Ադրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը
25 Հունվար 2023
Արցախում 120 հազար հայեր գոյատևման պայքար են մղում զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, առանց ջերմության, սննդի և դեղորայքի՝ բնապահպաններ ձևացող էկո-ահաբեկիչների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Սակայն, Ադրբեջանը չի խուսափելու իր մարդու իրավունքների լուրջ խախտումներից՝ առանց բարձր գին վճարելու։
Ադրբեջանը ծաղրի առարկա է դարձել ամբողջ աշխարհում։ Գրեթե բոլոր կառավարությունները, բացի Էրդողանի բռնապետությունից, դատապարտել են Արցախի անմարդկային շրջափակումը։
Միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննադատել են Ադրբեջանի կառավարությանը՝ Արցախի Հանրապետության բնակչությանը շրջափակելու համար։
Աշխարհի հազարավոր թերթեր և հեռուստաընկերություններ խիստ հարձակման են ենթարկել Ադրբեջանը։
Բազմաթիվ քաղաքական գործիչներ, հայտնի անձնավորություններ և խորհրդարաններ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Այսպիսով, միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանը որպես կաշառք վճարել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում դրական գովազդ ստանալու համար, վատնվել է:
Միջազգային իրավունքի անթիվ խախտումներից հետո բոլորը տեղեկացել են Ադրբեջանի բռնապետական վարչակարգի մասին։
Այսուհետև ոչ մի երկիր Հայաստանին չի հորդորի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով նրա ցեղասպանական գործողությունները։ Բացի ժողովրդի բացահայտ սպանությունից, ՄԱԿ-ը ցեղասպանությունը սահմանում է նաև որպես «միտումնավոր ստեղծում խմբի կենսապայմաններ, որոնք հաշվարկված են դրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»։
Ցանկացած հակամարտության երկու կողմերը պետք է ձգտեն խաղաղության։ Երբ Ադրբեջանը վճռել է կործանել Արցախն ու Հայաստանը, ինչպե՞ս կարող է որևէ մեկն ակնկալել խաղաղ համակեցություն նման մարդասպան հարևանի հետ:
Նախագահ Ալիևը վարկաբեկեց իր իսկ պնդումը, որ արցախահայերը կարող են երջանիկ ապրել ադրբեջանական իշխանության ներքո, ինչպես Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Քանի որ ադրբեջանցիներն իրենք իսկ զրկված են իրենց տարրական իրավունքներից, ինչպե՞ս կարող է արցախահայությունը օգտվել որևէ իրավունքից։ Արցախահայերի համար անհնար է ապրել Ադրբեջանում, որի իշխանությունը սովի է մատնում իր «ապագա» քաղաքացիներին։
Ալիևը չի թաքցնում իր նենգ մտադրությունը։ Նա պարբերաբար հայատյաց հայտարարություններ է անում՝ պնդելով, որ Արցախից բացի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է պատմական Ադրբեջան։ Իհարկե, սա ծիծաղելի հայտարարություն է, քանի որ Հայաստանը գոյություն ունի հազարավոր տարիներ, իսկ Ադրբեջանը հազիվ հարյուր տարեկանն անց է:
Ադրբեջանցի կեղծ բնապահպանները երբեք չեն բողոքել սեփական երկրում օդի խիստ աղտոտվածության դեմ։ Նրանք նաև անտեսեցին ադրբեջանական զինուժի կողմից միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆորի օգտագործումը 2020 թվականի պատերազմի ժամանակ, որը ոչնչացրեց անտառները, մարդկանց և այլ արարածներ Արցախում:
