ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայկական պետականությունների անկումը հայ ազնվականության ոչնչացման հետևանք

20 Դեկտեմբեր 2022

Հայաստանի այսօրվա վիճակն ու բավականին մշուշոտ թվացող ապագան երբեմն հարց են առաջացնում, թե ինչու ենք հայտնվել նման իրավիճակում:

Պատասխաններից մեկն այն է, որ Հայաստանում ազնվականության փոքր շերտ կա. ազնվական ասելով նկատի չունենք միջնադարյան ընկալմամբ իշխանի կամ նախարարի ժառանգ կամ որևէ պաշտոնյա, այլ պետականության գաղափարը կրող, որպիսիք մերօրյա Հայաստանում, ցավոք, քիչ են:

Հայոց պատմության մեջ բազմաթիվ են ժամանակաշրջանները, երբ Հայաստանը թագավոր կամ թագավորական հարստություն (դինաստիա) չի ունեցել, բայց պահպանել է իր պետականությունն ու ինքնիշխանությունը: Դա եղել է ուժեղ ազնվականության (զինվորականություն, մտավորականներ, առաջադեմ հոգևորականներ) գոյության շնորհիվ: Օտար նվաճողների համար հասկանալի էր, որ քանի դեռ հայության մեջ գոյություն ունի պետականության գաղափարը կրող շերտը՝ ազնվականությունը, իրենք չեն կարող լիովին հնազանդեցնել Հայաստանը, և պատահական չէր, որ Անիի թագավորության անկումից հետո Բյուզանդիան ձեռնամուխ եղավ տարատեսակ միջոցներով հայկական պետականությունը վերացնելուն և քայլեր ձեռնարկեց հայ ազնվականությանը երկրից հեռացնելու ուղղությամբ:

Հայկական զորքերը ցիրուցան արվեցին, մի մասն էլ տարվեց տերության խորքերը: Թեև 11-րդ դարի կեսերին արդեն Բագրատունյաց թագավորությունը գոյություն չուներ, բայց Հայաստանի մի շարք վայրերում՝ Կարսում, Տաշիր-Ձորագետում, Սյունիքում, Արցախում, Տայքում, Սասունում և Սպեր-Բաբերդում, շարունակում էին պահպանվել հայկական իշխանությունները, որոնք ձգտում էին վերականգնելու կենտրոնացված հայկական պետականությունը, ինչը խոչընդոտում էին նախ Բյուզանդիան, ապա՝ սելջուկ-թյուրքերն ու մոնղոլները, որոնք էլ ձեռնամուխ եղան հայ ազնվականության բնաջնջմանը. «….Որ նվաճողն արշավում էր Հայաստան` առաջին գործը համարում էր ազնվականությանը բնաջնջելը. այդպես են վարվել թե արաբները, թե պարսիկները, թե թուրքերը: Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության վրա»1: Պետականության գաղափարը կրող շերտի վերացմամբ Հայաստանը հայտնվեց ծանր վիճակում. զրկված լինելով ազնվականությունից՝ երկիրը մխրճվեց քոչվորական խավարի մեջ ու ընկավ հետադիմության գիրկը: Այդ առումով «….ամենասև գործը կատարեցին մոնղոլները, ինչից հետո՝ 12-13-րդ դարերում, մեր պատմության ամենաողբերգական շրջանն սկսվեց: Վերացավ երկրի տերը»2:

Զաքարյան իշխանապետության վերացումն ու մոնղոլական տիրապետությունը ավելի մեծ աղետի առաջ կանգնեցրին հայ ժողովրդին. նրա մտածող, առաջնորդող ու ղեկավարող շրջանակները կազմակերպված ձևով վերացվեցին, իրենց դիրքերը հիմնականում պահպանեցին Օրբելյանները Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում (ահա այն հարցի պատասխանը, թե ինչու է պետականության գաղափարը կրող շերտը պահպանվել հիմնականում Սյունիքում և Արցախում, և ինչից էր, որ Հայաստանի նորագույն պետականության ստեղծման գործում մեծ էր արցախցի ու սյունեցի գործիչների դերը): Օտար տիրապետության հաստատումը հանգեցրեց հայ ազնվականների ժառանգական տիրույթների (այլ կերպ ասած՝ հողային սեփականության իրավունքի) կորստին, նրանց թուլացմանն ու աստիճանաբար պատմության ասպարեզից հեռանալուն և, դրանով պայմանավորված, նաև հայրենիքի գաղափարի թուլացմանը, որից էլ պետք է բխեին մեր ժողովրդի հետագա դարերի տառապանքներն ու դժբախտությունները: Շատ չխորանալով հայոց պատմության ամենաաղետալի շրջանի մանրամասնությունների մեջ՝ նշենք միայն, որ հայ ազնվականության, ասել է թե՝ պետականության գաղափարը կրող շերտի բնաջնջումը հանգեցրեց նրան, որ ավելի քան 600 տարի հայ ժողովուրդը մի կերպ պահպանեց իր գոյությունը օտար նվաճողների լծի տակ, ստրկական պայմաններում՝ զրկված մարդկային ամեն տեսակի իրավունքներից:

Հայ ազնվականություն (թեև փոքրաթիվ) սկսեց ձևավորվել շատ ավելի ուշ շրջանում արտաքին գործոնների ազդեցությամբ: Արևմտահայ միջավայրում իրավիճակ փոխելու և ազգային ազնվականություն (էլիտա) ձևավորելու գործում առաջին քայլերը կատարեցին եվրոպական բուհերում ուսանած մի քանի հայ երիտասարդներ՝ Նահապետ Ռուսինյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Նիկողայոս Պալյանը և Գրիգոր Օտյանը, որոնք «Ազգային սահմանադրության» հեղինակներն էին: Այդ գործում մեծ դեր կատարեցին Մկրտիչ Խրիմյանն ու «Արմենիա» թերթի խմբագիր Մկրտիչ Փորթուգալյանը: «Հին և միջնադարյան հայկական պետականությունն իր փառահեղ ավանդույթներով լիովին ոչնչացված էր: Հայությունը մուտք էր գործել նոր դարաշրջան՝ առանց պետական համակարգերի և մտածողության…. Անհրաժեշտ էր ամեն բան սկսել զրոյից….»3: Այս ծանր ու բարդ գործին պետք է լծվեին ազգային-քաղաքական կուսակցությունները, որոնք մի կողմից պետք է պաշտպանեին հայության (հատկապես՝ արևմտահայության) տարրական մարդկային իրավունքները, մյուս կողմից՝ կրթալուսավորական գործունեությամբ փորձեին ձևավորել պետականության գաղափարը կրող ստվար շերտ, որի շնորհիվ էլ հնարավոր կլիներ հասնել ազգային ինքնավարության, ապա՝ անկախության: Այս գործում գերծանր պայմաններում մեծ աշխատանք կատարեցին հատկապես դաշնակցական մտավորականներն ու զինվորական գործիչները թե՛ արևմտահայության, թե՛ արևելահայության շրջանում: Տասնամյակներ տևած մաքառումների ու վայրիվերումների գնով ի վերջո ձևավորվեց հայ ազնվականությունը, որն իր ուսերին պետք է տաներ ազգային-ազատագրական պայքարի ողջ ծանրությունը: Դանդաղ ոչնչացվող արևմտահայությանը փրկելու և նրա «տնտեսական ու քաղաքական ազատագրումը» գլուխ բերելու համար ազնվականների այդ փաղանգը հուսահատ պայքարի էր նետվե՝ շատ հաճախ ոչ միայն պայքարելով թուրքական ու ռուսական կայսրությունների հայավնաս քաղաքականության դեմ, այլև ստիպված լինելով դիմակայել Հայկական հարցի առնչությամբ երկդիմի քաղաքականություն որդեգրած մեծ տերություններին:

Նոր ձևավորվող հայ ազնվականական շերտի համար ճակատագրական էր հայության մեծ ողբերգության տարին՝ 1915 թվականը: Պանթյուրքիզմի ճանապարհին սեպի պես խրված հայությանը վերջնականապես բնաջնջելու համար երիտթուրք ոճրագործները նախ պետք է հայությանը զրկեին իր ազնվական շերտից՝ ռազմական ու քաղաքական առաջնորդներից, որոնք կարող էին կազմակերպել և առաջնորդել նրան. «Ապրիլ 11-ին (նոր տոմարով՝ 24-ին – Ա. Մ.) զանգւածօրէն ձերբակալւելով՝ դէպի մահ քշւեց Պոլսահայ մտաւորականութիւնը»4: Փաստորեն, հերթական անգամ կանխամտածված կերպով թշնամին հայությանը զրկեց ազնվականական շերտից, և արևմտահայությունը մնաց առանց կազմակերպող ու ղեկավարող ուժի: Իսկ այնտեղ, որտեղ ազնվականական շերտը կարողացել էր խույս տալ ձերբակալությունից, ինքնապաշտպանական մարտեր կազմակերպվեցին, և հիմնականում բնակչության կոտորած տեղի չունեցավ, ինչի լավագույն օրինակը Վանն էր, որտեղ Արամ Մանուկյանն ու Արմենակ Եկարյանը պետական գործչի փայլուն որակներ դրսևորեցին: Գոյությունը պահպանած սակավաթիվ ազնվականությունը, խույս տալով բազմաթիվ դավադրություններից, երկարատև մաքառումներից հետո Արամ Մանուկյանի առաջնորդությամբ պետք է ծնունդ տար հայկական պետականությանը. 600-ամյա փլատակների վրա այդ փոքրաթիվ ազնվականական փաղանգը «անձև քաոսից» պիտի կերտեր իր մտապատկերում վաղուց ստեղծված հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, և նաև պետականության գաղափարի ամրապնդման նպատակով ընդուներ Անկախ և Միացյալ Հայաստանի մասին հռչակագիրը, որը հետագայում պետք է նրա ուխտը դառնար: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ չունեցավ ազնվականության լայն շերտ ձևավորելու, քանի որ պետականության գաղափարից զուրկ օտարամոլ ծառայամիտները՝ հայ բոլշևիկները, ձեռք ձեռքի տալով ռուս բոլշևիկների և թուրքերի հետ, պետք է կործանեին Հայաստանի նորանկախ պետականությունը. «Հայ բոլշևիկները մեկ նպատակ էին հետապնդում՝ ինչ գնով էլ լինի վարկաբեկել ու տապալել Հայաստանի վարիչներին, ձեռք ձգել Հայաստանի իշխանությունը: Եվ այդ նպատակին հասնելու համար նրանք միջոցների մեջ խտրություն չէին դնում, փույթ չէ, թե դրանից մահացու վնաս կստանային Հայաստանն ու հայ ժողովուրդը»5: Արդեն նշել ենք, որ «մեր երկիրը նվաճած բոլոր ուժերը նախ և առաջ ցանկանում էին ազատվել ազնվականությունից, ոչնչացնել կամ իրավազրկել այդ խավը»6, և ամենևին էլ պատահական չէր, որ Հայաստանի պետականության անկումից հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարները ձեռնամուխ եղան հայ ազնվականության ոչնչացմանը. նրա մի մասը տարագրվեց՝ դառնալով քաղաքական վտարանդի, իսկ մյուս մասը սպանվեց կամ տանջամահ արվեց խորհրդային բանտերում. «1923-1928 թթ. հանուն Հայաստանի անկախության մարտնչած մոտ 1500 սպա արտաքսվել, գնդակահարվել և կացնահարվել է:

…Մովսես Սիլիկյան, Թովմաս Նազարբեկյան, Աթարբեկ Բեյ Մամիկոնյան, Վարդան Թելլալյան, Մակեդոն Օհանջանյան, Սերգեյ Մելիք-Յոլչյան, Համազասպ Սրվանձտյան, Հրանտ Տեր Մարգարյան, Լևոն Ենգիբարյան…

Սպաներին որոշվեց «յուրահատուկ» ձևով սպանել՝ կացնահարել»7: Հայ ազնվականությանը բնաջնջելու քոչվորական տրամաբանության մեջ էին մտնում նաև Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ հայրենադարձված Հովհաննես Քաջազնունու նկատմամբ բռնաճնշում
ները, որոնց համար յուրահատուկ ազդակ հանդիսացավ 1931 թ․ մայիսին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված Աղասի Խանջյանի հոդվածը, որում վերջինս Քաջազնունու մասին գրում էր.

