Թուրք-ադրբեջանական ընթացող զորավարժությունները Հայաստանին ճնշելու գործիք են
06 Դեկտեմբեր 2022
Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսեւորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրեւ թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը»,-ասաց նա:
Հարցին՝ իսկ ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, որը խոստանում էր փրկել Արցախը եւ Հայաստանը, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ Արցախը եւ Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի եւ միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ եւ դուրս գալ փողոց»: Նա նաեւ հավաստիացրեց, որ կլինեն նոր փողոցային ակցիաներ:
Երբ Փաշինյանն ասում էր, որ կա ընդամենը մի միջանցք, դա Լաչինի միջանցքն է, նա իր կամքից անկախ կամ գիտակցված համեմատության մեջ դնելով Լաչինի միջանցքը եւ այն ճանապարհը, որի մասին ինքը խոսել է Ալիեւի հետ եւ որի մասին նշված է նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտռուլյացիոն հայտարարության մեջ. նշեց Արթուր Խաչատրյանը:
«Հետեւաբար ինքն է հուշումը տվել Ալիեւին, որ եթե այստեղ ինչ-որ խնդիր ունես, ինձ էլ լծակ տուր, որ էս էստեղ ժողովրդին կարողանամ համոզել: Դա իմ ենթադրությունն է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, եւ քաղաքական հայտարարությունները, եւ թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հայաստանին ճնշելու գործիքներ են. «Այս իշխանություններին թվում է, որ զիջելով Արցախը կկարողանան փրկել Հայաստանը, բայց դա այդպես չէ, որովհետեւ Ադրբեջանը նպատակը միայն Արցախը չէ, այլ նախեւառաջ Սյունիքը, ապա նաեւ ամբողջ Հայաստանը»:
Արթուր Խաչատրյանը կանխատեսեց, որ ակնհայտորեն ճնշումները կմեծանան նաեւ Լաչինի միջանցքի հատվածում. «ՀՀ իշխանությունները, երբ ստորագրեցին նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը, նոյեմբերի 10-ից արդեն պետք է աշխատեին նոր Լաչինի միջանցքի կառուցման ուղղությամբ, ոչ թե ձեռքները ծալած նստեին: Չմոռանանք, որ դա միայն ճանապարհ չէ, այդտեղով է անցնում գազամուղը եւ էլեկտրականության գծերը, հեռախոսային եւ ինտերնետային կապը: Դրանք չտեղափոխցին եւ փաստորեն այդ լծակը տվեցին Ադրբեջանին»:
Նա նկատեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, իսկ որ պետք է լինի առանց մաքսակետի միջանցք, դա մեկնաբանություն է, որը ցանկալի կլիներ, որ իրականություն լիներ. «Եթե ՀՀ իշխանությունն ատամ ունենար, կկարողանայինք դրանից խուսափել, բայց տեսանք ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին, երբ փորձեցինք մեր հայտարարությունն անցկացնել: Միակ փաստաթուղթը, որտեղ կար «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, դա բյուջեի նախագիծն էր, հիմա այդտեղից եւս հանել են այդ արտահայտությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե այսօր ի՞նչ պետք է անի իշխանությունը, Խաչատրյանը պատասխանեց. «Պետք է հրաժարվեն ամեն անգամ Ադրբեջանի զիջումներին տրվելուց, կարողանան բանակը հզորացնել, ոչ թե ասել՝ փողը տվել ենք, զենքը չեն տվել, պետք է կարողանան մոբիլիզացնել միջազգային հանրությանը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Հայաստանը որեւէ գործուն աջակցություն չի ստանում»:
Նա նաեւ ընդգծեց, որ այն զենքը, որ Փաշինյանը գնել էր, մասնավորապես, ՍՈՒ-30 ինքնաթիռները, այդպես էլ պատերազմի ժամանակ մի րոպե անգամ չօգտագործվեցին. «Դրանից հետո էլ իր ասելով 100-ավոր միլիոններ տվել է, զենքերը չեն եկել: Հետեւաբար կռվել ենք այն զենքով, որը գնվել է նախկինում: Նախկինում կոնսերվի բանկաներով դիրքերը պահում էին, հիմա կոնսերվի բանկաները չկան, դիրքերն էլ չկան»:
