Սփյուռքին օտարացնել Հայաստանից, ոչ ոքի չի հաջողվելու
01 Օգոստոս 2022
Իշխանությունները երեկ արգելել են ՀՀ մուտք գործել ՀՅԴ Հոլանդիայի ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանին: Վերջինս հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ պատմում է, որ ինքն արդեն 24 ժամ է, ինչ գտնվում է Երևանի Զվարթնոց օդանավակայանում, նրա ձեռքից վերցրել են անձնագիրը, այնուհետև առանց որևէ պատճառաբանության արգելել՝ մուտք գործել Հայաստան: Տեսաուղերձում Սյունեն քննադատել է հայաստանյան իշխանությունների այս քայլը, և զուգահեռներ տարել իր և Ծիծեռնակաբերդում թուրք զբոսաշրջիկի և նրա կողմից գորշ գայլերի նշանը ցույց տալու, գայլի ոռնոցներ հանելու միջև: Հայաստան մուտք գործել արգելել են նաև Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին, ով 23-ամյա Սյունե Աբրահամյանի հայրն է: hraparak.am -ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
-Այս պահին ես գտնվում եմ Երևանի Զվարթնոց օդանավակայանում, ինձ հետ է նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով փորձում է առաջին իրավաբանական օգնությունը ցույց տալ Մասիս Աբրահամյանին: Նորից նույն վիճակն է։ Մասիս Աբրահամյանի իրավունքը սահմանափակված է, փաստաբանի ընդունելություն է կազմակերպվել, անհասկանալի մի անորմալ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ իշխանությունները արշավ են սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր հայ ժողովրդի դիմադրողականության հարթության մեջ պաշտպանում են մեր ժողովրդին ու Հայոց պետականությունը՝ այսպես փորձելով հաճոյանալ թուրք-ադրբեջանական ծրագրերը ղեկավարող և իրականացնող անձանց: Ինչպես գիտեք, տարիներ շարունակ հենց թուրքերն ու ադրբեջանցիներն էին անընդհատ պնդում, որ Սփյուռքը չպետք է ներգրավվի Հայաստանի կյանքին: Եվ փաստորեն, հիմա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ըստ էության, իրականացնում է այդ ծրագիրը։ Եվ վերջապես՝ ակնհայտորեն ապօրինի այս վարքագիծը, որը չունի որևէ իրավական բացատրություն, սրանով հերթական անգամ իշխանությունները ուզում են Սփյուռքին, մեզ՝ բոլորիս, մեր հայրենակիցներին տեղեկացնել, որ իրենք թքած ունեն Սահմանադրության, օրենքի, իրավունքի գերակայության վրա, և կարող են ցանկացած պահի Հայաստանը իրենց սեփական դուքանի նման դիտարկել, ինչն անընդունելի և մերժելի է: Մեր պայքարը չի կարող թուլանալ այս ապօրինությունների և հակահայ վարքագծի պատճառով:
-Ինչ կլինի, Սփյուռքն ինչպես կարձագանքի իշխանության այս քայլերին:
-Ամբողջ հարցը նա է, որ այս իշխանությունը Հայաստանն ու իրենց նույնականացրել են իրար: Եվ իրենց թվում է, որ իրենց քաղաքականության դեմ Սփյուռքի պայքարը կարող են հեշտությամբ վերածել՝ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հակընդդեմ դիմադրության: Մինչդեռ Սփյուռքը ապրել և շարունակում է ապրել Հայաստանով, Հայոց աշխարհով, և երբեք չի կարող թուլանալ Սփյուռքի ցանկությունը, ձգտումը՝ օգնել, որպեսզի Հայաստանը կարողանա իր դիրքերն ամրապնդել: Այս իշխանություններն անցողիկ են, նրանք կհեռանան, կդատվեն իրենց հանցագործությունների համար, բայց Սփյուռքը երբեք չի դադարի պայքարել հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի, որովհետև Սփյուռքի մեծ մասն այսօր ձևավորվել է Ցեղասպանության հետևանքով: Իսկ այսօրվա իշխանություններն իրականացնում են հենց Ցեղասպանության կազմակերպիչների ծրագիրը: Վստահ եմ, որ այս քայլերով չեն կարողանալու Սփյուռքին օտարացնել Հայաստանից: Փորձելու են, ձգտելու են, բայց չի ստացվելու:
-Ինչ քայլեր եք ձեռնարկելու:
-Սա արդեն երրորդ դեպքն է: Մուրադ Փափազյանի մասով արդեն իսկ սկսել ենք իրավական գործընթացը, հարցումն ուղարկված է Ազգային Անվտանգության ծառայությանը, պահանջ ենք ներկայացրել, որ նաև վերացնեն այդ սահմանափակումը: Կստանանք այդ գրության պատասխանը, չենք ստանա՝ դրան համարժեք դատական գործընթաց կսկսենք: Երեկ և այսօր տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ այսօր արդեն փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ օդանավակայանում ենք, չնայած նախնական խոստումներին, որ փաստաբանը կարողանա մտնել և ցուցաբերել առաջին իրավաբանական օգնությունը, ստանալ լիազորագիր՝ ամեն խոչընդոտ փորձում են ստեղծել, որպեսզի Ռուբեն Մելիքյանը չհանդիպի Մասիս Աբրահամյանի հետ: Այստեղ են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, մենք փորձում ենք այդ լիազորագիրը, այնուամենայնիվ, Մասիս Աբրահամյանից ստանալ, որպեսզի վաղվանից սկսած նար իրավաբանական գործընթացը իրականացնի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նարինե Ղուկասյան