ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

ԱՄՆ քաղաքականությունը ուկրաինական ճգնաժամում

23 Սեպտեմբեր 2022

Ուկրաինան, լինելով Եվրոպա մայրցամաքի երկրորդ խոշոր պետությունը, իր ռազմավարական դիրքով և աշխարհաքաղաքական նշանակությամբ դարձել է Ռուսաստան-Արևմուտք պայքարի կռվախնձոր։ Երկիրը մշակութային և պատմական թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Այն դեպի Արևմուտք տանող Ռուսաստանի խոշորագույն դարպասն է։ Ուստի Ուկրաինայի «արևմտականացումը» Մոսկվան մշտապես դիտարկել է որպես վտանգ՝ ուղղված երկրի ազգային անվտանգությանը։

Միացյալ Նահանգները մշտապես գիտակցել է Ուկրաինայի կարևորությունը Ռուսաստանի համար։ Այդ մասին բարձրաձայնել են ԱՄՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք եղել են ամերիկյան արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետները։ Նրանց թվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, ով շեշտել է, որ, «առանց Ուկրաինայի, Ռուսաստանը դադարում է կայսրություն լինելուց, բայց ստորադասված, իսկ հետո ենթակայության տակ առնված Ուկրաինայով Ռուսաստանն ինքնաբերաբար դառնում է կայսրություն» ։
Նույն կարծիքին էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որի պնդմամբ՝ «Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի կարող պարզապես օտար երկիր լինել. ռուսական պատմությունը սկսվել է Կիևյան Ռուսիա կոչվող վայրից: Այդտեղից է տարածվել ռուսական կրոնը։ Ուկրաինան դարեր շարունակ եղել է Ռուսաստանի կազմում, և այդ ժամանակից ի վեր նրանց պատմությունները միահյուսվել են» ։

Ներկայումս Ուկրաինայում ընթացող պատերազմը Ռուսաստան-Արևմուտք պայքարի վառ դրսևորումներից է, երբ Ռուսաստանը պատրաստ չէ բաց թողնելու Ուկրաինային և հանդուրժելու Արևմուտքի ներկայությունն իր անմիջական հարևանությամբ։ Արևմուտքն էլ իր հերթին փորձում է ընդլայնել սեփական ազդեցությունը՝ մուտք գործելով Ռուսաստանի պատմական ազդեցության գոտի, և իր կառույցներում ընդգրկել Ռուսաստանի ռազմավարական հարևաններին։ Այնուամենայնիվ, կան կարմիր գծեր, որոնք Ռուսաստանը թույլ չի տա Արևմուտքին հատել։

Ինչպես նշում է Քիսինջերը, «Խաղաթղթի վրա է ուկրաինական հարցը. Ուկրաինան կմիանա Արևելքի՞ն, թե՞ Արևմուտքին: Բայց եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել և զարգանալ, նա չպետք է լինի կողմերից մեկի ֆորպոստը մյուսի դեմ, նա պետք է գործի որպես կամուրջ նրանց միջև» ։

Պարզելու համար, թե որն է ԱՄՆ-ի դերը ուկրաինական ճգնաժամում, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղ են թաքնված ճգնաժամի արմատները, ինչ ջանքեր է ԱՄՆ-ն գործադրում Ուկրաինայի «արևմտականացման» հարցում, և ինչպես է աջակցում ԱՄՆ ներկայիս վարչակազմը Ուկրաինային։

Ճգնաժամի սկիզբը

Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դադարել էր հավակնոտ լինելուց, ինչպիսին էր Խորհրդային Միության տարիներին։ Ռուսաստանը չուներ նախկին հզորությունը՝ բացեիբաց հակամարտելու Արևմուտքի դեմ։ Միջազգային հարթակում նրա դիրքերի թուլացումն ուղեկցվում էր ԱՄՆ-ի և իր արևմտաեվրոպական դաշնակիցների դիրքերի ամրապնդմամբ ու միաբևեռ աշխարհակարգի գաղափարների տարածմամբ։

