Տեւական խաղաղության գրավականը երկիրը պաշտպանելու կարողությունն է
02 Սեպտեմբեր 2022
Սեպտեմբերի 1-ին hraparak tv-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական ռաունդում քննարկված հարցերին, Արցախի հետագա ճակատագրի հետ կապված ՀՀ իշխանությունների որդեգրած մերժելի քաղաքականությանը, ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Երևանում և Ստեփանակերտում կայանալիք հանրահավաքներին ՝ նվիրված Արցախի Հանրապետության Անկախության օրվան:
-Այս իշխանությունները,- նշել է Արթուր խաչատրյանը,- Արցախի հարցը տարանջատում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Դա արմատական և սկզբունքային սխալ է: Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն առաջացել է այն պահից, երբ Հայաստանը միջամտել է և հանդիսացել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ադրբեջան-Արցախ հակամարտության շրջանակներում: Հետևաբար Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը կարող է հանգուցալուծվել միայն այն ժամանակ, երբ հանգուցալուծվի Արցախի խնդիրը: Այլապես, երբ Հայաստանը գնում է Ադրբեջանի հետ սեպարատ բանակցությունների, սեպարատ «խաղաղության», դրանով դավաճանում է Արցախի հայերին: «Խաղաղությունն» այս դեպքում ես դնում եմ չակերտների մեջ, որովհետև այս իրավիճակում սեպարատ խաղաղությունն Ադրբեջանի հետ ոչ թե խաղաղություն է, այլ կապիտուլյացիա:
Խոսելով ներքաղաքական խնդիրներից՝ Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից երկրի օրենսդիր իշխանության ներկայացուցիչների իրավունքների կոպիտ խախտումներին, ընդհուպ գործադիրի կողմից օրենքների ոտնահարման դեպքերին: «Եթե կառավարությունն ու վարչապետն են խախտում օրենքը, ապա ի՞նչ պահանջել մնացած երեք միլիոն քաղաքացիներից»,- ասել է Արթուր Խաչատրյանը: Նա խոսել է նաև ՀՀ նախագահին ուղղված իր հարցումի մասին, որի պատասխանն առնվազն հիասթափեցնող է եղել:
-Ես ՀՀ նախագահին հարցրել էի՝ Դուք հաստատու՞ւմ եք, արդյոք, որ Արցախի հարցի լուծման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է և արդյոք հենց դա՞ է շարունակում մնալ Արցախի հարցի լուծման՝ Հայաստանի Հանրապետության պատկերացումը: Նրանք, օրենքի կոպիտ խախտումներով հանդերձ ինձ պատասխանել են, որ Արցախի հարցի կարգավորումը ժողովրդի անվտանգության երաշխավորումն է և պետք է լուծվի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարությունների հիման վրա՝ այդպես էլ ոչ մի բառ չասելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին,- նշել է Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով սեպտեմբերի 2-ին Երևանում կայանալիք հանրահավաքին՝ ԱԺ պատգամավորը հանրությանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընդդիմության պայքարին, որովհետև զանգվածային մեծ աջակցությամբ է միայն հնարավոր ազատվել գործող իշխանություններից ու նրանց վարած անխոհեմ քաղաքականությունից:
Մանրամասները՝ տեսանյութում
