Իշխանությունը ասում է Բաքվին, թե մենք պայքարելու են այն անձանց դեմ, որոնք ցավ են պատճառել ձեզ
21 Փետրվար 2023
Բոլոր տիպի քաղաքական հետապնդումները պետք է ինչ-որ ձեւով իրավական փաթեթավորում ստանան. ցավոք սրտի, մեր երկրում որդեգրվել է ավելի շատ քրեաիրավական փաթեթավորումը, ք ան թե վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական. փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Բոլոր գործերում, որոնցով անցնում են ռազմական, պետական, քաղաքական գործիչները, ներկայացվող մեղադրանքը այնքան անխոցելի պետք է լինեն, որ քաղաքացիների մոտ ակնհայտ լինի, թե դա մաքուր իրավական գործընթաց է: Մինչդեռ մենք ականատես ենք եղել, որ քաղաքական ղեկավարությունը, տարբեր պաշտոնյաների միջոցով ձեւակերպումներ է տվել, ըստ էության, քրեական հանցակազմի մեջ մեղադրելով քաղաքական, ռազմական տարբեր գործիչների: Ակնհայտ է, որ դա գործարք է»,-ասաց նա:
Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործին, Մինասյանն ասաց. «Այսպես կոչված Արմաշի տարածքների օտարման գործարքները մաքուր քաղաքացիաիրավական հարաբերություններ են, այստեղ քրեաիրավական գնահատական տալը նշանակում է պարզապես կիրառել միջոցներ, որ կարողանաս անձին լրացուցիչ ցավ պատճառել: Երրորդ` ի՞նչն է խանգարում քննությունն իրականացնել առանց ձերբակալության: Երեք դեպքում կարող եք ձերբակալել. անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի, որն այս դեպքում բացակայում է, որովհետեւ այդ կասկածը ծագել էր 2-3 տարի առաջ, ոչ թե հիմա: Երկրորդը` եթե ուզում ես կալանք կիրառել, այսինքն կալանքը, որպես խափանման միջոց, բայց իրականում որպես պատժի միջոց ես կիրառում եւ, վերջապես, երրորդը, եթե անձը խախտել է կիրառված խափանման միջոցի կանոնները, այդ ժամանակ կարող ես ձերբակալել: Այսինքն սա հստակ քաղաքական հետապնդման փորձ է, եւ նոր չի սկսվել: Շատ պարզ մի բան կա. ՀՀ գործող իշխանությունը ցույց է տալիս իր գործընկեր Ադրբեջանի իշխանությանը, թե մենք պայքարելու ենք բոլոր այն անձանց դեմ, որոնք ժամանակին ցավ են պատճառել ձեզ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