Այս իրավիճակում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) դարձավ լուրջ գործիք Արևմուտքի ձեռքում՝ սեփական դիրքերն ամրապնդելու և միջազգային թատերաբեմում Ռուսաստանին անմրցունակ դարձնելու համար։ Ուստի սկսվեց դաշինքի ընդլայնման գործընթացը։ Այն սկսվեց 1999 թ. և ընդգրկեց Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը, ապա շարունակվեց 2004 թ.՝ ներառելով Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան՝ դաշինքի սահմանները մոտեցնելով Ռուսաստանին։ Թեև Մոսկվան գործընթացի հենց սկզբից արտահայտեց իր դժգոհությունը, այնուամենայնիվ, նա չուներ նախկին հզորությունը՝ կասեցնելու այն ։

Շրջադարձային պահը դարձավ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ներկայիս հավակնոտ արտաքին քաղաքական («պուտինյան») ուղղության ազդարարման սկիզբը՝ 2007 թ. փետրվարը, երբ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթով ազդարարեց Ռուսաստանի՝ գերտերության կարգավիճակի հավակնության և միաբևեռ աշխարհակարգին հակազդեցության մասին։

Հենց այդ ելույթի ժամանակ Պուտինը դեմ արտահայտվեց ՆԱՏՕ-ի ընդլայնմանը. «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի կապ չունի բուն դաշինքի արդիականացման կամ Եվրոպայում անվտանգության ապահովման հետ։ Ընդհակառակը՝ դա լուրջ սադրանք է, որը նվազեցնում է փոխվստահությունը: Եվ մենք իրավունք ունենք հարցնելու՝ ում դեմ է ուղղված այդ ընդլայնումը» ։
Ելույթին հաջորդող տարվա ընթացքում Բուշի վարչակազմը Ամերիկայի եվրոպացի դաշնակիցների հետ վարում էր բազմաթիվ միաժամանակյա քաղաքականություններ, որոնք ուղղված էին անդրատլանտյան անվտանգության ամրապնդմանը և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն մոտ էր Ալբանիային, Խորվաթիային և Մակեդոնիային անդամակցության հրավերներ տրամադրելուն։ Իսկ երբ դաշինքը սկսեց նախապատրաստվել 2008 թ. ապրիլի Բուխարեստի իր գագաթնաժողովին, նրա անդամները քննարկում էին, թե ինչպես հնարավոր կլինի Ուկրաինային և Վրաստանին ներգրավել կազմակերպության մեջ ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրեց իր գործընկեր երկրներին համոզելու Ուկրաինային և Վրաստանին ավելացնել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանում, սակայն այդ գաղափարն աջակցություն չստացավ գործընկերների կողմից (Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան դեմ եղան այդ քայլին` վախենալով, որ այն Ռուսաստանի հետ անտեղի թշնամանքի առիթ կլինի):

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ճնշման տակ վերջնական փաստաթղթում նշվեց, որ Ուկրաինան ու Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ պետություն, երբ համապատասխանեն կազմակերպությանն անդամակցության բոլոր պահանջներին ։

ԱՄՆ-ի այս քաղաքականությունն անընդունելի էր Ռուսաստանի համար, և Պուտինի պատասխանը սպասել չտվեց։ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում և դրան հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Պուտինի ելույթները կարելի է համարել նախազգուշացում ԱՄՆ-ին և իր գործընկեր եվրոպական պետություններին՝ միտված դեպի Ուկրաինա և Վրաստան ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելուն: Գագաթնաժողովում ունեցած ելույթում կարելի է գտնել Ուկրաինայում դեպքերի հետագա զարգացման բոլոր նախազգուշացումները։

Պուտինն ընդգծում է. «Մեր սահմաններին հզոր ռազմական դաշինքի հայտնվելը, դաշինք, որի անդամների գործողությունները կարգավորվում են նաև Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածով, մենք դիտարկում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր երկրի անվտանգությանը։ Պնդումը, թե այս գործընթացը (ՆԱՏՕ-ի ընդլայնումը) ուղղված չէ Ռուսաստանի դեմ, բավարար չէ։ Ազգային անվտանգությունը հիմնված չէ խոստումների վրա։ Իսկ դաշինքի նախորդ ընդլայնման ալիքներին նախորդած հայտարարությունները պարզապես հաստատում են դա» ։