Այսպես կոչված ադրբեջանցի ցուցարարներից շատերը, որոնք արգելափակել են Լաչինի միջանցքը, ադրբեջանցի զինվորականներ են: Ոչ մի ադրբեջանցի իրավունք չունի մուտք գործել Արցախի բռնազավթված տարածքներ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության։ Հատկապես ծիծաղելի է ադրբեջանցի կին ցուցարարը, որը ջրաքիսի վերարկու հագած, ներկայանում էր որպես բնապահպան…
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր հերքել, որ ադրբեջանցիները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ ցուցադրելով տեսագրությունները Միջազգային Կարմիր Խաչի մի քանի մեքենաների և ռուս խաղաղապահների բեռնատարների, որոնք անցնում են միջանցքով։ Պաշարների փոքր քանակությունը, որը թույլատրվում է բերել Արցախ, չնչին տոկոսն է նախկինում Հայաստանից Արցախ օրական առաքվող 400 տոննա պաշարների մեջ։
Արցախի անփորձ ղեկավարները թույլ տվեցին աններելի սխալներ՝ վնասելով իրենց սեփական շահերին։ Արցախի կառավարությունն անխոհեմ որոշում կայացրեց փակել իրենց հանքերը՝ ի պատասխան դրանք ստուգելու ադրբեջանական պահանջների։ Այսպիսով, Արցախի կառավարությունը զրկվեց այս հանքերից ստացած հարկային մեծ եկամուտներից և արցախցի հարյուրավոր հանքագործների թողեց առանց աշխատանքի ու եկամուտների։ Ավելին, փոխանակ Ադրբեջանին ասելու, որ իրենք գործ չունեն Արցախի հանքերի հետ, Արցախի կառավարությունը հայտարարեց, որ թույլ կտա միջազգային տեսուչներին գալ և ստուգել հանքերը։
Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի թույլ տված մյուս սխալը նրա հայտարարությունն էր, թե հայ ավազակները փող են աշխատում՝ օգտագործելով Լաչինի միջանցքը շրջանցող կողմնակի ճանապարհները՝ մաքսանենգությամբ մարդկանց ու ապրանքներ տեղափոխելու Արցախ և այնտեղից դուրս բերելու համար։ Այս անտեղի հայտարարությունն անմիջապես տարածվեց ադրբեջանական լրատվամիջոցներով, որոնք հրապարակեցին Արցախ հասնելու այլընտրանքային երթուղու քարտեզը՝ սպառնալով ռմբակոծել այդ ճանապարհը և աշխարհին ասելով, որ Արցախի շրջափակում չկա։
Բացի Ադրբեջանից, Լաչինի միջանցքի շրջափակման համար մեղավոր է նաև Ռուսաստանը, քանի որ նա է պատասխանատու միջանցքը բաց պահելու համար՝ համաձայն 2020 թվականի պատերազմի ավարտին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ստորագրած համաձայնագրի։ Ռուս խաղաղապահները չպետք է թույլ տային, որ ադրբեջանական խուժանը հասներ միջանցք, ուր մնաց փակեր այն։ Ավելին, 120 հազար արցախահայերը դանդաղ սովամահ լինելու փոխարեն պետք է բռնի ուժով հեռացնեին ադրբեջանական ամբոխին ու բացեին միջանցքը։
Շրջափակման պատասխանատվության իր բաժինն ունի Հայաստանի իշխանությունը։ Արցախի ղեկավարներին ասելով, որ իրենց վեճը լուծելու համար ուղղակիորեն գործ ունենան Ադրբեջանի հետ, Հայաստանի ղեկավարները լվացել են իրենց ձեռքերը Արցախից՝ Արցախին միայնակ թողնելով դիմակայելու ադրբեջանական հզոր թշնամուն, թեև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ինքն է Արցախի անվտանգության երաշխավորը։
Ի վերջո, սփյուռքահայ համայնքները, խաղաղ ցույցեր անելու փոխարեն, պետք է շրջապատեն Ադրբեջանի հյուպատոսություններն ու դեսպանատներն ամբողջ աշխարհում՝ թույլ չտալով ադրբեջանցիներին ելումուտ անել այդ շենքեր, ինչպես որ նրանք են արգելափակել Լաչինի միջանցքը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)

Ատրպէյճանցիները Կը Կրակեն Իրենց Ոտքին՝ Շրջափակելով Լաչինի Միջանցքը