«….Քաղաքացի Քաջազնունին կասկածում է, որ ինտերվենցիոնիստների շարքերում «կարող է գտնվել մի հայ մարդ»: Կարիք կա՞ ասելու, որ երկմտել այն փաստի վերաբերմամբ, թե Դաշնակցությունն ինտերվենցիան պատրաստողների առաջին շարքերում է, նշանակում է կամա թե ակամա կատարել Դաշնակցության՝ հակախորհրդային ինտերվենցիայի կազմակերպման այդ ջերմ գործակցի դավերն ու ոտնձգությունները….»8: Քաջազնունին, լինելով Հայաստանի Հանրապետության երբեմնի վարչապետը, ընկալվում էր որպես հայկական պետականության գաղափարի կրող և այդ գաղափարը կրող քաղաքական ուժի երբեմնի անդամ, ուստի ժողովրդի մեջ Հայաստանի անկախ պետականության մասին հուշերը սպանելու համար պետք էր «չեզոքացնել» նրան, և ահա՛ «Խորհրդային Հայաստան» թերթի 1931 թ. մայիսի 23-ի համարում կարդում ենք.«….քաղաքացի Քաջազնունին ճիգ էր թափում վիճարկել ընկ. Ա. Խանջյանի հոդվածը այն մասին, որ Քաջազնունու դիրքերը երկդիմի են, որ նա կոծկում է Դաշնակցության, որպես հակախորհրդային ինտերվենցիայի պատրաստման գործակցի դերը»9:

Մեկ այլ ելույթում նույն Խանջյանը Քաջազնունուն այլ մեղադրանք է ներկայացնում.

«….Նա և նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտվել շինարարության սոցիալիստական իմաստի ու բովանդակության հետ, շարունակելով զարդարված մնալ սոսկ լոյալության փետուրներով»10:

Չխորանալով մանրամասների մեջ՝ ասենք միայն, որ Քաջազնունու մասին հետագա տարիներին էլ չմոռացան, և 1937 թ․ հուլիսի 29-ին նա ձերբակալվեց: Դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակը «….մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ»11: Սակայն առողջական վիճակի հետագա վատթարացման հետևանքով (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) նախկին վարչապետը մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին՝ 70 տարեկան հասակում։

Հայկական պետականության գաղափարը կրող մտավորականության բնաջնջումը շարունակվեց նաև խորհրդային հետագա տասնամյակների ընթացքում, բայց, չնայած դրան, հայրենադարձների և «երկաթե վարագույրից» այն կողմ՝ արտերկիր անցնելու թույլտվություն ունեցող մտավորականների՝ գաղտնի Հայաստան բերած արգելված գրականության շնորհիվ ընդհատակյա պայմաններում ձևավորվեց ազնվականության՝ ազգային պետականության գաղափարը կրողների մի նոր շերտ, որն իր գոյության մասին ազդարարեց 1965 թ․՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ժամանակ, իսկ հետո՝ 1988 թ․ փետրվարից սկսած, երբ սկսվեց Արցախյան շարժումը, այդ շերտն էր, որ իր ուսերին տարավ արցախյան պատերազմի ողջ ընթացքը. «….1990-94 թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողները»12, նրանց շնորհիվ էր, որ վերականգնվեց Հայաստանի պետականությունը, թեև 1990-ականներին իշխանության օղակներում հայտնվեցին մարդիկ, որոնք, դժվար է ասել, որ որևէ կապ ունեին ազգային պետականության գաղափարի հետ: Դրա հետևանքով պետականաշինության ուղին սխալ գծվեց, հետագա տարիներին էլ պատշաճ ուշադրություն չդարձվեց ազնվականության (ազգային էլիտա) ձևավորման խնդրին, և ի վերջո «թավշյա հեղափոխության» հետևանքով դարձյալ սխալ մարդիկ հայտնվեցին պետության կառավարման օղակներում ու սկսեցին վարել հայ ազնվականությանը բնաջնջելու մեզ արդեն ծանոթ քաղաքականությունը, ինչի ականատեսն ենք մենք 2020 թվականից առ այսօր:

Կարող է հարց առաջանալ. ունե՞նք այսօր ազնվականություն, և ի՞նչ անել, որպեսզի նրա շարքերը ստվարանան: Ազնվականություն այսօր, թեև փոքրաթիվ կազմով, բայց ունենք, կա մի շերտ, որն ազգային պետականության գաղափարի կրողն է, այդ պետականության պահպանման համար պայքարից չվախեցողը, և Հայաստանի հետագա իշխանություններից պահանջվում է ստվարացնել այդ ազնվականության շարքերը, աճեցնել պետականության գաղափարները կրող՝ երկրի տերերի՝ ապահովելու Հայաստանի՝ որպես պետության հետագա գոյությունը, քանզի «ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում»13: Մեզ երկրի տերեր են պետք, ոչ թե մշտապես օտարներին հպատակվելու պատրաստ ծառաներ, որովհետև «Հոգիով սնանկներն են, որ կրնան լքել անկախութեան գաղափարը….»14: Հոգով սնանկները չեն կարող հայրենիք ու պետություն պահել, ուստի որքան արագ նրանք հեռանան պետության կառավարման ղեկից, այնքան արագ հնարավոր կլինի փոքրաթիվ ազնվականներով նորից «անձև քաոսից» պետություն կերտել և ձեռնամուխ լինել Հայաստանի բնակչության շրջանում ազնվականական շերտի (պետականության գաղափարը կրող խավի) ստվարացմանն ու բյուրեղացմանը, որն էլ իր՝ ազդեցիկ գործոն դառնալու շնորհիվ կապահովի Հայաստանի հետագա գոյությունն ու վերելքը:

Հղումներ

1. Մովսիսյան Ա., Հայոց պետականության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից, https://livenews.am/press/2021/100688/10/18/04/ (մուտք՝ 19.11.2022):
2. Նույն տեղում:
3. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, Եր., 2016, էջ 64:
4. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Բ. տպ., Բէյրութ, 1958, էջ 12:
5. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, Եր., 2022, էջ 71:
6. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, էջ 64:
7. https://evnreport.com/arm/raw-unfiltered-arm/eclipse-am/ (մուտք՝ 19.11.2022):
8. «Հ.Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը», փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ.՝ Վ. Ղազախեցյան, Եր., 1999, էջ 256:
9. Նույն տեղում:
10. Նույն տեղում, էջ 258:
11. «Հովհաննես Քաջազնունու մեծ ողբերգությունը: Մաս երկրորդ։ Ստալինյան բռնաճնշումներից մինչև արդարացում (փաստաթղթեր)», https://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/16-%D4%B1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE-2017-1.pdf (մուտք՝ 19.11.2022):
12. Մովսիսյան Ա., Հայոց պետականության անկումն սկսվեց ազնվականության ոչնչացումից, https://livenews.am/press/2021/100688/10/18/04/:
13. Նույն տեղում:
14. Ռուբէն Դարբինեան. «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», http://www.aniarc.am/2015/12/03/ruben-darbinian-last-part/ (մուտք՝ 19.11.2022):

Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ

ա) Գրականություն

1. «Հ.Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը», փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ.՝ Վ. Ղազախեցյան, Եր., 1999:
2. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, Եր., 2016:
3. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, Եր., 2022:
4. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Բ. տպ., Բէյրութ, 1958:

բ) Համացանցային նյութեր

1. https://livenews.am/press/2021/100688/10/18/04/.
2. https://evnreport.com/arm/raw-unfiltered-arm/eclipse-am/.
3. https://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/16-%D4%B1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE-2017-1.pdf.
4. http://www.aniarc.am/2015/12/03/ruben-darbinian-last-part/.

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 12, 2022թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company