Գագաթնաժողովում ելույթի ժամանակ Պուտինը Ուկրաինան անվանեց «բարդ պետական կազմավորում», որի բնակչության ⅓-ը ազգությամբ ռուսներ են։ Պուտինի պնդմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ուկրաինան իր տարածքները ստացել է Լեհաստանից, Չեխոսլովակիայից, Ռումինիայից, ինչպես և հսկայական տարածքներ է ձեռք բերել Ռուսաստանից։ Ըստ նրա, եթե Ուկրաինայում մտցվեն «ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր և այլ խնդիրներ, այն կարող է ընդհանրապես կանգնել պետականության կորստի եզրին»: Իր ելույթում Պուտինը հստակ շեշտեց Ուկրաինայում ռուսական շահերի առկայությունը՝ նկատի ունենալով Ղրիմը, որը «Ուկրաինային է հանձնվել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ»։ Այս ելույթով, այդ հարցի շուրջ Ռուսաստանի հավասարակշռված քայլերի դիմաց, ՌԴ նախագահն իր արևմտյան գործընկերներից պահանջեց նույնպիսի հավասարակշռություն իրենց քայլերում ։

ԱՄՆ-ն Ուկրաինայի «եվրոպականացման» ճանապարհին

Չնայած Ռուսաստանի բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ուկրաինայի «եվրոպականացման» մեկնարկը տրված էր։ Միացյալ Նահանգները մշտապես մեծ նշանակություն է տվել ժողովրդավարական պետության անցման Ուկրաինայի հաջողությանը։ Այս առումով ԱՄՆ քաղաքականությունը կենտրոնացած է «ժողովրդավարական, բարգավաճ և ապահով Ուկրաինայի ամրապնդման ու զարգացման վրա, որն ավելի սերտորեն է ինտեգրված եվրոպական և եվրատլանտյան կառույցներում» :

Ուկրաինայի ժողովրդավարացումը խթանելու նպատակով ԱՄՆ-ն վարել է եռուղի քաղաքականություն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում, ԵՄ ընդլայնում և Ուկրաինայի՝ ամերիկամետ լիբերալ ժողովրդավարական պետության վերածում ։

Ակնհայտ է դառնում, որ ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած է հենց ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչն էլ Ուկրաինային Ռուսաստանի ուղեծրից հեռացնելու և Արևմուտքի հետ ինտեգրելու ավելի լայն ռազմավարության մի մասն է։ Միևնույն ժամանակ ԵՄ ընդլայնումը արևելյան ուղղությամբ և Արևմուտքի աջակցությունը Ուկրաինայում ժողովրդավարական շարժումներին՝ սկսած Նարնջագույն հեղափոխությունից մինչև Եվրամայդան, այդ ռազմավարության կարևորագույն բաղադրիչներն են։ «Եվրոպականացումը» հաճախ դրսևորվում էր արևմտամետ անհատների և կազմակերպությունների ֆինանսավորմամբ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը 2013 թ. դեկտեմբերին գնահատել է, որ Միացյալ Նահանգները 1991 թ. ի վեր ավելի քան 5 միլիարդ դոլար է ներդրել՝ օգնելու Ուկրաինային հասնելու «այն ապագային, որին արժանի է» ։ Իսկ Ուկրաինայի հարցում Ռուսաստան-Արևմուտք պայքարի հետևանք Նարնջագույն հեղափոխությունը և Եվրամայդանը պատճառ դարձան ներքին հարցերում Ռուսաստանի ազգայնական մոտեցումների աճին և առավել հակամարտային գլոբալ քաղաքականության որդեգրմանը ։

Ճգնաժամի ռազմականացված փուլը

Ինչպես արդեն նշվեց, 2000-ական թթ. առաջին տասնամյակից սկսած՝ Ռուսաստանը բացեիբաց մատնանշել է իր ազգային անվտանգության կարմիր գծերը Ուկրաինայի հարցում՝ որպես դրանց խախտման հետևանք ակնարկելով Ուկրաինայի պետականության կորստի հավանականությունը։ Այնուամենայնիվ, Ուկրաինային եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրելու ջանքերը շարունակվեցին մինչև 2014 թ. Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան։ Այս գործընթացը տարբեր կերպ որակվեց Ռուսաստանի և Արևմուտքի կողմից։ Եթե ՌԴ նախագահ Պուտինը այն ներկայացնում է որպես Ղրիմի բնակիչների համար պատշաճ պայմանների ապահովում «իրենց կամքն ազատորեն արտահայտելու համար» , ապա Ուկրաինան և Արևմուտքը այն ներկայացնում են որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։