Արցախի մէջ 120 հազար հայեր գոյատեւման պայքար կը մղեն զերոյէն ցած ջերմաստիճանի պայմաններու մէջ, առանց ջերմութեան, սնունդի եւ դեղորայքի՝ բնապահպաններ ձեւացող էքօ-ահաբեկիչներու կողմէ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Սակայն, Ատրպէյճան պիտի չխուսափի մարդկային իրաւունքներու կապուած լուրջ խախտումներէն, առանց բարձր գին վճարելու։
Ատրպէյճան ծաղրի առարկայ դարձած է ամբողջ աշխարհին։ Գրեթէ բոլոր կառավարութիւնները, բացի Էրտողանի բռնապետութենէն, դատապարտած են Ատրպէյճանի կողմէ Արցախի անմարդկային շրջափակումը։
Միջազգային կազմակերպութիւնները, օրինակ՝ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդը, Եւրոպական խորհրդարանը, Եւրոպայի խորհուրդը, Եւրոպական միութիւնը եւ Մարդկային իրաւունքներու եւրոպական դատարանը, քննադատած են Ատրպէյճանի կառավարութիւնը՝ Արցախի Հանրապետութեան բնակչութիւնը շրջափակելուն համար։
Աշխարհի հազարաւոր թերթեր եւ հեռատեսիլային ընկերութիւններ խիստ յարձակման ենթարկած են Ատրպէյճանը։
Քաղաքական բազմաթիւ գործիչներ, յայտնի անձնաւորութիւններ եւ խորհրդարաններ կոչ ըրած են Ատրպէյճանին՝ անյապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Այսպիսով, միլիառաւոր այն տոլարները, զորս Ատրպէյճան իբրեւ կաշառք վճարած է Եւրոպայի եւ ամբողջ աշխարհի մէջ, որպէսզի ստանայ դրական գնահատանք, վատնուած է:
Միջազգային իրաւունքի անթիւ խախտումներէ ետք, բոլորը տեղեկացած են Ատրպէյճանի բռնապետական վարչակարգի մասին։
Այսուհետեւ, ոչ մէկ երկիր պիտի յորդորէ Հայաստանը խաղաղութեան պայմանագիր կնքել Ատրպէյճանի հետ, հաշուի առնելով վերջինիս ցեղասպանական գործողութիւնները։ Բացի ժողովուրդին բացայայտ սպաննութենէն, ՄԱԿ Ցեղասպանութիւնը կը սահմանէ նաեւ իբրեւ «կենսապայմաններու միտումնաւոր ստեղծում խումբի մը, անոր ֆիզիքական ամբողջական կամ մասնակի ոչնչացման համար»։
Որեւէ հակամարտութեան մը երկու կողմերը պէտք է որ ձգտին խաղաղութեան։ Երբ Ատրպէյճան վճռած է կործանել Արցախն ու Հայաստանը, ինչպէ՞ս կրնայ մէկը ակնկալել խաղաղ համակեցութիւն, այսպիսի մարդասպան դրացիի մը հետ:
Նախագահ Ալիեւ վարկաբեկեց իր իսկ պնդումը, որ արցախահայերը կրնան երջանիկ ապրիլ ատրպէյճանական իշխանութեան տակ, ինչպէս Ատրպէյճանի միւս բոլոր քաղաքացիները։ Քանի որ ատրպէյճանցիները իրենք իսկ զրկուած են իրենց տարրական իրաւունքներէն, ինչպէ՞ս կրնայ արցախահայութիւնը օգտուիլ որեւէ իրաւունքէ։ Արցախահայերուն համար անկարելի է ապրիլ Ատրպէյճանի մէջ, որուն իշխանութիւնը սովի կը մատնէ իր «ապագայ» քաղաքացիները։
Ալիեւ չի թաքցներ իր նենգ մտադրութիւնը։ Ան պարբերաբար հայատեաց յայտարարութիւններ կ՛ընէ՝ պնդելով, որ Արցախէն բացի, ամբողջ Հայաստանի Հանրապետութիւնը պատմական Ատրպէյճան է։ Ի հարկէ, ասիկա ծիծաղելի յայտարարութիւն է, քանի որ Հայաստան գոյութիւն ունի հազարաւոր տարիներէ ի վեր, իսկ Ատրպէյճան հազիւ հարիւր տարեկանը անց պետութիւն է:
Ատրպէյճանցի կեղծ բնապահպանները երբեք չեն բողոքած սեփական երկրի մէջ օդի խիստ ապականութեան դէմ։ Անոնք նաեւ անտեսեցին ատրպէյճանական զինուժի կողմէ միջազգայնօրէն արգիլուած սպիտակ ֆոսֆորի օգտագործումը 2020 թուականի պատերազմի ժամանակ. բան մը, որ Արցախի մէջ ոչնչացուց անտառներ, մարդիկ եւ այլ արարածներ:
Այսպէս կոչուած՝ ատրպէյճանցի ցուցարարներէն շատեր, որոնք արգելափակած են Լաչինի միջանցքը, ատրպէյճանցի զինուորականներ են: Ոչ մէկ ատրպէյճանցի իրաւունք ունի մուտք գործելու Արցախի բռնագրաւուած տարածքներ, առանց Ատրպէյճանի կառավարութեան թոյլտուութեան։ Յատկապէս ծիծաղելի է ատրպէյճանցի կին ցուցարարը, որ ջրաքիսի վերարկու հագած, կը ներկայանար իբրեւ բնապահպան…
Միեւնոյն ժամանակ, Ատրպէյճանի կառավարութիւնը կը շարունակէր հերքել, որ ատրպէյճանցիները շրջափակած են Լաչինի միջանցքը՝ ցուցադրելով տեսագրութիւնները Միջազգային Կարմիր Խաչի քանի մը մեքենաներու եւ ռուս խաղաղապահներու բեռնատարներու, որոնք կ՛անցնին միջանցքով։ Պաշարներու այն փոքր քանակութիւնը, զոր կը թոյլատրուի բերել Արցախ, չնչին տոկոսը կը կազմէ՝ նախապէս, Հայաստանէն Արցախ օրական դրութեամբ առաքուող 400 թոննոց պաշարներուն բաղդատած։
Արցախի անփորձ ղեկավարները թոյլ տուին աններելի սխալներ՝ վնասելով իրենց սեփական շահերուն։ Արցախի կառավարութիւնը անխոհեմ որոշում կայացուց փակելով իր հանքերը՝ ի պատասխան զանոնք ստուգելու ատրպէյճանական պահանջներուն։ Այսպիսով, Արցախի կառավարութիւնը զրկուեցաւ այս հանքերէն ստացած հարկային մեծ եկամուտներէն եւ արցախցի հարիւրաւոր հանքագործները ձգեց առանց աշխատանքի ու եկամուտներու։ Աւելին, փոխանակ Ատրպէյճանին ըսելու, որ իրենք գործ չունին Արցախի հանքերուն հետ, Արցախի կառավարութիւնը յայտարարեց, որ թոյլ կու տայ միջազգային տեսուչներուն՝ գալ եւ ստուգել հանքերը։
Արցախի բարձրաստիճան պաշտօնեայի մը թոյլ տուած միւս սխալը՝ անոր յայտարարութիւնն էր, թէ հայ աւազակները դրամ կը շահին՝ օգտագործելով Լաչինի միջանցքը շրջանցող կողմնակի ճամբաները՝ մաքսանենգութեամբ մարդիկ եւ ապրանքներ տեղափոխելու համար Արցախ եւ հոնկէ դուրս բերելու համար։ Այս անտեղի յայտարարութիւնը անմիջապէս տարածուեցաւ ատրպէյճանական լրատուական միջոցներով, որոնք հրապարակեցին Արցախ հասնելու այլընտրանքային երթուղիին քարտէսը՝ սպառնալով ռմբակոծել այդ ճամբան եւ աշխարհին ըսելով, թէ Արցախի շրջափակում չկայ։
Բացի Ատրպէյճանէն, Լաչինի միջանցքի շրջափակման համար մեղաւոր է նաեւ Ռուսիան, քանի որ պատասխանատուն ի՛նքն է միջանցքը բաց պահելու, ըստ 2020-ի պատերազմի աւարտին Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսիոյ ստորագրած համաձայնագիրին։ Ռուս խաղաղապահները պէտք չէ թոյլ տային, որ ատրպէյճանական խուժանը հասնէր միջանցք, ո՜ւր մնաց որ փակէր զայն։ Աւելին, 120 հազար արցախահայերը դանդաղ սովամահ ըլլալու փոխարէն, պէտք է որ բռնի ուժով հեռացնէին ատրպէյճանական ամբոխը եւ բանային միջանցքը։
Շրջափակման պատասխանատուութեան իր բաժինը ունի Հայաստանի իշխանութիւնը։ Արցախի ղեկավարներուն ըսելով այն, որ իրենց վէճը լուծելու համար թող ուղղակիօրէն գործ ունենան Ատրպէյճանի հետ, Հայաստանի ղեկավարները լուացած են իրենց ձեռքերը Արցախէն՝ ատրպէյճանական հզօր թշնամին դիմակայելու մէջ Արցախը ձգելով միսմինակ, թէեւ Հայաստան բազմիցս յայտարարած է, որ ինքն է Արցախի ապահովութեան երաշխաւորը։
Ի վերջոյ, սփիւռքահայ համայնքները խաղաղ ցոյցեր ընելու փոխարէն, պէտք է շրջապատեն Ատրպէյճանի հիւպատոսութիւններն ու դեսպանատուները ամբողջ աշխարհի տարածքին՝ թոյլ չտալով ատրպէյճանցիներուն՝ ելեւմուտք ունենալ այդ շէնքերը, ինչպէս որ իրենք արգելափակած են Լաչինի միջանցքը։
Յարութ Սասունեան
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ
Արեւելահայերէնի թարգմանեց՝ Ռուզաննա Աւագեան
Արեւմտահայերէնի վերածեց՝ Սեդա Գրիգորեան
