ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Քաշաթաղի միջանցքի արգելափակման ադրբեջանական բազմաշերտ գործողության «Զանգեզուրյան միջանցքի» բաղադրիչը

03 Մարտ 2023

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Բաքվի վարչակարգի բացահայտ ցուցումներով փակել են Հայաստանն ու Արցախը միմյանց կապող և Քաշաթաղի միջանցքով անցնող, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Քաշաթաղի միջանցքի արգելափակումը, ըստ էության, բազմաշերտ հակահայ ծրագիր է, որը բխում է ալիևյան արհեստածին «Զանգեզուրի միջանցք» ծրագրի իրականացման նպատակից։

Մինչև միջանցքի փակումը Ադրբեջանում պաշտոնական և փորձագիտական մակարդակով հետևողականորեն համեմատություններ են անցկացվել՝ Իլհամ Ալիևի ներմուծած «Զանգեզուրի միջանցք» արհեստածին անվանումով Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով հնարավոր ճանապարհի և Քաշաթաղի միջանցքի միջև քաղաքական և քարոզչական ֆոն ստեղծելու նպատակով։

Ի․ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք»* արտահայտությունը, որպես այդպիսին, քաղաքական բառապաշար ներմուծելը1 նախադրյալ է ստեղծում հետագայում Քաշաթաղի միջանցքի հետ համեմատելու համար։ Ուստի կարելի է պնդել, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից որպես «Զանգեզուրի միջանցք» ռազմավարական ծրագիրն ամեն գնով իրագործելու գործիքակազմի կարևոր բաղադրիչ՝ դիտարկվել է նաև Քաշաթաղի միջանցքի իրավական կարգավիճակի շահարկման և կենսական կապուղին արգելափակելու միջոցով հայկական կողմերի վրա ճնշում գործադրելու մեխանիզմը։

*Սույն ակնարկում ադրբեջանական արհեստածին խոսույթի շրջանառմանը չնպաստելու նպատակով մեր մեկնաբանություններում «Զանգեզուրի միջանցք» կեղծ ձևակերպման փոխարեն կիրառվել է «Սյունիքով ճանապարհ» ձևակերպումը։

Նախքան միջանցքի փակումը այդ թեմայի շրջանակներում տեղ գտած ուղերձներն ու հայտարարությունները նպատակ են ունեցել ձևավորելու համապատասխան մթնոլորտ և իրադրություն՝ նպաստելու նաև «բնապահպանական պահանջների» քողի ներքո Քաշաթաղի միջանցքը արգելափակելուն։

Ներկայացնենք միջանցքի փակումից առաջ և հետո ադրբեջանական մեդիա տիրույթում տեղ գտած համապատասխան ուղերձների ու հայտարարությունների որոշ օրինակներ:

Անդրադարձները Քաշաթաղի միջանցքի փակումից առաջ

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն 2021 թ․ նոյեմբերին հայտարարել է. «Եթե Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, մենք պետք է համարժեք քայլեր ձեռնարկենք և փակենք Լաչինի միջանցքը»2: Որպես շարունակություն՝ դեկտեմբերին նշել է․ «Եթե չվերահսկենք Լաչինի միջանցքը, դեռ երկար ժամանակ գլխացավանք կունենանք։ Լաչինի միջանցքի վերահսկումը պետք է տեղի ունենա մինչև կոմունիկացիաների բացումը»3: Այստեղ, թերևս, առանցքայինն այն է, որ փորձագիտական մակարդակով ներկայացվում է Ադրբեջանի հետևյալ մտադրությունը՝ հնարավորինս արագ վերահսկողություն սահմանել Քաշաթաղի միջանցքում՝ վերացնելու բոլոր այն խոչընդոտները, որոնք կարող են սպառնալիք լինել Սյունիքով ճանապարհի բացման և շահագործման համար:

2021 թ․ դեկտեմբերին Ադրբեջանի տրանսպորտային հարցերով փորձագետ Յասին Մուստաֆաևը հայտարարել է. «Լաչինի միջանցքի միջոցով Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով՝ կկարողանանք Զանգեզուրի միջանցքի հարցում հասնել պաշտոնական Երևանի ավելի կառուցողական դիրքորոշմանը։ Եթե Հայաստանը շարունակի Զանգեզուրի միջանցքի մաքսային հսկողության հարցում համառել, ապա Ադրբեջանը պետք է Լաչինի միջանցքը փակի, այնտեղ դիրքավորվի կամ նման այլ մեխանիզմներ կիրառի»4: Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը 2021 թ. տարվա արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Զանգեզուրի և Լաչինի միջանցքների վերահսկման կանոնները պետք է նույնը լինեն: Ներկայում Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի վերահսկողությունն ավելի քան կարևոր է»5: Փորձագիտական տիրույթում առաջադրվում է բոլոր միջոցներով Քաշաթաղի միջանցքը վերահսկելու անհրաժեշտությունը, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանի պահանջած Սյունիքով ճանապարհի՝ հայկական կողմի հնարավոր վերահսկողությունը։

2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յ․ Սթոլթենբերգի և Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսում Ալիևն ընդգծել է. «Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է նույն իրավական ռեժիմն ունենան։ Այսօր Լաչինի միջանցքում մաքսային անցակետ չկա, ուստի այն չպետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի իր դիրքորոշումը ապրանքների և մարդկանց վերահսկողության համար իր մաքսային կառույցներն օգտագործելու հարցում, ապա մենք էլ մաքսային անցակետ կբացենք Լաչինի միջանցքում»6։
Վերոնշյալում Քաշաթաղի միջանցքի և Սյունիքով ճանապարհի վերահսկման պայմանները, դրանց միջև համեմատականները, այդ թեմայով փորձագիտական խոսույթում տարածված կոչերն ու սպառնալիքները պաշտոնական մակարդակով են ձևակերպում ստանում. բացեիբաց ասվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հայկական կողմի որևէ վերահսկողություն իր պահանջած արհեստածին միջանցքում, իսկ այդ հարցը վերացնելու համար Քաշաթաղի միջանցքում ադրբեջանական կողմի անցակետ չունենալու հանգամանքը շահարկելը ընտրվել է որպես մանևրելու ձեռնտու տարբերակ:

2022 թ․ ապրիլին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է. «Զանգեզուրի միջանցքի հարցը ձգձգած Հայաստանը ստիպված կլինի շտապել ցատկելու կառամատույցից հեռացող տրանսպորտային միջանցքում գտնվող գնացքի մեջ։ Հակառակ դեպքում այդպես էլ կմնա մեկուսացման մեջ և լրջորեն կվատթարանա նրա վիճակը՝ կապված Լաչինի միջանցքի հետ»7: Ի․ Ալիևի բրյուսելյան հայտարարությունից հետո ակտիվացան մեր լուսաբանման թեմայի վերաբերյալ պաշտոնական բնույթի կոչերը և ուղերձները:

Արհեստածին միջանցքի ծրագրի իրականացման շուրջ թուրք-ադրբեջանական ջանքերի մեկտեղման պաշտոնական մակարդակով դրսևորումը 2022 թ․ հոկտեմբերին Ստամբուլում թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն է. «Ադրբեջանն արդարացիորեն պահանջում է, որ Լաչինի և Զանգեզուրի միջանցքները ունենան միևնույն կարգավիճակը»8:

Ի շարունակություն վերոնշյալ ուղեգծի՝ 2022 թ․ Ի․ Ալիևը հանդես է եկել հետևյալ հայտարարություններով․

1․ «Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության դրույթների խախտումը տարածաշրջանում ստեղծում է անհավասարակշռություն. արդեն մեկուկես տարի է, ինչ հայերը օգտվում են Լաչինի ճանապարհից և ունեն անարգել հաղորդակցություն, իսկ ադրբեջանցիները չեն կարողանում օգտվել Զանգեզուրի միջանցքից»9:
2․ «Նոյեմբերի 10-ի հռչակագրով մենք պարտավորություն ենք ստանձնել, որ Լաչինի ճանապարհը գործելու է, և Ադրբեջանը երաշխավորում է դրա անվտանգությունը։ Սակայն միևնույն ժամանակ, հնարավորություն չունենք Ադրբեջանից մեկնել Նախիջևան։ Անցել է մեկ տարի ութ ամիս»10:
3․ «Զանգեզուրի միջանցք բացելը Հայաստանի պարտավորությունն է։ Երկու տարի շարունակ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին»11:

Նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանը պաշտոնական մակարդակով ձևավորեց մտացածին «անհավասարակշռության հարթակ»՝ Քաշաթաղի միջանցքի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» միջև հավասարակշռություն ստեղծելու քարոզչական գիծն առաջ տանելու նպատակով:

2022 թ․ նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ընդգծել է. «Եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորություն է ստանձնել ստեղծել անարգել հաղորդակցություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այդ ճանապարհը միայն մարդկանց, բեռներ տեղափոխելու և տրանսպորտի համար է օգտագործվելու, այլ ոչ թե ռազմական նպատակներով, ինչպես Լաչինի միջանցքը: Բացի հաղորդակցության ապահովման տնտեսական և հաղորդակցական նշանակությունից՝ անվիճելի է նրա մարդասիրական նշանակությունը»12: Ադրբեջանն այս հայտարարությամբ նախադրյալներ է ստեղծում Քաշաթաղի միջանցքի իրավական կարգավիճակը թիրախավորելու համար՝ որակելով վերջինիս՝ որպես ռազմական նպատակներով օգտագործվող միջանցք, իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես մարդասիրական նշանակության միջանցք:

Անդրադարձները Քաշաթաղի միջանցքի փակումից հետո

Միջանցքի փակումից հետո՝ 2022 թ․ դեկտեմբերին և 2023 թ․ հունվարին, հնչեցին նոր ուղերձներ և հայտարարություններ՝ ուղղված մինչ այդ սկսված ադրբեջանական սպառնալից հռետորաբանության աստիճանական կենսագործմանը:

Բերձորի միջանցքի փակումից հետո վերջինիս և Սյունիքով ճանապարհի միջև համեմատության հարցում որոշակի փոխակերպում է նկատվում, ինչն ակնհայտ է հետևյալ մեկնաբանություններում, ինչպես, օրինակ՝ Konkret.az կայքէջի վերլուծությամբ՝ «Լաչինի միջանցքը հայերի համար թե՛փակ լինի, թե՛ բաց մնա, Զանգեզուրի միջանցքը կյանքի կկոչվի։ Միջանցքների նույնականացումը ճիշտ չէ: Լաչինի միջանցքի փակումը խաղաղապահների կամայականությունների դադարեցման և Խանքենդիում հնարովի ռեժիմի գոյությանը վերջ դնելու նախազգուշական բնույթ է կրում»13: Իսկ ռազմական վերլուծաբան Ազադ Իսազադեն ընդգծել է. «Զանգեզուրի միջանցքի հարցը, եթե պաշտոնապես գնահատենք, քաղաքական գործընթաց է, իսկ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, քաղաքացիական հասարակության արդարացված ակցիա է։ Եթե էկոակցիան չլիներ, մենք կդադարեցնեի՞նք Զանգեզուրի միջանցքի հարցի քննարկումը: Էկոակցիան պետք է ուշադրություն հրավիրի Զանգեզուրի միջանցքի հարցի վրա։ Այն վաղ, թե ուշ կբացվի, և հայկական կողմը ձգձգելու հիմքեր չունի»14: Վերոնշյալ Konkret.az կայքէջի վերլուծության համաձայն՝ «Զանգեզուր-Լաչին համեմատությունն իսկապես տեղին չէ: Զանգեզուրի միջանցքը անցնում է Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան երթուղով, իսկ Լաչինի ճանապարհը Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ է։ Հստակ բացատրությունն այն է, որ Նախիջևանը և Ղարաբաղի տնտեսական շրջանը Ադրբեջանի բաղկացուցիչ մասերն են»15։ Milli.az կայքէջի վերլուծությամբ՝ «Զանգեզուրի միջանցքը արտատարածքային նախագիծ է։ Անթույլատրելի է նման կարևոր նախագիծը համեմատել Հայաստանի Գորիսի շրջանի կենտրոնը Ադրբեջանի Խանքենդի քաղաքին կապող ճանապարհի հետ։ 2025 թ. Գորիս-Լաչին ճանապարհահատվածն ամբողջությամբ կվերահսկվի պաշտոնական Բաքվի կողմից։ Այդ դեպքում նշյալ ճանապարհը «միջանցք» անվանելն առնվազն անհեթեթություն է»16: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը Սյունիքով ճանապարհ ստանալու հարցում սպառնալիքների նոր փուլ է մտել, որտեղ քարոզչական մակարդակում պահպանվել և առավել ակտիվացել է «միջանցքային տրամաբանության» մեջ Բաքվի կողմից համեմատականներ անցկացնելու և հավասարակշռություն ստեղծելու գործելակերպը: Մյուս կողմից՝ Քաշաթաղի միջանցքի նշանակությունը ստորադասվում է Ադրբեջանի պահանջած միջանցքի կարևորությանը:

Քաշաթաղի միջանցքի փակումից հետո Սյունիքով ճանապարհ ստանալու, ինչպես նաև միջազգային լսարանի ուշադրությունը գրավելու նպատակով ադրբեջանական կողմը փորձում է համեմատության լույսի ներքո ներկայացնել Արցախում և Նախիջևանում տիրող իրավիճակները, բնակչության կենսապայմանները: Ըստ այդմ՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» հաղորդմամբ՝ «Խանքենդիի բնակիչներին Հայաստանի հետ անխոչընդոտ կապուղի է տրամադրվել՝ ի տարբերություն ադրբեջանական էքսկլավի։ Հետևաբար հումանիտար իրավիճակը Նախիջևանում շատ ավելի բարդ է, քան Խանքենդիում։ Պարզապես դրա մասին միջազգային ասպարեզում նախընտրում են լռել։ Եվ սա այն դեպքում, երբ ի տարբերություն Ղարաբաղի, որի բնակիչներին Հայաստանի հետ կապում է միայն բնակչության որոշակի մասի էթնիկ մերձավորությունը, Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է»17: Բացի այդ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ընդգծել է. «Նախիջևանում պետք է հանրահավաք անցկացնել՝ ճանապարհը բացելու պահանջով։ Եվ պետք է աշխարհին տեղեկացնել, որ Նախիջևանը շրջափակման մեջ է։ Մենք չպետք է պարտվենք հայերի հետ քարոզչության մեջ»18: Իսկ փաստաբան Ասաբալի Մուստաֆաևն ասել է. «Հայաստանը Լաչինի միջանցքի հարցով մշտապես դիմում է միջազգային դատարաններ, ինչու՞ մենք էլ Զանգեզուրի միջանցքի հարցով չդիմենք։ Նախիջևանի բնակչությունը տասնամյակներով է ապրում Ղարաբաղի հայերի մի քանի օրվա չափազանցրած դժվարություններով»19։ Ադրբեջանական կողմը վերոգրյալ տեսակետներով ձգտելով բարձրաձայնել Նախիջևանի, այսպես կոչված, «շրջափակման մեջ գտնվելը»՝ անուղղակիորեն խոստովանում է Արցախի շրջափակված լինելու փաստը:

Քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին նշել է. «Ժամանակին, երբ Փաշինյանն առանց կռվի հանձնեց Քելբաջարը, Լաչինը, Աղդամը, ասացին, որ դա հայկական 30 հազարանոց զորքը դուրս բերելու համար է արվում: Հիմա նրանք կբացեն Զանգեզուրի միջանցքը և կասեն, որ դա անհրաժեշտ է Լաչինի միջանցքի բացման համար։ Վերջին շրջանում ի հայտ եկած անալոգիայի համաձայն՝ եթե չլինի Զանգեզուրի միջանցք, երկաթուղային և մայրուղային ճանապարհ, ապա չի գործի նաև Լաչինի ճանապարհը»20:

Բացի այդ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արզու Նագիևը հայտարարել է. «Հայաստանը կրկին փորձում է շահարկել իրադարձությունները. նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անկախ նրանից, դուր է գալիս, թե ոչ, Հայաստանը կբացի Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանի համար «Լաչինի միջանցք» հասկացություն գոյություն չունի։ Սա Ադրբեջանի տարածքն է։ Նախկինում գոյություն ունեցող միջանցքի փոխարեն այլընտրանքային ճանապարհ է կառուցվել, և հայերն այն օգտագործում են։ Վերջին 25 օրերին ադրբեջանցի էկո-ակտիվիստներն ակցիաներ են անցկացնում այդ ճանապարհին, ինչը խոչընդոտել է այդ ճանապարհով խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք զենք տեղափոխելուն, ինչպես նաև անօրինական գործունեության իրականացմանը: Լաչինի ճանապարհին էկոակտիվիստների ակցիան լուրջ հարված հասցրեց անջատողականներին և Հայաստանի կառավարությանը»21։ Ի շարունակություն՝ Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը դեկտեմբերին հայտարարել է. «Երկու տարվա ընթացքում Լաչինի ճանապարհը ազատ գործել է։ Բայց Ադրբեջանը մատնանշեց, որ այն նպատակային չեն օգտագործում․ 2021 թ. ականներ և այլ սպառազինություն են տեղափոխել այդ տարածքներով։ Ուստի նման խնդիրները բացառելու համար պետք է փակել ապօրինի օգտագործվող հանքը և Լաչինի ճանապարհի վերահսկողությունը հանձնել Ադրբեջանին»22։ Այս ուղերձները Քաշաթաղի միջանցքը վերահսկելու, վերջինիս իրավական կարգավիճակը հարցականի տակ դնելու, ինչպես նաև Արցախը հայաթափելու քաղաքականության շարունակությունն են:

Այնուհետև հունվար ամսին վերոնշյալ Ֆարհադ Մամեդովը հայտարարել է. «Ռուսաստանը դեռ կարող է լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը, սակայն չի կարող փոխել իրականությունը Լաչինի ճանապարհին․ պետք է հաշվի առնել, որ բնապահպանները Լաչինի ճանապարհին են: Եթե Մոսկվային չհաջողվի ստիպել Հայաստանին գնալու ապաշրջափակման, ապա Մոսկվան ստիպված կլինի կիսել վերահսկողությունը Լաչինի ճանապարհին։ Լաչինի ճանապարհի էկոակցիան նաև հասցեատեր ունի՝ ի դեմս Ռուսաստանի, որի «Վարդանյան նախագիծը» չի հաջողվելու։ Լուծումների բացակայության դեպքում Ադրբեջանն ինքնուրույն կվերահսկի Լաչինի միջանցքի ելումուտը»23։ Իսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Իրավիճակի զարգացման տրամաբանությունը հուշում է, որ էկոլոգիական առաքելության առկայությանը զուգահեռ պետք է մաքսակետեր տեղադրել ադրբեջանա-հայկական սահմանին։ Լաչինի ճանապարհը գործում է, և նրանով իրականացվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ադրբեջանը ոչ մի կերպ չի խախտում վեցերորդ կետը։ Ռուսական խաղաղապահ զորքերն ապահովում են երթևեկության անվտանգությունը, բայց ճանապարհը Ադրբեջանն է վերահսկում։ Այնպես որ, ռուս խաղաղապահները պետք է պատասխանատվություն կրեն անվտանգության համար այնպես, ինչպես պետք է անեն Զանգեզուրի միջանցքում»24: Այս նույն համատեքստում «Ադրբեջանի ազգային անկախություն» կուսակցության առաջնորդ Արզուխան Ալիզադեն հայտարարել է. «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի։ Եթե այն չբացվի, ապա Լաչինի ներկայիս ճանապարհը (միջանցքը) պետք է փակ լինի։ Կարծում եմ՝ պաշտոնական Բաքուն կարող է քայլեր ձեռնարկել պահվող մարդասիրական միջանցքը փակելու ուղղությամբ։ Եթե անգամ Զանգեզուրի միջանցքը չբացվի բանակցությունների միջոցով, մենք դրան կհասնենք այլ միջոցներով»25։ Եթե այս բոլոր ուղերձներից, հայտարարություններից զատ, ուշադրություն դարձնենք նաև, այսպես կոչված, «բնապահպանների» հնչեցրած կարգախոսներին, ապա կնկատենք, որ դրանցից ոչ մեկը Քաշաթաղի միջանցքը բացելու համար պայմաններ չի առաջադրում, առհասարակ, ակնարկ չկա այն բացելու վերաբերյալ, այսինքն՝ Բաքուն չի թաքցնում, որ մտադիր չէ բացել Քաշաթաղի միջանցքը և հրաժարվել այնտեղ վերահսկողություն հաստատելուց:

Հերթական համեմատությունը հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Քյամալ Ջաֆարովի հայտարարությունն է. «Լաչինի ճանապարհը բաց է, վերջին երկու ամսում այնտեղով անցել է ավելի քան հազար ավտոմեքենա…: Հայաստանը չի կատարում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իր պարտավորությունները և տված խոստումները»26։

Ամփոփելով ադրբեջանական պաշտոնական ու փորձագիտական շրջանակների հայտարարությունները և կարծիքները՝ կարելի է եզրակացնել, որ Քաշաթաղի միջանցքի փակումը տեղակայվում է ադրբեջանական մեդիա հարթակներում տարածված «Եթե չկա Զանգեզուրի միջանցք, չի լինի նաև Լաչինը» կարգախոսի ներքո։ Այս մտքից բխում են հետևյալները։

Նախքան Քաշաթաղի միջանցքի փակումը հնչել են վերջինս փակելու սպառնալից հայտարարություններ և ուղերձներ։ Փորձ է արվել Քաշաթաղի միջանցքի և Սյունիքով ճանապարհի միջև հավասարության նշան դնելով՝ նպաստել վերջինիս բացմանը։

Ադրբեջանը, Քաշաթաղի միջանցքը արգելափակելով, ձգտում է Հայաստանին ներքաշել Սյունիքի ճանապարհի հարցով բանակցային գործընթացի մեջ, ճանապարհ հարթել՝ քանիցս հիշատակած նույն կարգավիճակով և իրավական կանոններով վերահսկվող արհեստածին միջանցքի գաղափարն իրագործելու համար։

Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի և Սյունիքով ճանապարհի հարցերը միևնույն հարթության վրա դնելու քաղաքականության մեջ չպետք է բացառել նաև մարդկանց զգացական բաղադրիչը, այսինքն՝ Հայաստանի և Արցախի համար Քաշաթաղի միջանցքի կենսական նշանակությունը համեմատել արհեստածին միջանցքի բացման կենսական նշանակության հետ:

Էկոակցիա իրականացնելու միջոցով առավել կարևորել Սյունիքով ճանապարհի հարցի քննարկումը՝ այն հասցնելով միջազգային լսարանին, Հայաստան-Արցախ և Ադրբեջան-Նախիջևան հավասարեցման խորապատկերին, տնտեսական, ռազմավարական շահերից զատ, առաջ մղել «Ադրբեջանը տրամադրում է մարդասիրական միջանցք, իսկ Հայաստանը՝ ոչ» ձևակերպումը՝ իր բաղադրիչներով։
Կարելի է նաև ընդգծել, որ Քաշաթաղի միջանցքի փակումից հետո առաջադրվեց այն Սյունիքով ճանապարհին ստորադասելու հռետորաբանությունը։ Այդ համատեքստում Սյունիքում միջանցքային կարգավիճակով ճանապարհի բացման հարցն էլ ավելի է սրվում՝ ներառելով ավելի կոշտ ուղեգծեր։

Հարկ է նշել, որ Քաշաթաղի միջանցքի փակումից հետո Ի․ Ալիևի ելույթներում այս թեմայի ակտիվացում է նկատվում, սակայն, ի տարբերություն միջանցքի փակումից առաջ ընկած ժամանակահատվածի, այժմ ուղիղ զուգահեռներ չեն տարվում Քաշաթաղի միջանցքի և Սյունիքով ճանապարհի միջև:

____________________________

Հղումներ

Բոլորի համար վերջին մուտք՝ 28.01.2023

1. http://interfax.az/view/884352։
2. https://report.az/ru/karabakh/politolog-esli-ne-budet-otkryt-zangezurskij-koridor-my-dolzhny-zakryt-lachynskij/։
3. https://report.az/ru/karabakh/politolog-lachinskij-koridor-dostavit-eshe-mnogo-golovnyh-bolej-esli-ne-budet-vzyat-pod-kontrol/։
4. https://report.az/ru/infrastruktura/ekspert-azerbajdzhan-dolzhen-usilit-davlenie-na-armeniyu-cherez-lachinskij-koridor/։
5. https://report.az/xarici-siyaset/ferid-sefiyev-zengezur-ve-lacin-dehlizlerinde-tetbiq-olunacaq-qaydalar-eyni-olmalidir/։
6. https://report.az/xarici-siyaset/azerbaycan-prezidentile-nato-nun-bas-katibinin-birge-metbuat-konfransi-olub/։
7. https://report.az/ru/karabakh/musabekov-armeniya-dolzhna-potoropitsya-chtoby-uspet-zaprygnut-v-othodyashij-poezd/։
8. https://report.az/xarici-siyaset/cavusoglu-cenubi-qafqazdaki-sulh-muzakireleri-suretlenerek-davam-etmelidir/։
9. https://report.az/ru/vneshnyaya-politika/nachalsya-ix-globalnyj-bakinskij-forum/։
10. https://report.az/daxili-siyaset/prezidenti-ilham-eliyevin-sedrliyi-ile-bu-ilin-alti-ayinin-yekunlarina-hesr-olunan-musavire-kecirilib/։
11. https://report.az/ru/vnutrennyaya-politika/azerbajdzhanskij-lider-zangezurskij-koridor-obyazatelstvo-armenii/։
12. https://report.az/xarici-siyaset/xin-pasinyanin-zengezur-dehlizi-ile-bagli-esassiz-iddialarina-cavab-verib/։
13. https://konkret.az/lacin-yolunun-baglanmasi-zengezur-dehlizinin-acilmasidir-serh/։
14. https://teleqraf.com/news/qarabagh/352444.html։
15. https://konkret.az/kremlin-zengezur-lacin-niyyeti-turkiye-faktorunu-da-unutmaq-olmaz-serh/։
16. https://news.milli.az/politics/1098345.html։
17. https://az.sputniknews.ru/amp/20221214/pozitsiya-zapada-po-situatsii-na-lachinskoy-doroge—ocherednaya-demonstratsiya-dvoynykh-standartov-449629345.html։
18. https://apa.az/ru/vneshnyaya-politika/deputat-armyanam-nado-dat-adekvatnyi-otvet-v-naxcyvane-neobxodimo-provesti-miting-s-trebovaniem-otkryt-dorogu-505447։
19. https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02sF2jQHocmHbUj9ixHvSRttWPGyDNLEYjTCbNcoA3siAW62K7AFRVoUXxESdHV3Q7l&id=100000047800578&mibextid=Nif5oz։
20. https://publika.az/news/sosial/426357.html։
21. https://sputnik.az/20230105/bir-beyanatin-izi-ile—pasinyan-ne-isteyir-450349370.html։
22. https://www.rbc.ru/politics/27/12/2022/63ab057d9a794751b871740f
23. https://caliber.az/post/135308/։
24. https://report.az/xarici-siyaset/elmar-memmedyarov-ekoloqlarin-aksiyasi-artiq-mueyyen-netice-verib/։
25. https://www.dia.az/8/363848-zengezur-dehlizi-azerbaycan-oz-movqeyinden-geri-chekilmeyecek.html։
26. https://apa.az/ru/vneshnyaya-politika/azerbaidzanskii-deputat-otvetil-v-pase-na-obvineniya-po-povodu-lacinskoi-dorogi-508415։

Կարինե Մկրտչյան
Իրանագետ

«Դրօշակ» թիվ 2, 2023թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company