Այս հակամարտության հետևանքը եղավ Ուկրաինայում էթնիկ բաժանումը, և կարճ ժամանակ անց Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռուսամետ անջատողականները հանրաքվե անցկացրին Ուկրաինայից անկախություն հռչակելու համար: Դա հանգեցրեց տարածաշրջանում զինված հակամարտության Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ուժերի և ուկրաինացի զինվորականների միջև :
2014 թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. փետրվարը Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան ստորագրեցին, այսպես կոչված, Մինսկի պայմանավորվածությունները, որոնք ի վերջո դադարեցրին զորքերի առաջխաղացումը և զգալիորեն նվազեցրին կռիվները: Բայց այդ պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին, և կռիվը վերածվեց խրամատային պատերազմի ։

Ճգնաժամի լայնամասշտաբ պատերազմական փուլը սկսվեց 2022 թ. փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց՝ հանուն «Ուկրաինայի ապառազմականացման, ապանացիստականացման և չեզոք կարգավիճակի հաստատման» ։ Ռուսաստանի կողմից նախազգուշացումները նախորդել էին բուն պատերազմական փուլին։ Դեռ 2021 թ. նոյեմբերին նախագահ Պուտինը կոչ էր անում ԱՄՆ-ին և նրա արևմտյան գործընկերներին «լուրջ, երկարաժամկետ երաշխիքներ տրամադրելու, որոնք կապահովեն Ռուսաստանի անվտանգությունն այս ոլորտում (ՆԱՏՕ-ի ընդլայնում), քանի որ Ռուսաստանը չի կարող անընդհատ մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ վաղը»։ Իսկ դեկտեմբերին եղավ ռուսական առաջարկը՝ պայմանագրի նախագծի տեսքով, որով նախատեսվում էր, որ ՆԱՏՕ-ն պետք է գրավոր երաշխիքներ ներկայացնի, որ չի ընդլայնվի արևելք՝ դեպի Ռուսաստան, և կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները նախկին խորհրդային հանրապետություններում։ Առաջարկների թվում էր նաև ՆԱՏՕ-ի պարտավորությունը, որ Ուկրաինային անդամակցություն չի առաջարկի։ Դրանք անմիջապես մերժվեցին ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից։ Նրանք նաև ընդգծեցին, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող բացառել Արևելյան Եվրոպայի որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի ապագա անդամակցությունը կառույցին : Ներկայումս պատերազմը շարունակվում է՝ պատճառ դառնալով երկու կողմերից էլ բազմաթիվ զոհերի։

ԱՄՆ ներկայիս վարչակազմի մոտեցումը ուկրաինական
ճգնաժամի հարցում

Բայդենի վարչակազմի՝ իշխանության գալը աշխարհաքաղաքական առումով փոփոխություն էր, քանի որ կանխատեսվում էր ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածություն արտաքին քաղաքական հարթակում, քան նախագահ Թրամփի օրոք էր, որն իր ջանքերը հիմնականում կենտրոնացրել էր երկրի ներքաղաքական և տնտեսական հարցերի վրա։
Թեև ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար արտաքին քաղաքական առաջնային սպառնալիք է դիտարկվումմ Չինաստանը, բայց դիտարկվում է նաև Ռուսաստանից եկող վտանգը ԱՄՆ ազգային շահերի համար, և իրականացվում է վերահսկելի հակազդեցություն՝ ներառելով երկխոսությունը։

Ուկրաինական ճգնաժամի հարցում Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի անկախության 30-ամյակին նվիրված ուղերձում նշել է. «Ուկրաինայի հետագիծը դեպի իր եվրատլանտյան ապագան պարզ է, և ուկրաինացի ժողովուրդը կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով։ Այս ողջ ընթացքում Միացյալ Նահանգները ձեր կողքին է եղել» ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև վերջերս «Նյու Յորք Թայմս»-ում հրապարակված իր հոդվածում, որում հստակ ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա գրել է. «Ամերիկայի նպատակը հստակ է. մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա, որն ունակ է զսպելու և պաշտպանվելու հետագա ագրեսիայից» ։ Այստեղ Բայդենի կողմից բառերի ընտրությունը՝ «ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա», որին աջակցում է Ամերիկան, պատահական չէ։ Քանի որ «ժողովրդավարական Ուկրաինան» այն Ուկրաինան է, որը կշարունակի իր 30 տարվա անկախության ընթացքում ձևավորած ավանդույթը՝ ունենալու ազատ և արդար ընտրություններով ձևավորված կառավարություն: «Անկախ և ինքնիշխան Ուկրաինան» այն է, որը պահպանում է իր ապագա ուղին ընտրելու իրավունքը, ներառյալ Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը: «Բարգավաճ Ուկրաինան» այն է, որը զերծ է իր տնտեսության վրա ռուսական ազդեցությունից ։

Այս հայտարարություններին զուգահեռ՝ նախագահ Բայդենը նաև հստակեցրել է, որ Ռուսաստանի դեմ ուղիղ առճակատման չի գնալու. «Մենք ուղիղ ձևով չենք ներգրավվի այս հակամարտության մեջ՝ Ուկրաինայում կռվելու համար ամերիկյան զորքեր ուղարկելով կամ հարձակվելով ռուսական ուժերի վրա, քանի դեռ Միացյալ Նահանգները կամ մեր դաշնակիցները հարձակման չեն ենթարկվել» ։

Բայդենի հոդվածից ակնհայտ է դառնում, որ թեև Միացյալ Նահանգները զորք չի տրամադրի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմելու համար, այնուամենայնիվ կտրամադրի և ներկայումս տրամադրում է զգալի օգնություն հետևյալ ուղղություններով.

• Զինամթերք: 2021 թ. հունվարից սկսած՝ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 10.6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն, որից 9.9 միլիարդը՝ այն պահից, երբ Ռուսաստանը պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ: 2014 թ. ի վեր Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 12.7 միլիարդ ԱՄՆ դոլար անվտանգության ոլորտին՝ վերապատրաստման և սպառազինության համար՝ օգնելու Ուկրաինային պահպանելու իր տարածքային ամբողջականությունը, ապահովելու իր սահմանային անվտանգությունը և բարելավելու ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ։
• Տնտեսական պատժամիջոցներ: 2021 թ. դեկտեմբերից սկսած՝ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանի ղեկավարությանը, որ Ուկրաինայի վրա նոր հարձակումը կհանգեցնի նոր խիստ պատժամիջոցների կիրառմանը: Բայդենի վարչակազմը 2022 թ. փետրվարի 21-ից կիրառել է ամբողջական արգելափակող պատժամիջոցներ (ներառյալ գործարքների սահմանափակումները և ԱՄՆ-ում գտնվող գույքի հասանելիության արգելափակումը) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, Անվտանգության խորհրդի և վարչակազմի անդամների, այդ թվում՝ արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարների ու զինված ուժերի ղեկավարի, Պետդումայի և նրա անդամների մեծ մասի, Ռուսաստանի վեց խոշորագույն բանկերի, ռուսական խոշոր արտադրողների և կազմակերպությունների, Կրեմլի հետ կապված Ռուսաստանի բիզնես էլիտայի անդամների (օլիգարխների) նկատմամբ և մի շարք այլ սահմանափակումներ ։
• Հումանիտար օգնություն: Միացյալ Նահանգները Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո՝ 5 ամսվա ընթացքում, Ուկրաինային տրամադրել է ավելի քան 1.45 միլիարդ ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն՝ Ուկրաինայում գտնվող մարդկանց և հարևան երկրներում ապաստանած փախստական ուկրաինացիների կարիքները հոգալու համար, որից մոտ 952 միլիոն ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով ։
• Դաշնակիցների ջանքերի միավորում: Ուկրաինական ճգնաժամի սկզբից ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի, Եվրամիության և իր մյուս գործընկերների հետ միասին մշտապես պահել է լիարժեք համագործակցության և գործողությունների համակարգման հստակ գիծը։ Դեռ ավելին՝ այս առումով նախագահ Բայդենը պարբերաբար շեշտում է «ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը» ՆԱՏՕ-ի ողջ հզորությամբ պաշտպանելու պատրաստակամության մասին : Պատժամիջոցներ սահմանելու առումով դաշնակիցները նույնպես դրսևորել են միասնականություն. ԵՄ-ն, Միացյալ Թագավորությունը, մի շարք ոչ ԵՄ երկրներ Եվրոպայում (ներառյալ Շվեյցարիան), Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը, ի թիվս այլոց, Ռուսաստանի նկատմամբ կիրառել են պատժամիջոցներ, որոնցից շատերը նույնական են կամ նման ԱՄՆ պատժամիջոցներին: Այլ գործընկերների հետ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները ստեղծել են աշխատանքային խումբ՝ ապահովելու պատժամիջոցների արդյունավետ կիրառումը։ 2022 թ. մարտին նախագահ Բայդենը պարտավորվել է օգնել ԵՄ-ին նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից։ Էներգետիկ անվտանգության հարցերով ԱՄՆ-ԵՄ նոր աշխատանքային խումբը պետք է կյանքի կոչի այս և այլ նպատակներ ։

Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարմանը, ապա Միացյալ Նահանգները տեսնում է խնդրի դիվանագիտական լուծում։ Այսպես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է. «Մենք գերադասում ենք դիվանագիտական ճանապարհը և խնդրի դիվանագիտական լուծումը» ։

Ուշադրության է արժանի նաև ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի (համարվում է 1970-ականներին ԽՍՀՄ-ի հետ լարվածության թուլացման և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կարգավորման ճարտարապետը) առաջարկը՝ հնչեցված 2022 թ. մայիսի վերջին Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Ըստ նրա՝ պատերազմի ավարտի լավագույն տարբերակը «ստատուս քվո անտե»-ին վերադարձն է, ինչը նշանակում է վերականգնել իրերի նախկին դրությունը: Քիսինջերի նշած «ստատուս քվո անտե»-ն վերաբերում է այն դրության վերականգնմանը, երբ Ռուսաստանը պաշտոնապես վերահսկում էր Ղրիմը և ոչ պաշտոնապես Ուկրաինայի արևելյան երկու շրջանները՝ Լուգանսկը և Դոնեցկը ։ Նա նշել է. «Այս պատերազմն ավարտելու համար լավագույն բաժանարար գիծը կլինի «ստատուս քվո անտե»-ն, ինչը նշանակում է երկրի 93 տոկոսը… Եթե մեկը «ստատուս քվո անտե»-ն նախանշում է որպես նպատակ, դա նշանակում է, թե (Ռուսաստանի) ագրեսիան չի հաջողվել: Այսպիսով՝ խոսքը փետրվարի 24-ին շփման գծի երկայնքով հրադադարի հաստատման մասին է։ Իսկ դեռևս Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը, որը կազմում է Ուկրաինայի տարածքի մոտ 2.5 %-ը Դոնբասում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում, կդառնա ընդհանուր բանակցությունների մաս» ։

Ճգնաժամի հանգուցալուծման հետևանքները վերահսկելի դարձնելու համար Քիսինջերն առաջարկեց Միացյալ Նահանգներին և Արևմուտքին չձգտել Ռուսաստանի համար ամոթալի պարտության Ուկրաինայում՝ զգուշացնելով, որ դա կարող է խաթարել Եվրոպայի երկարաժամկետ կայունությունը : Այս առաջարկին հաջորդած «Նյու Յորք Թայմս»-ում հրապարակված նախագահ Բայդենի հոդվածի նպատակների մեջ չկար Ռուսաստանի նկատմամբ որևէ սպառնալից ակնարկ։ Դրանք ուղղված էին միայն Ուկրաինայի կայունացմանը, այլ ոչ թե Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի թուլացմանը։

Այսպիսով՝ Ռուսաստանն այս պատերազմի միջոցով ցույց տվեց, որ թույլ չի տա ԱՄՆ-ին և իր արևմտյան գործընկերներին հաշվի չնստել իր շահերի հետ, հատկապես երբ դրանք ազգային անվտանգության սպառնալիք են դիտարկվում Ռուսաստանի կողմից, հակառակ պարագայում նա պատրաստ է դիմելու ուժի կիրառմանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջինս ուղիղ առճակատման չի գնա Ռուսաստանի հետ այս հարցում, և միջուկային գերտերությունների ուղիղ առճակատում տեղի չի ունենա։ Իր խոստմանը հավատարիմ՝ ԱՄՆ-ն կշարունակի ռազմապես աջակցել Ուկրաինային՝ չստիպելով նրան բանակցությունների համար գնալ տարածքային զիջումների` այնուամենայնիվ առաջնային կարևորություն տալով խնդրի բանակցային կարգավորմանը։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

«Դրօշակ» թիվ 9, 2022թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company