Մեկ ամսում 2 հանրահավաք Իրանում՝ ի զորակցություն Արցախի
27 Փետրվար 2023
Բոլոր նրանք, ովքեր թեկուզ մի փոքր ծանոթ են Իրանի պետական համակարգին և փիլիսոփայությանը, կարող են ենթադրել ինչ է նշանակում մեկ ամսվա ընթացքում ի զորակցություն Արցախի 2 հանրահավաքների անցկացումը Թեհրանում և Նոր Ջուղայում:
Փետրվարի 24-ին Նոր Ջուղայում անցկացված համահավաքի վերաբերյալ միայն ցանկանում եմ ասել, որ իմ խոսքում անդրադարձել եմ 3 հանգամանքի, որոնք կարևոր եմ համարել հնչեցնել.
1. Ոչ պատերազմում պարտությունը, ոչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դատավճիռ չեն: Ներկայացրել եմ համանման պատմական օրինակներ, երբ անգամ ծանր ցնցումներից հետո հասարակությունները ոչ միայն ոտքի են կանգնել, այլև կարողացել են կերտել նոր որակի պետություններ:
2. Ընդգծել եմ այս օրերին ի աջակցություն Արցախի ցանկացած նախաձեռնության կարևորությունը, որովհետև երբ թշնամին ընդլայնում է մեր դեմ պայքարի ճակատները, մեր միակ ելքը մնում է «մեկ ազգ, մեկ պայքար տրամաբանությամբ» շարժվելը:
3. Անդրադարձել եմ նաև թշնամական մեկ այլ թեզի, ըստ որի մենք պայքարի ռեսուրս չունենք և մեր ուժերը սպառված են: Ընդգծել եմ, որ մեր ուժի աղբյուրներից ամենակարևորը մշտապես եղել է գաղափարի շուրջ միասնականությունը և հանուն մեկ նպատակի գործելը: Ուստի կարևորել եմ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման ուղղված քայլերը` այն համարելով մեր ուժի հիմնական աղբյուրներից մեկը: Ընդգծել եմ նաև մեր մենակ չլինելու հանգամանքը:
Նոր Ջուղայում գտնվելու օրերին հանդիպումներ եմ ունեցել Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի, Սպահանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի, թեմական և կրոնական խորհուրդների ատենապետների, համայնքի հինգ միությունների վարչականների, Արցախի համահավաքի կազմակերպման հանձնախմբի անդամների և իհարկե ՀՅԴ Քրիստափոր Կենտրոնական կոմիտեի, Նոր Ջուղայի Երիտասարդական և Պատանեկան միությունների անդամների հետ: Այցելել եմ նաև Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիր, որտեղ ծանօթացել եմ «Նարեկ» Մանկապարտեզ֊նախակրթարանի, «Արմէն» տարրական դպրոցի եւ «Քանանեան֊Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշխատակազմին, գործելաոճին եւ արձանագրած հաջողութիւններին։
Բոլոր հանդիպումների առանցքում եղել են այս օրերին Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին շահագրգիռ և ստեղծված իրավիճակից համատեղ ջանքերով ելքեր գտնելուն ուղղված քննարկումները:
Հ.Գ. Շնորհակալ եմ Նոր Ջուղայի հայ համայնքին չափազանց ջերմ ընդունելության և կատարած աշխատանքի համար:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր
Քրիստինէ Վարդանեանի այցելութիւնները՝ Նոր Ջուղա եղած ժամանակահատւածում

«alikonline.ir» – Հ.Յ.Դ. անդամ եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, ով որպէս բանախօս Ացախին զօրակցութեան հանրահաւաքին մասնակցելու համար եռօրեայ այցով ժամանել էր Նոր Ջուղա, նշւած ժամանակաշրջանում ունեցաւ մի շարք այցելութիւններ եւ հանդիպումներ, որոնց համառօտ անդրադառնում ենք:
Չորեքշաբթի՝ փետրւարի 22-ի առաւօտեան, այցելեց հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցներ. նշւած բոլոր հանդիպումների ընթացքում նա ծանօթացաւ դպրոցների աշխատանքներին եւ հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ հանդիպում ունեցաւ տնօրէնութիւնների հետ:
Նոյն օրը, երեկոյեան այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, որտեղ կազմակերպւել էր հանդիպում մասնակցութեամբ՝ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան, Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնների, Փերիոյ Կրթ. միութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնների եւ իհարկէ վերջինիս միաւորների ու Շահինշահրի մասնաճիւղի վարչութիւնների:
Վերոնշեալ հանդիպման ընթացքում Քրիստինէ Վարդանեանն անդրադարձ ունեցաւ Արցախում եւ Հայաստանում ստեղծւած իրավիճակներին, Սփիւռքի համայնքների տրամադրութեանն ու ապագայ անելիքներին, իսկ աւարտին պատասխանեց ներկաներին յուզող հարցերին: Այս հանդիպմանը հիւրին ընկերակցում էր Արցախին զօրակցութեան յանձնախմբի նախագահ Զօրիկ Յովսէփեանը։
Հինգշաբթի՝ փետրւարի 23-ի առաւօտեան, Ս. «Ամենափրկիչ վանքում հանդիպեց Արցախին զօրակցութեան յանձնախմբի անդամներին, որտեղ նախ տեղեկութիւններ փոխանցւեցին, ապա մտքեր փոխանակւեցին ուրբաթ առաւօտեան կայանալիք հանրահաւաքի ծրագրի շուրջ, այնուհետեւ Թեմական խորհրդի գրասենեակում հանդիպում իրականացւեց ազգային մարմինների ներկայացուցիչների հետ՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ՝ Թեմական խորհրդի ատենապետ եւ փոխ-ատենապետ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վաչիկ Հայրապետեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի:
Այս հանդիպման ընթացքում քննարկումներ ընթացան Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական իրավիճակի շուրջ եւ ազգայինները բացատրութեամբ հանդէս եկան համայնքի տրամադրութեան մասին՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ից սկսեալ: Հանդիպման աւարտին Քրիստինէ Վարդանեանին նւիրւեց «Նոր Ջուղայի պատմութիւն» գիրքը։
Հարկ է նշել, որ Քրիստինէ Վարդանեանը նշւած ժամանակաշրջանում այցելել է նաեւ հայոց ազգ. ծերանոց եւ ազգային առաջնորդարանի թանգարաններ:







