան», այլ դեպի կործանում է տանում»,- ասել է Արթուր Խաչատրյանը։
Այսպիսով, Դաշնակցության դեմ սկսված արշավը պայքարի է վերածվել դրա առանձին անդամների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում